Մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրեւ «Ձի Վարդան»։ Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու «վերեւների» ջանքերը հանգուցյալի մտերիմներին ու հարազատներին այնքան են վրդովվեցրել, որ նրանք իրենց զայրույթը թաքցնել չէին կարողանում։
Երեկ խմբագրություն այցելած սեւազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի եւ այլ մարտարվեստների չեմպիոններ են եւ այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում։ Նրանց «կռիշան» դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Գեւորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը եւ հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է։
Ողբերգությամբ ավարտված դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, Նոր Նորքի թիվ 114 մանկապարտեզի բակում։ Շնորհիվ համատիրության ղեկավարի քրոջ՝ տիկին Մարիետայի, հենց այս մանկապարտեզում՝ 20 քառակուսի մետր տարածքում է արդեն քանի տարի ապաստան գտել ազատամարտիկի 6 անդամից բաղկացած ընտանիքը։ Երեխաներից մեկն էլ ի ծնե հաշմանդամ է։ Չարաբաստիկ այդ օրը հանգուցյալն ընթրել է քույրերի տանը եւ տուն վերադառնալիս որոշել է մի փոքր լիցքաթափվել իրենց բակին հարակից զրուցարանում, որը շնորհիվ համատիրության ղեկավարի քույրիկի էր կառուցվել, եւ որտեղ իրենց ազատ ժամանակն էին սպանում բակի տղամարդիկ՝ նարդի, շախմատ ու այլ խաղեր խաղում։ Զրուցարանում թաղի տղամարդկանցից ոմն Բաբկեն, որին այս ընտանիքը միայն դեմքով է ճանաչել, ընկերոջ հետ շախմատ խաղալիս է եղել ու մի փոքր վիճաբանել է խաղի շրջանակներում։ Վարդանը հետեւել է ընկերների «կռվին» ու կատակով միջամտել. «Երկու ապարանցիները չեն կարողանում կռվել», Բաբկենը շուռ է եկել ու Վարդանին. «թուրքերը կարողանում են»։ Վերջինը ճշտել է՝ ի՞նչ նկատի ունի։ «Քեզ, դու թուրք ես»,- հրահրել է Բաբկենը։ Վարդանը կարգի է հրավիրել նրան ու, զայրանալով, խառնել է շախմատի խաղաքարերը. «Վերջ, էլ չեք խաղում, դուրս եկեք»։ Բաբկենը վերցրել է խաղատախտակն ու հարձակվել Վարդանի վրա:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում