ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարևորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը: Այս համատեքստում շրջայցի ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը քաղաքաշինության նախարարին է ներկայացրել քաղաքի մի շարք կառուցապատման առաջարկներ:
Կարդացեք նաև
Տեղում խնդիրներին ծանոթանալուց հետո Դիլիջանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարարը ներկայացրել է այն հիմնական սկզբունքները և չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել կառուցապատման խնդիրներին լուծում տալու ընթացքում:
Նախարարը նշել է, որ արդեն իսկ քաղաքաշինության նախարարությունում հանրապետության մի շարք քաղաքների համար մշակվում են նշված չափորոշիչները:
Քաղաքաշինության նախարարը այցելել է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին փուլի ավարտական շինարարություն, Դիլիջանում կառուցվելիք նոր եկեղեցու հնարավոր հողահատկացման տարածք, Կենտրոնական բանկի հարակից, ինչպես նաև` բնակելի սեկտորի համար նախատեսվող տարածքներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ