Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ադրբեջանցիները մտել Քարվաճառ

Հուլիս 18,2014 14:47

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ հրապարակախոս, նախկին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

Արամ Աբրահամյան.- Մոտ 10 օր առաջ Ադրբեջանի զինված քաղաքացիները ներխուժել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի շրջան եւ կատարել հանցագործություններ: Այս անգամ որոշել եմ սկսել օգտատերերի հարցերից: Հովիկ Աֆյանը հարցնում է՝ եթե ադրբեջանցիները ձերբակալվել են արդեն հայկական վերահսկողության գոտում, ոչ թե մեր տարածքներ ներթափանցելիս, ուրեմն կարելի՞ է ասել, որ հայկական կողմին չի հաջողվել կանխել ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման փորձը:

Լարիսա Ալավերդյան.- Իհարկե, չի հաջողվել: Եթե դա տեղի ունենար հենց սահմանի վրա, մենք կասեինք, որ ամեն ինչ կատարվել է, եւ որ այդ ժամանակ սահմանի հատում տեղի չի ունեցել: Այդ դեպքում հնարավոր է, որ չունենայինք զոհ, զոհեր: Ի վերջո՝ պետք է հստակեցնենք, որ, անշուշտ, մեր ամենախոցելի կողմերից մեկը մեր սահմանն է, նրա պաշտպանվածությունը եւ այդ առումով՝ տարածքի անվտանգությունը եւ տարածքում բնակվող անձանց անվտանգությունը:

Ա. Ա.– Քանի որ բառիս բուն իմաստով՝ այնտեղ կռված մարդկանցից եք, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում սահմանը, որտեղի՞ց նրանք կարող են ներթափանցել, եւ արդյոք հնարավո՞ր չէ դա անել հենց Հայաստանից:

Սարգիս Հացպանյան.- Այդ շրջանը Քարվաճառից հյուսիս ընկնող հատվածն է, հյուսիս-արեւելք Մռավի սարերն են՝ Օմարի լեռնանցք կոչված հատվածը, որտեղից հնարավոր չէ ներթափանցել, աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս: Բոլոր անցումային ուղիները մոտավորապես 3-ն են՝ բոլոր բարձունքները հայկական ուժերի վերահսկողության տակ են, որտեղ մարդը կարող է քայլելով գնալ, սողոսկելով եւ այլն: Մնացած կետերը անմատչելի են՝ սար ու ձոր, որ հնարավոր չէ ժամեր շարունակ բարձրանալ, ժամեր շարունակ իջնել, խումբ-խումբ չես կարող լինել, 1-2 կարող է լինել: Եթե այդտեղ հատել են, խնդիրն այն է՝ ոնց են հատել: Բայց կարող էին մտնել Հայաստանի Հանրապետության կողմից՝ Վարդենիսից մինչեւ Բերդ ընկած տարածքից:

Ա. Ա.- Ադրբեջանցիները կարող են մտնել Վարդենիս Ադրբեջան-Հայաստանի Հանրապետություն սահմանո՞վ:

Ս. Հ.- Այո, սահման կա, բայց այդ սահմանը, ինչպես ասում են, «անունը կա, ամանումը չկա»:

Լ. Ա.– Իրապես լավ կլիներ, որ նախաքննությունը կամ քննությունը պարզեր՝ որտեղից են մուտք գործել, որովհետեւ այստեղ նոր իրավիճակ կստեղծվի իրավական առումով, եթե նրանք սկզբում հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը:

Ս. Հ.– Ասեմ, որ վերջին 8,5-9 ամսվա մեջ մի քանի անգամ Մարտակերտի շրջան դեպի Շահումյան, ոչ այս Քարվաճառի շրջան, Աղդամի կողմից, նմանատիպ ներթափանցումների փորձի մասին մի քիչ ավելի տեղեկացած եմ, քան հասարակությունը, որովհետեւ գործող զինվորականների մեջ մտերիմ ընկերներ ունեմ: Աննկատ մտել են, երեւի հակահետախուզական խմբակներ են, բայց փոքրաթիվ՝ 2-3 հոգուց բաղկացած կամ առավելագույնը՝ 4, երբ մեկը մի կետում կանգնում է, մնացածը առաջանում են մի 5-6 կմ, իրենց ընկերոջ հետ կապի մեջ են լինում: Դա իրենց կերած բաներից է հայտնվում, որտեղ ինչ որ կերել են, մնացել են, քնել են, այդ բաները գտնվում են մեր հակահետախուզական վաշտերի զինվորների կողմից: Դա զինվորական տարածք է, քանի որ մերոնք չեն այդ բանը արել, ուրեմն իրենք են, չի կարող այդտեղ թարմ ուտելիքի մնացորդ, ծխախոտ լինել եւ այլն, այդպիսի վիճակ վերջին մի քանի տարիներին պատահել է:

Քննարկումն ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031