Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղից շարունակում են արտագաղթել

Հուլիս 17,2014 22:58

Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների գլխավոր մտահոգությունն արտագաղթն է: Խնդիրը հատկապես մտահոգիչ է ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի սահմանամերձ գյուղերում, որտեղ շարունակաբար ավելանում են լքված տներն ու փակ դռները: Տարեցտարի արտագաղթի տեմպերի ավելացումը, ծերացող ու դատարկվող գյուղերի տխուր պատկերի ու վաղվա օրվա անվտանգության լրջագույն խնդրի մասին միշտ բարձրաձայնում են գյուղացիները: Խդրանցը Կապանի տարածաշրջանի սահմանամերձ այն հերթական գյուղերից է, որտեղ նույնպես բնակչության արտահոսքի մասին են բարձրաձայնում: Ինչպես բնակիչներն են ասում` մարդիկ գյուղը լավ օրից չեն թողնում, գնացողներն էլ արտագաղթի ճամփան բռնում են ըստ ունեցած հնարավորության: Խդրանցցիները ցավով են նշում, որ երբեմնի բազմամարդ ու աշխույժ գյուղից այսօր գրեթե բան չի մնացել: Խդրանցում այսօր ընդամենը 15 բնակիչ է ապրում, երիտասարդ ընտանիքները լքել են գյուղը, իսկ այսօրվա բնակիչների մեծ մասը տարեցներ են:

«Ամեն տարի, ամեն ամիս, նույնիսկ ամիսը մի քանի անգամ բնակիչները լքում են գյուղը, գործ չկա, պայմաններ չկան, ընտանիքներն իրենց ապագան գյուղի հետ չեն կապում: Էսօր գյուղում ջահելություն չկա, երիտասարդ ընտանիք չկա…: Մենք էլ մնում ենք մեր սահմանի ու անցավորների մասին հիշելով: Ինչքան էլ մեր թասիբի, մեր անցավորների մասին հիշենք, սահմանի հարցը հասկանանք, բայց որ էսօրվա պայմաններում չենք հասցնում, չենք տեղավորվում, ի՞նչ պիտի անենք: Մնացածներն էլ մի օր կգնան…: Պատերազմի տարիներից մինչեւ օրս նույնիսկ մեր գնդակոծված տների վնասները չեն փոխհատուցել, ամեն անգամ ասում են էս ամիս, էն ամիս, էս տարի, մյուս տարի: Ով կարողացել է իր ուժերի չափով վերականգնել է իր տունն ու էսքան տարի ապրել սահմանամերձ էս գոտում», – նշեցին Խդրանցի բնակիչները` հույս ունենալով, որ գոնե պետությունը այսօրվա պայմաններում հատուկ ուշադրություն կդարձնի սահմանամերձ գյուղին եւ կփրկի այն վերջնական դատարկվելուց:

Խդրանցի գյուղապետ Գնել Սարգսյանն էլ փոխանցեց, որ գյուղացիներն իրենց գնդակոծված տների փոխհատուցման հարցով բազմիցս են դիմում իրեն, սակայն դրական պատասխան մինչեւ օրս բնակիչներին այդպես էլ չի կարողացել տալ:

«Ես էդ մարդկանց պատասխանն էսօր չեմ կարողանում տալ, ասում են պարոն գյուղապետ տները պատերազմից տուժել են, բայց միջոցներ չեն հատկացել վերականգնենք, էսքան տարի աղավաղվել է հարցը,  ոչ մեկին ոչ մի դրամի փոխհատուցում չի տրվել: Ասում են պարոն գյուղապետ մի անգամ հարցրեք պատասխանատուներին, թե ո՞ւր են մեր վնասների փոխհատուցումը: Էսօր մարդկանց մոտ կամաց-կամաց արդեն հավատի հույսը մարում է, եթե նրանց սպասելիքները որոշ չափով չի կատարվում, ին՞չ պիտի անեն էլ…», – ասաց Խդրանցի գյուղապետը:

Սահմանամերձ գյուղում դպրոց ու մանկապարտեզ չկա, իսկ գյուղում ընդամենը դպրոցահասակ 2 երեխա կա, երկուսն էլ գյուղապետի երեխաներն են, ովքեր դպրոցի բացակայության պատճառով ստիպված 2.5 կմ հեռավորության վրա գտնվող հարեւան Ագարակ գյուղի դպրոցն են հաճախում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031