«Կոնտինենտ տեքստ»-ի աշխատակիցներին աշխատավարձի պարտքերը կվճարվե՞ն
«Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ի հարցով լուծարային հանձնաժողովը երեկվա նիստում որոշում է կայացրել դիմել կառավարությանը, որպեսզի հնարավորություններ գտնեն ՓԲԸ-ի գույքի վրայից կալանքը թեկուզ ժամանակավորապես հանելու: Դա հնարավորություն կտա վաճառել գույքի թեկուզ մի մասը եւ մարել ընկերության աշխատակիցների մոտ 25 միլիոն դրամի պարտքը: Աշխատավարձի պարտքի մի մասը` 10 միլիոնը, լուծարային հանձնաժողովն ինչ-ինչ տարբերակներով արդեն իսկ վճարել է:
«Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ն կարի ֆաբրիկա է, որի 100% բաժնետոմսերը գտնվում են ՀՀ ոստիկանության տրամադրության տակ։ Ֆաբրիկան գործել է 67 թվականից եւ արտադրել է ոստիկանական համազգեստ։ Հիմա, ըստ աշխատակիցների, նպատակային սնանկացման գործընթաց է տարվել, եւ ըստ էության լուծարման գործընթաց է գնում։ Ֆաբրիկայի շուրջ 150 աշխատակիցներ մեկ տարի աշխատել են ու չեն վճարվել։ Ֆաբրիկայի շենքը վաճառվել է դեռ երեք տարի առաջ: Այն գնել է նույն ընկերությունը, որը կառուցեց Անձնագրային եւ վիզաների վարչության նոր վարչական շենքը, Գյումրու եւ Շենգավիթ համայնքների ոստիկանության վարչական շենքերը: Գործարքներն իրականացվել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք:
Խորհրդարանում կառավարության հետ վերջին հարցուպատասխաններից մեկի ժամանակ այս հարցը բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Մարդիկ ակնկալում են ձեր աջակցությունն ինչպես վարձատրության վճարման գործընթացում, այնպես էլ, եթե կարող եք կանխել, լուծարման գործընթացում։ Կարծում եմ, որ դուք որպես նորանշանակ վարչապետ՝ ակնկալելով հասարակության աջակցությունը, պիտի սկսեք հենց նման հարցերի լուծումից»,- դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ասաց պատգամավորը: Այն ժամանակ վարչապետը, ով միայն Լյուդմիլա Սարգսյանի հարցին էր հարկ համարել անձամբ պատասխանել, ասաց, որ անպայման անձնապես կզբաղվի եւ կփորձի օրենքի շրջանակներում լուծում տալ հարցին. «Ես անպայման զբաղվելու եմ, տիկին Սարգսյան, դուք էլ կարող եք խոստանալ, օրենքի շրջանակներում փորձելու ենք, որպեսզի ճշմարտությունը հաղթահարի։ Հիշում եք, չէ՞, որ ասել եմ՝ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:
Այժմ կառավարությունը լուծարային հանձնաժողովին հանձնարարել է վերանայել գործընթացը եւ երեք օրվա ընթացքում լուծումներ առաջարկել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք. մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը լարված հարաբերություններ ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ` այնպես, ինչպես ուներ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ներիշխանական խոսակցությունների համաձայն` Հովիկ Աբրահամյանը ջանք չի խնայում, որպեսզի Վլադիմիր Գասպարյանն էլ պաշտոնից հեռանա:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2014