Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինասի նկարը ծնվում էր զուսպ, նյարդային պայքարում»

Հուլիս 18,2014 13:45

Հայ գեղանկարչության մեծահռչակ դեմքերից մեկը՝ Մինաս Ավետիսյանը, հուլիսի 20-ին կբոլորեր 86-ամյակը: Այդ առիթով Մինասի երիտասարդական տարիների լավագույն ընկերներից մեկը՝ անվանի քանդակագործ Արարատ Հովսեփյանը (լուսանկարում), որոշեց «կիսվել» իր թանկ հուշերով: Նրանք միասին են սովորել Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապրել հանրակացարանի նույն սենյակում:

A.Hovsepyan

 

-Երկար տարիներ ընկերություն եք արել Մինաս Ավետիսյանի հետ: Ինչպիսի՞ արվեստագետ եւ մարդ էր նա, ո՞րն էր նրա արվեստի շարժիչ ուժը:

-Մինասը բնության կողմից օժտված էր հախուռն խառնվածքով եւ մեծ կուլտուրայով, ազնիվ էր ու անաչառ: Նրա անձը կերտված էր ներքին եւ արտաքին ներդաշնակությամբ, բարի էր ու վեհ: Նույնքան ազնիվ ու բարի աշխարհ կար Մինասի արվեստում, որը հասնում էր հեքիաթային պայմանականության եւ հեքիաթի բարության: Այստեղ թե՛ գործող անձինք եւ թե՛ իր բնությունը ինչքան երկրային էին, այնքան էլ երկնային: Մինասը սիրում էր նաեւ պատմություններ պատմել, որոնք նման էին նովելների՝ դրանք կլինեին հորից կամ գյուղի մեծերից լսածները, թե իր հուշերը: Անընդհատ կարելի էր լսել: Պատմում էր, թե ինչպես արծաթավուն երանգավորումն իր նկարներում փոխվեց կարմիրի:

Մինասը սիրում էր Լենինգրադը (սովորում էր Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում), բայց անհամբեր սպասում էր ամառային արձակուրդին, որ հիմնականում անցկացնում էր հայրենի գյուղում՝ Ջաջուռում, մի մասն էլ՝ Երեւանում: Վերադառնում էր Լենինգրադ արձակուրդի օրերին կատարած բազմաթիվ էտյուդներով, որոնց մեծ մասում պատկերել էր Հայաստանի արեւոտ ու տաք բնությունը: «Աշնանը սկսվում էր լենինգրադյան գորշ, խոնավ եւ ցուրտ եղանակը,- պատմում էր Մինասը,- հանրակացարանում նստած՝ նայում էի Հայաստանում կատարած էտյուդներիս, եւ նրանք դառնում էին ինձ համար հեքիաթներ, որոնք ամբողջովին արեւով եւ սիրով էին լցված: Նկարում էի այդ հեքիաթները, նկարում էի ավելի տաք գույներով, որ ջերմացնեին ինձ, որ ջերմացնեին հանրակացարանի այն ցուրտ եւ գորշ սենյակը: Հայաստանը, իրոք, հեքիաթ էր: Լենինգրադյան ուսման տարիներին ես ավելի շա՜տ տեսա Հայաստանը, քան մինչ այդ»: Մինասը՝ որպես գեղանկարիչ, ճանաչվեց Լենինգրադում, դեռեւս ուսանողական տարիներին եւ հատկապես նշանավոր գիտնականների շրջանում, այդ թվում՝ ակադեմիկոսներ Գրոսի, Թախտաջյանի եւ այլոց կողմից: Իսկ Երեւանում դժվար էր հասնել ճանաչման:

-Մինաս Ավետիսյանին իր երիտասարդության տարիներին բարձր է գնահատել Մարտիրոս Սարյանը: Կհիշե՞ք այդ պատմությունը, թե ինչպես հանդիպեցին այդ երկու հսկաները:

-Մինասը պատմում էր. «Իմ նկարիչ լինելը պարզելու համար հրավիրեցին վարպետին՝ Մարտիրոս Սարյանին: Նա պետք է նայեր աշխատանքներս եւ ասեր իր հեղինակավոր խոսքը, թե արդյոք Մինասը նկարի՞չ է, նրա նկարչությունը ճշմարի՞տ է, թե՞ ոչ: Բարեկամության վրա մի սենյակ էի վարձել: Նեղլիկ աստիճաններով վարպետին բարձրացրին վերեւ՝ երկրորդ հարկ: Քանի որ սենյակը փոքր էր, հյուրերի մի մասը սպասեց դրսում: Վարպետը պառկեց թախտի վրա եւ մի փոքր հանգստանալուց հետո ասաց՝ բեր ակադեմիայում կատարած աշխատանքներդ: Հերթականությամբ ցույց էի տալիս աշխատանքներս: Վերջացնելուց հետո նա նորից մի քիչ պառկեց թախտին, աչքերը փակեց: Երեւի հոգնել էր: Քիչ անց վեր կացավ եւ ասաց՝ ապրե՛ս, դու իրավունք ունես այդպես նկարելու»…

– Խորհրդային իշխանության տարիներին արվեստի բոլոր ճյուղերին «պարտադրվում էր» սոցիալական ռեալիզմը: Երբ զրուցում էիք կերպարվեստի շուրջ, ինչպիսի՞ն էր նրա վերաբերմունքը ռեալիզմին՝ որպես ստեղծագործական մեթոդ:

-Երբ խոսվում էր ռեալիզմի մասին, Մինասն ասում էր, թե «ռեալիզմ» հասկացությունը նեղ սահմանափակում չէ, այն չպետք է հանդուրժի գորշությունը արվեստում, չպետք է հանդուրժի նատուրալի՛զմը արվեստում: Ռեալիզմն ամենից առաջ անհատականությունների դրսեւորում է՝ պայմանավորված գույների եւ ձեւերի համերաշխությամբ: Այն արդյունք է մեծ մտածելակերպի եւ ներքին մեծ կուլտուրայի: Դա նկարիչն ինքն է՝ իր հուզական աշխարհով:

-Յուրաքանչյուր արվեստագետ ունի իրեն հատուկ արարման պրոցես: Կարծում եմ՝ Մինասի վառ ու հրեղեն կարմիր գույները ծնունդ են լարված ու բուռն պայքարի:

-Այո՛, Մինասի մոտ հեշտ չէր ստացվում նկարը. այն ծնվում էր հենց աշխատանքի պրոցեսում, զուսպ, նյարդային պայքարում: Մինասի բոլոր նկարները նույն կտավի վրա ունեցել են իրենց անհաշիվ տարբերակները: Դրանք բոլորն էլ իրենց որակով եղել են համազոր եւ վերջնական: Ավարտուն նկարը նա նորից դնում էր նկարակալի վրա, եւ չանցած մեկ ժամ՝ այն արդեն դառնում էր ուրիշ տարբերակ: Մինասը չէր գոհանում իրենից, բայց վստահ էր իր ուժերի վրա, համարձակ էր ու վճռական: Ինքն իր հանդեպ շատ պահանջկոտ էր: Ասում էր՝ նկարը կառուցվում է քանդելով, քանդել այնքան, մինչեւ կառուցվի…Հանձնելով իր զգացմունքներն ու կիրքը կտավին՝ նա ավելի էր վեհանում ու ազնվանում: Մինասն ասում էր՝ նկարելը աստվածային է, դա նկարչին մոտեցնում է Աստծուն…

Հարցազրույցը վարեց
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031