Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագրայինից հաստատեցին, որ միայն հաշվառումը չի կարող լինել քաղաքացիության ձեռքբերման պայման

Հուլիս 18,2014 14:15

Նախկինում փախստական Վալերիկ Հարությունյանին կտրամադրեն քաղաքացիություն
չունեցող անձի կացության վկայական: Այդ մասին «Առավոտին» հայտնեցին
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից (ԱՎՎ):
Վալերիկը դարձել էր օրենքի չարաշահման «զոհ», քանի որ դադարեցվել էր նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում, իսկ այդուհետեւ՝ չէին տրամադրում կացության վկայական: Իսկ կացության վկայական տրվում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք դա գործածում են որպես անձը հաստատող փաստաթուղթ:

Վերջերս «Առավոտն» անդրադարձել էր Վալերիկ Հարությունյանի խնդրին եւ նշել, որ Անձնագրային եւ վիզաների վարչությունը նրան չէր տրամադրում կացության վկայական, այլ հակառակը՝ հավաստիացնում էր, որ նա համարվում է ՀՀ քաղաքացի, քանի որ նրա ծնողները 1995 թվականին հաշվառվել են Բյուրեղավան քաղաքում:

Սա այն դեպքում, երբ ոչ մի փախստական, հաշվառվելով Հայաստանում, դեռ ձեռք չի բերել ՀՀ քաղաքացիություն: Ավելին, Վալերիկ Հարությունյանը դիմում էր գրել, որ իրեն տրամադրեն ոչ թե քաղաքացիություն, այլ՝ կացության վկայական, որի իրավունքն օրենքով սահմանված կարգով ուներ, սակայն նրա դիմումը մերժվել էր, որի պատճառն արդեն իսկ նշեցինք: Վալերիկ Հարությունյանը կացության վկայական ստանալու համար հայցադիմում էր ներկայացրել Հայաստանի վարչական դատարան:

Կայացել էր մեկ նախնական դատական նիստ:

2014 թվականի օգոստոսի 5-ին նշանակվել էր եւս մեկ նախնական դատական նիստ: Քանի որ ԱՎՎ-ն արդեն իսկ Վալերիկ Հարությունյանին կտրամադրի կացության վկայական, այդ իսկ պատճառով նա հայցադիմումը դատարանից ետ կվերցնի:

Վալերիկ Հարությունյանի ձեռքում այժմ կա նոր որոշում, որն իրեն է տրամադրվել ԱՎՎ-ի կողմից: Ըստ այդ որոշման, Վալերիկ Հարությունյանը Հայաստանում հանդիսանում է քաղաքացիություն չունեցող անձ: Դա կլինի հիմք, որի միջոցով էլ իրեն կտրամադրեն կացության վկայականը:

Գլխավոր փաստարկներից մեկն այն էր, որ Վալերիկ Հարությունյանին կացության վկայական է տրամադրվում, քանի որ նրա ծնողների՝ ՀՀ քաղաքացիության ընդունման ժամանակ նա եղել է 15 տարեկան:

Անձնագրային եւ վիզաների վարչությունում կատարվել են որոշակի կադրային փոփոխություններ եւ նկատվել է այն բացը, որի պատճառով Վալերիկ Հարությունյանը հայտնվել է դատարանում:

ԱՎՎ-ից հաստատեցին, որ միայն հաշվառումը չի կարող լինել քաղաքացիության ձեռքբերման պայման, որի պատճառով էլ անվավեր է ճանաչվել Վալերիկ Հարությունյանի դեմ կայացրած վարչական ակտը, նրա՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին եւ կայացվել նոր վարչական ակտ, նրա՝ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու մասին:
Վալերիկը միակը չէ, ում դեմ պաշտոնյաների կողմից կատարվել են օրենքի չարաշահումներ եւ այն փախստականները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ձեռք բերել կացության վկայական, ԱՎՎ-ն կվերանայի եւ կկայացնի բարենպաստ վարչական ակտ:

Նշենք, որ Վալերիկ Հարությունյանը ծնողների հետ միասին Ադրբեջանից Հայաստան է բռնագաղթվել 1988 թվականին: Սահմանված կարգով լրացվել է «Հաշվառման թերթիկ», տրվել «Փախստականի ընտանիքի քարտ», «Փախստականի ընտանիքի վկայական», այնուհետեւ` «Փախստականի վկայական՝ թիվ՝ Փ012980» եւ «Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ թիվ՝ AA002810»: 2012 թվականի սեպտեմբերի 28-ին Միգրացիոն ծառայությունը թիվ Մ-162/12-Փ որոշմամբ դադարեցրել է Վալերիկ Հարությունյանի փախստականի կարգավիճակը: Կարգավիճակը վերականգնելու համար Վալերիկ Հարությունյանը բողոքարկել է վարչական, վարչական վերաքննիչ դատարաններ, սակայն դատարանները մերժել են նրա պահանջը՝ վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031