Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-վրացական նոր նախագիծ, որը կխթանի մշակութային կյանքը

Հուլիս 17,2014 21:22

«Cinema Express. Հայաստան-Վրաստան» նոր նախագծի շրջանակներում հայկական և վրացական երեքական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում և Թբիլիսիում:

Նոր նախագիծը նախաձեռնել է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը՝ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ հավելելով, որ նախագիծն իրականացվում է «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցություն է ստանում Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարություններից, ինչպես նաև Վրաստանի հուշարձանների պահպանության կազմակերպության կողմից:

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար Նինո Անջափարիձեն նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, առկա է սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց անմասն լինելու խնդիրը, և մայրաքաղաքից հեռու վայրերում մշակութային կյանք, կարելի է ասել, չկա. «Թեև կան լավ ֆիլմեր, բայց չկան կինոթատրոններ,- ասում է Ն. Անջափարիձեն,- չկան նաև համապատասխան հարթակներ, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան հանդիպելու, քննարկումներ ու բանավեճեր կազմակերպելու: Եվ ահա «Cinema Express. Հայաստան-Վրաստան» նոր նախագիծը գալիս է ինչ-որ չափով լրացնելու այդ բացը: Այն նաև հնարավորություն կտա սոցիալ-մշակութային երկխոսություն ծավալելու տարածաշրջանային մակարդակում»:

«Հենրիխ Բյոլ» հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի նախագծի համակարգող Մալխաս Սալդաձեն էլ հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի. «Հուսով ենք՝ այս սկիզբը միայն սկիզբ չի լինի, գործընթացը շարունակություն կունենա, և ժամանակի ընթացքում կունենանք ոչ թե հայ-վրացական, այլ տարածաշրջանային շատ լավ փառատոն»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ ֆիլմերի ցանկը դեռևս հստակ չէ, և հավելեց, որ ցուցադրություններին կհաջորդեն մասնագիտական և հանրային քննարկումներ, ինչպես նաև հարց ու պատասխան ռեժիսորների հետ, բանավեճեր և այլն:

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերին` Գյումրուց և կամփոփվի դեկտեմբերին` Թբիլիսիում:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031