Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀ-ում Իրանի դեսպանի, Սեյրան Օհանյանն ապատեղեկատվությո՞ւն է տարածել

Հուլիս 18,2014 12:02

«Մենք վստահ ենք, որ Հայաստան-Նախիջեւան-Իրան սահմանային հատվածում որեւէ իրադարձություն տեղի չի ունենա: Նախիջեւանում թուրքական ստորաբաժանման գոյությանը`վստահ չեմ, որ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Առաջին անգամ են դրա մասին լսում»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Պարոն դեսպանը հյուրընկալվել էր ՄԱԱ-ի կողմից իրականացվող «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Նախիջեւանի ուղղությամբ վերջերս տեղի ունեցած լարվածության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր հայտարարել, որ այնտեղ նաեւ թուրքական ուժեր կան:

Իսկ ի՞նչ մոտեցումներ ունի իրանական կողմը`ղարաբաղադրբեջանական շփման գոտում հնարավոր խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, մասնավորաբար, ռուսական: Հիշեցնենք, ՌԴ-ն միշտ էլ նման նկրտումներ դրսեւորել է: Ռուսական քաղաքագիտական շրջանակներում, վերջին շրջանում կրկին ակտիվացան նման խոսակցությունները: «Դա կախված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Մինսկի խմբի որոշումից: Մինսկի խումբն աշխատում է եւ ինչ-որ արդյունքի պետք է հասնի: Մինսկի խումբն աշխատում է, որպեսզի խնդիրը խաղաղ լուծում ստանա»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ինքը շատ թույլ է համարում. «Մինսկի խումբը չի ցանկանում, որպեսզի ռազմական ճանապարհով հարցը լուծում ստանա, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը նրան է տվել հարցի կարգավորման մանդատը»:

«ԻԻՀ-ն դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժերի տեղակայման: Ես վստահեցնում եմ, որ օտար ուժերի տեղակայումը կվտանգի ամբողջ տարածաշրջանը: Դրա օրինակը տեսել ենք թե Իրաքում, թե Աֆղանստանում: Իմ կարծիքով չպետք է թույլ տալ, որ օտար երկրները գան միջամտեն եւ խառնվեն այս հարցին»,- ասաց նա:

Պատասխանելով ղարաբաղաադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններում վերջին շրջանում առկա լարվածությանը վերաբերվող լրագրողների հարցերին, պարոն դեսպանն ասաց, որ իր երկրում դեմ են ցանկացած բռնության եւ ծայրահեղականության, իրենք բանակցային խաղաղ միջոցով հարցերի լուծման կողմնակից են. «Համոզված ենք, որ բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով պիտի լուծվեն եւ եթե կա խաղաղ բանակցություն`ինչո՞ւ պետք է ձեռք մեկնել զենքին: Մենք ցանկություն չունենք, որ տարածաշրջանում անկայունություն լինի»: Դեսպանը հիշեցրեց, որ Իրանի կառավարությունը քանիցս պատրաստակամություն է հայտնել`հարցի խաղաղ կարգավորման գործում իր լուման ներդնելու համար`պատասխանելով հարցին`ի՞նչ դերակատարում կարող է ստանձնել Իրանն այս հարցում:

Ի դեպ, դեսպանը նաեւ հավաստիացրեց, որ Իրանի ազերիախոս քաղաքացիները որեւէ վտանգ Հայաստանի համար չեն ներկայացնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031