58-ամյա Սաթենիկ Սարգսյանն արդեն 20-րդ տարին է`ամեն գիշեր գլուխը բարձին է դնում կորած որդու կենդանի պատկերը սրտում:
22-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը նոր էր ավարտել ինստիտուտը, երբ նրան բանակ զորակոչեցին:
Տիկին Սաթենիկի մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ որդուն վերջին անգամ է տեսնում:
«1995 թիվն էր: 4 ամիս ծառայելուց հետո անհայտ կորել է: Ես մի փոքր ուշ իմացա: Նոր տարի էր, ուտելիք էի պատրաստել: Հրաչի ընկերը իր բարեկամին տեսնելու պիտի գնար, նույն զորամասում էին ծառայում, ուտելիքը հետը ուղարկեցի: Այդ տղան եկավ, ասաց, որ Հրաչը անհայտ կորել է»,- որդու` անհայտ կորչելու մասին Aravot.am-ին է պատմում վանաձորցի կինը:
Կարդացեք նաև
Նա հիշում է, որ զորամասից անգամ չէին էլ տեղեկացրել եղածի մասին:
Տիկին Սաթենիկը որդուն գտնելու հույսով բազմիցս է դիմել պատկան մարմիններին:
«Ասում են` մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, Հրաչին գտնել չեն կարող: 19 տարի անցել է, Ղարաբաղի հարցը չի լուծվել, հույս էլ չկա: Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մեկի տանն է, եթե բանտում լիներ, կիմանայիք: Անհույս սպասում եմ որդուս»,-ասում է վանաձորցի կինը:
Այս անգամ նա հույսը սրտում ամուսնու հետ եկել էր Վանաձորի տարածքային զինվորական կոմիսարիատ` հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար, գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ Վանաձոր այցելած հանձնաժողովի անդամների հետ:
«Բացի որոնողական աշխատանքներից, տեղեկությունների ճշգրտումից նպատակ ունենք այս մարդկանց ուշադրության կենտրոնում պահել` ի նշան հարգանքի, այն ամենի, ինչի միջով այս մարդիկ անցել են: Կլսենք բոլորին, կփորձենք բոլորի խնդիրներին աջակցել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը:
Նա նկատեց, որ քանի դեռ հնարավոր չէ Ադրբեջանի հետ աշխատել անհայտ կորածների հարցերով եւ հասնել կոնկրետ արդյունքների` փորձում են հնարավորինս օգնել, օժանդակել, ուշադրության տակ պահել անհայտ կորածների հարազատներին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ