Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանը Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞

Հուլիս 18,2014 14:50

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է,
որ իրադարձությունների վերլուծությունն ու տրամաբանությունը դա են հուշում

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ընդդիմադիր դաշտի թերեւս առաջին ուժն էր, որը դրական արձագանքեց նախագահ Սերժ Սարգսյանի` անցյալ տարի սեպտեմբերի երեքին կայացրած որոշմանը՝ Հայաստանի` Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով: Մոտ մեկ տարի ձգձգումից հետո՝ այսօր դեռ պարզ չէ` ընդհանրապես այդ փաստաթղթերը կստորագրվե՞ն, թե՞ ոչ: Որոշ վերլուծաբաններ արդեն իսկ պնդում են, որ ՌԴ-ն խաբել է Հայաստանին: «Առավոտը» ՎՍԴՀԿ ատենապետ, խորհրդարանական ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց` հիասթափվե՞լ եք: «Ես երբեք հիացած չեմ եղել հայ-ռուսական հարաբերություններով, որ հիմա հիասթափվեմ: Խնդիրը Ռուսաստանի մեջ չէ: Խնդիրը Հայաստանի ղեկավարության մեջ է, որը չի կարողանում արժանապատիվ պաշտպանել Հայաստանի շահերը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր, բնական է, իր շահով է առաջնորդվում. «ՌԴ-ի շահերը Հայաստանում ակնհայտ են: Մենք մեկ խնդիր ունենք` այնպես անել, որ մեր շահերը նույնպես ՌԴ-ի կողմից հարգվեն եւ ընկալվեն: Բայց դա ըստ էության չի ներկայացվում, որովհետեւ ներկայացնողը չի կարողանում պաշտպանել երկրի ազգային շահերը»: Մեր զրուցակիցը նկատում է, որ երբ իր ղեկավարած կուսակցությունը ողջունեց Մաքսային միությանն անդամակցության որոշումը, ըստ էության Սերժ Սարգսյանի որոշումը չէ, որ ողջունում էր, քանի որ այն անսպասելի էր անգամ հենց նախագահի ղեկավարած ՀՀԿ-ական մեծամասնության համար: «Պարզապես մեր կուսակցությունը մշտապես այն համոզմունքն է ունեցել, որ Հայաստանի ռազմավարական հիմնական գործընկեր-պետությունը ՌԴ-ն է, որն ապահովում է մեր սահմանների անվտանգությունը: Մենք շատ լավ գիտակցում էինք, որ երկիրը չի կարող լինել մեկ ռազմաքաղաքական համակարգում եւ մեկ այլ տնտեսական համակարգում: Ի սկզբանե էլ պարզ էր, որ այդտեղ խնդիր է առաջանալու: Ես չեմ խոսում այն մասին, որ դա լավ էր կամ վատ: Պարզապես անհնար է լինել մեկ ռազմաքաղաքական դաշինքում եւ անդամակցել մեկ այլ տնտեսական դաշինքի: Ուկրաինական իրադարձությունները դրա վառ վկայությունն են: Մեր ողջույնն ուղղված էր նրան, որ գործընթացը դեռ այն աստիճան չէր խորացել, որը վտանգի տակ կդներ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը կանխեց Հայաստանի համար այն իրավիճակը, որի առջեւ այժմ Ուկրաինան է կանգնած: Այստեղ լավ ու վատի, բարեկամի ու թշնամու խնդիր չէ՝ ռազմավարության խնդիր է, որը պետք է հստակ ունենար ՀՀ իշխանությունն ու գնար այդ ուղղությամբ` հաշվի առնելով Հայաստանի շահը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Եվրոպան շատերի, այդ թվում իր համար գերադասելի է իր արժեհամակարգով, բայց երբ կա երկրի անվտանգության խնդիր, որեւէ մեկն իրավունք չունի վտանգել դա:

Դիտարկմանը` ինչպե՞ս է Ռուսաստանը պաշտպանում Հայաստանի անվտանգությունը` Ադրբեջանին զենք վաճառելո՞վ, Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց, որ ինքն այն կարծիքին չէ, որ ՌԴ-ն Հայաստանի շահերով պետք է առաջնորդվի: «Իսկ եթե ռազմավարական գործընկերն արժանապատվորեն իր դիրքերը պահել չգիտե, ՌԴ-ն կարող է նաեւ բանակցել մեր հակառակորդ կողմի հետ: ՌԴ-ն զենք արտադրող երկիր է, որն իրացնում է իր զենքը տարբեր երկրներում: Բայց եթե վտանգվեն հայաստանյան սահմանները, ես կարծում եմ, իբրեւ ՀԱՊԿ անդամ երկրներ, համապատասխան համաձայնագրի շրջանակներում ՌԴ-ն եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները կպաշտպանեն մեր սահմանները: Զենքի վաճառքն ինձ կարող է դուր չգալ, բայց ես հասկանում եմ, որ ՌԴ-ն իր շահերով է առաջնորդվում: Եվ, կարծես, մեզ ոչ ոք չի խանգարում մեր երկրի շահն առաջ տանել»:

Անցած շաբաթ Արգենտինայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ ցավալի է, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, եւ որ հայ հանրությունը մտահոգված է այդ փաստով: Ինչո՞ւ դա արվեց հիմա` մեր հարցին Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով՝ այժմ իրավիճակ է փոխվել, եւ այն, որ Հայաստանը չդարձավ ԵՏՄ հիմնադիր անդամ, որ համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, միայն ՌԴ-ի մեղավորությունը չէ: «Համաձայնագրի ստորագրումը, կարծում եմ, հետաձգվում է նաեւ գործընկեր մյուս երկրների պատճառով: Ակնհայտ է, որ առանձնապես շահագրգիռ չեն Հայաստանի անդամակցությամբ, քանի որ նկատելի չեն այն շահերը, որոնք կան Բելառուսի, Ղազախստանի կամ անգամ Ադրբեջանի դեպքում: Շահերի խնդիր է, եւ մենք մոլորության մեջ էլ կմնանք, եթե մտածենք, որ ինչ-որ երկիր կպաշտպանի մեր շահերը: Դա միայն մենք պետք է անենք` հաշվի առնելով այլ երկրների շահերի համընկնումը: Իսկ ՌԴ-ն հանդես է գալիս իբրեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր, քանզի ինքն էլ իր կոնկրետ ռազմաքաղաքական շահերն ունի այստեղ»:

Ի՞նչ անել, եթե ԵՄ Ասոցացման համաձայնագիրն արդեն պատմություն է, իսկ ՄՄ-ն, որը դեռ անհասկանալի է՝ ինչ կառույց է լինելու, դարձյալ փակ է մեր առջեւ: «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ստորացված եւ անճար վիճակի մեջ է հայտնվել մեր իշխանությունը, որը չի կարողանում ներկայացնել սեփական երկրի շահերն ու պահպանել նրա դիրքերը: Այդ ամենը գալիս է նորից նրանից, որ մեր իշխանությունն ընտրված չէ, եւ այդ մասին գիտենք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր գործընկեր եւ հակառակորդ պետությունները: Դա այնքան խոցելի է դարձրել մեր իշխանություններին, որ անգամ ակնհայտ վիրավորանքներին չեն կարողանում արձագանքել: Մենք ականատեսն ենք լինում բանակցությունների միայն հրապարակային հատվածին, իսկ ի՞նչ է լինում կուլիսներում՝ միայն ենթադրել կարելի է»:
Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանն իր մտերիմների շրջանակում չի բացառել արդեն աշնանն իր հրաժարականի հավանականությունը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Տիկին Սարգսյանը եւս չբացառեց նման զարգացումները. «Իրադարձությունների վերլուծությունը եւ տրամաբանությունը դրան են տանում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Սերժի խաղաղ հեռացումը հանցագործություն կլինի և դա իրավունք չունեն թույլ տալու:Կարևոր չէ, ինչ կփիլիսոփայի հայիզմի բութիզմը, բայց նրան խաղաղ հեռացնելու փորձերը կդատապարտվեն ,,կարկտահարության,,:Ֆաշիզմը պիտի այրվի գրկից գիրկ, ՌԴ ից Իրանի, ապա անորոշության ու փոշու գիրկը վազելու ճանապարհին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031