Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հնչյունային
ռեժիսոր Գարի Կունցեւի այրու հիշողությունները
Հանրահայտ հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր, դրամատուրգ Գարի Կունցեւը Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ», «Խոստովանություն» ֆիլմերի հնչյունային ռեժիսորն է: Նրա անունը կապվում է Փարաջանովի անվան հետ ոչ միայն ֆիլմերի առումով. Կունցեւը ընտանիքով Փարաջանովի հետ մտերիմ է եղել:
Օրերս Կունցեւի «Կար-չկար՝ մի Փարաջանով» հուշապատում-վիպակի հայերեն թարգմանության առիթով (գիրքը կազմել եւ հրատարակել է Արայիկ Մանուկյանը) Հայաստան էր ժամանել նրա այրին՝ Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին (լուսանկարում): «Առավոտի» հետ զրույցում տիկինը որոշ մանրամասներ հաղորդեց անվանի հայորդու մասին:
«Արայիկ Մանուկյանի շնորհիվ շատերը հայերենով ծանոթացան ամուսնուս վիպակին, որտեղ Գարին գրում է, թե իրականում ինչպիսին է եղել բատոնո Սերգոն: Չէ՞ որ վերջին ֆիլմերը նրանք միասին են արել: Արայիկին փոխանցել եմ որդուս՝ Վախթանգի նկարած ֆիլմը, որը ոչ թե իր հոր՝ Կունցեւի, այլ ձայնային ռեժիսորի մասին է, որը 53 ֆիլմ է ձայնավորել, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ հանդիպել եմ Գարի Կունցեւի հետ: Նա էլ տաղանդավոր մարդ էր: Երջանիկ եմ, որ Գարիի հետ հանդիպեցինք Սերգեյ Փարաջանովին, մեր երեխաները՝ Նինոն եւ Վախթանգը, մեծացան այդ մթնոլորտում: Երբ որդիս դպրոցն ավարտեց, մենք առաջարկում էինք պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվել, քանի որ ինքս այնտեղ էի աշխատում: Որդիս զարմացավ, ասաց՝ մայրիկ, ինչպե՞ս կարող եմ ընդունվել պոլիտեխնիկ, երբ մեծացել եմ կինոմթնոլորտում»,-պատմում է տիկին Մանանան: Նա հիշում է, որ Փարաջանովի հետ ամեն հանդիպումը իր ընտանիքի համար տոն էր, Փարաջանովը հաճախ է մեքենա տրամադրել, որ ինքը երեխաների հետ լինի բոլոր այն գեղեցիկ վայրերում, որտեղ իր ֆիլմերն են նկարվել: «Նա շռայլ մարդ էր, ոչնչից տոն էր ստեղծում, սիրում էր ամեն ինչ ու առատորեն բոլորին նվիրել»,- շեշտում է տիկին Կունցեւա-Գաբաշվիլին: Մեր խնդրանքով Փարաջանովի տանը հյուրընկալվելու մասին մեր զրուցակիցը մի դրվագ պատմեց. «Եկել էր Տոնինո Գուերան: Զանգեցին ինձ աշխատավայր եւ ասացին, որ Փարաջանովը խնդրել է երեկոյան 7-ին հյուր գնալ: Ասացին՝ Մանանա, Փարաջանովը պատվիրել է, որ դուք լրիվ սպիտակ հագնեք, ձեր ձեռքին էլ լինեն կապույտ ծաղիկներ, իսկ Գարի Կունցեւը պետք է լրիվ կապույտի մեջ լինի: Հետո հասկացա, որ կապույտ եւ սպիտակ գույներով, մենք պետք է Փարաջանովի ինտերիերի մաս կազմեինք: Երեկոյան յոթին Գարիի հետ բարձրացանք աստիճաններով: Սերգեյը երկրորդ հարկում էր ապրում… Աստիճանների վրա ինչ ասես տեսանք՝ ջութակ, կալոշ, սկահակ: Հարցնում եմ՝ Գարի, սա ի՞նչ է: Գարին ասում է՝ երեւի ինչ-որ ֆիլմից է, Տոնինոն պետք է գա, նրա համար է այսպես մտածել: Ներս մտանք՝ սենյակում կապույտ սեղան էր դրված, սեղանին կոտրատված հայելի: Զարմացած հարցրի՝ ինչո՞ւ է կոտրված: Փարաջանովը ներսից ձայն տվեց՝ դա իմ փշրված ճակատագիրն է: Փարաջանովը կյանքում նկարիչ էր, գեղեցիկի յուրօրինակ ընկալում ուներ: Սեղանի վրա պիալաներ էին դրված՝ կանաչ տերեւներով ու ելակով: Փաստորեն, սեղանին ոչինչ չկար, բայց նաեւ կար ամեն ինչ ու այնքա՜ն գեղեցիկ էր: Նա շատ շռայլ էր, ամեն անգամ ասում էր՝ Մանանա, վերցրու, որ գլխարկը կկամենաս, նվիրում էր, ասում էի՝ բատոնո Սերգո, ախր անհարմար է: Բայց եթե այն ժամանակ գիտակցեի, որ կյանքն այսքան կարճ է, շատ բան կվերցնեի, կպահպանեի փարաջանովյան այդ մասունքները»:
Ամուսնու մասին խոսելիս, մեր զրուցակիցը նշեց, որ նա կինոյի մասին մտածել է երեք տարեկանից: Կունցեւը ոսկե մեդալով ավարտել է դպրոցը ու կյանքի բերումով տեխնիկական կրթություն ստացել:
«Գարին ֆիզիկայի ինստիտուտում էր աշխատում, բայց երազում էր կինոյի մասին»,- ասում է տիկին Մանանան: Հետագայում Կունցեւն ընդունվել է Լենինգրադի կինոինստիտուտ, ապա կինոստուդիայում սկզբնական շրջանում աշխատանքի ընդունվել որպես հասարակ տեխնիկ, ապա՝ ինժեներ: «Նախկին աշխատավայրում Գարին 180 ռուբլի էր ստանում, այստեղ՝ 60: Բայց ես իրեն ասում էի, չնեղվես, կողքիդ եմ»,- հիշում է տիկին Մանանան: Ավելի ուշ Ռեզո Չխեիձեի առաջարկով Կունցեւը նշանակվում է հնչյունային ռեժիսոր: «Մենք շատ երջանիկ ու հաշտ ենք ապրել, լավ ընկերներ ենք եղել, երբեք փողը մեզ համար առաջին պլանում չի եղել»,- նշում է տիկին Մանանան ու մի փոքրիկ դրվագ էլ պատմում: Գարի Կունցեւի հետ Թելավիում նույն դպրոցն են ավարտել, Կունցեւը իրենից չորս տարով մեծ էր: Երեխա ժամանակ Կունցեւը ղեկավարում էր դպրոցի թատերական խմբակը, ներկայացումներից մեկում նա չար կախարդ է մարմնավորել, իսկ Մանանա Գաբաշվիլին՝ Ձյունանուշի: «Հետագայում, երբ արդեն ամուսիններ էինք, Գարին հին նկարները նայելիս ժպտալով ասում էր, որ դեռ այն ժամանակվանից բռնել-պահել է ինձ, որ իր կինը դառնամ»,- ժպտալով հիշում է Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2014