Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ Կրեմլի «մոնիտորինգի» տակ

Հուլիս 18,2014 12:30

Եթե նպատակ չի դրվել հայ-ռուսական հարաբերությունները
«տեր ու ծառայի» փոխհարաբերությունների մակարդակի իջեցնել

Պուտինի գլխավոր պրոպագանդիստ, «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը օրերս դարձյալ Երեւան էր ժամանել: Հայաստանում «Գրիբոյեդով» անվամբ գործող ակումբը անցկացրել է իր հերթական փակ հավաքը: Համացանցում հայտնվել են այդ հավաքի մասնակիցների լուսանկարները:

Ինչպես երեւում է, պուտինյան քարոզչամեքենայի գլխավոր դերակատարը լրջորեն է աշխատում Հայաստանի ուղղությամբ: Այս բազմազբաղ գործիչը, որն ապահովում է ռուս հասարակության համար պուտինյան քաղաքականության ճշմարտացիության ու Պուտինի քայլերի անքննելիության քարոզչությունը, ժամանակ է գտնում նաեւ աշխատել Հայաստանի ուղղությամբ` ամիսը մեկ այցելելով Երեւան:

Անցյալ ամիս Դմիտրի Կիսելյովը խորհրդարանում ԱԺ փոխխոսնակի ու մի շարք պատգամավորների մասնակցությամբ անցկացված քննարկմանը Հայաստանում ռուսերենի դերի մասին խոսեց, ռուսական դպրոցների բացակայության ու իր դժգոհությունը հայտնեց այն առիթով, որ տաքսիստը չի կարողացել ուղեվարձի հաշիվը ռուսերենով ասել: Հետո նա այդ «բացից» բավական թափանցիկ կերպով անցում կատարեց դեպի Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը` հասկացնել տալով, թե ռուսերենի իմացության հարցը լուծեք՝ նոր միայն Ռուսաստանին պահանջներ ներկայացրեք Հայաստանի անվտանգության ապահովման հարցով: ՀԱՊԿ-ի Գիտավերլուծական ասոցիացիայի համակարգող, քաղաքական գիտությունների դոկտոր Իգոր Պանարինն էլ օրեր առաջ Երեւանում անցկացված մի քննարկման ժամանակ փաստեց. «Երեւանում Պուշկինի փողոցի ցուցանակը գրված է հայերեն եւ անգլերեն, բայց Ալմաթիում նույն այդ փողոցի անունը գրված է ռուսերեն եւ ղազախերեն, նույնիսկ երբեմն՝ միայն ռուսերեն»:

Դատելով Հայաստան` ռուսների այցելություններից եւ այստեղ արված նրանց հայտարարություններից ու մեկնաբանություններից` Հայաստանը դեռեւս գտնվում է Կրեմլի «մոնիտորինգի» տակ: Մինչդեռ դրա համար թվում էր, թե պատճառներ չպետք է լինեին: Հայաստանը անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը, այնուհետեւ նաեւ Եվրասիական միությանը, այսինքն` Կրեմլին հավատարմությունն ապացուցելու Հայաստանի իշխանությունների քայլերն առավել քան ակնհայտ էին:

10000994_806373636047792_3413309757486261853_o

Բայց, հավանաբար, Հայաստանում ռուսական քարոզչության ամրապնդման ուղղությամբ աշխատանքը դեռեւս բավարար չեն գնահատում Կրեմլում:
Այն, որ այդ աշխատանքի իրականացմամբ անձամբ Կիսելյովն է զբաղվում, թերեւս վկայում է այն մասին, թե որքան է Մոսկվան կարեւորում Հայաստանը: Բայց մյուս կողմից՝ դրանով մխիթարվել ամենեւին էլ չարժե, որովհետեւ նաեւ Կիսելյովի վանող կերպարի շնորհիվ է քաղաքակիրթ աշխարհն այսօր պատկերացում կազմում պուտինյան Ռուսաստանի մասին, հիասթափություն ապրում պուտինյան վարչակազմից եւ կարեկցում ռուս հասարակությանը, որը վստահաբար արժանի է ավելիին, քան այսօրվա պուտինյան Ռուսաստանն է:

Հայաստանում դեռ այսօր էլ շատերը համոզված են, որ առանց Ռուսաստանի Հայաստանի անվտանգությունը չի կարող ապահովվել: Այս համոզմունքը գուցե դեռ երկար մեզանում պահպանվի: Բայց անկախ այդ հանգամանքից՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները իսկապես պետք է լինեն ռազմավարական, բայց ոչ այնպիսին, ինչպիսին այսօրվա հարաբերություններն են: Այդ հարաբերությունները պետք է փրկել` դարձնելով հավասարը հավասարի հարաբերություններ, բայց ոչ այսօրվա քարոզիչների այցելություններով: Նրանք ավելի շատ վնասում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ բարեկամությանը, քան ամրապնդում հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը»։

Հայ-ռուսական հարաբերություններում անվստահության տարրեր են նկատվում արդեն տեւական ժամանակ, անկեղծության պակաս կա, դրա պատճառների մասին բազմիցս խոսվել է: Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների լուծման համար Կիսելյովը վստահաբար ամենահարմար թեկնածուն չէ: Եթե, իհարկե, նպատակ չի դրվել հայ-ռուսական հարաբերություններն ամբողջությամբ «տեր ու ծառայի» փոխհարաբերությունների մակարդակի իջեցնել, ապա լուծումները «Գրիբոյեդով» ակումբի հավաքներում չէ, որ պետք է գտնվեն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել