«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին ընդառաջ շարունակվում են «ֆիլմային հանդիպումները»: Այս անգամ կենտրոնը հյուրընկալեց Լևան Կոգուաշվիլին, որը Հայաստան ժամանելուց անմիջապես հետո «հայտնվեց» «Թումոյի» կինոսրահում: Չնայած հոգնածությանը, վրացի ռեժիսորը սիրով շփվեց հյուրերի հետ:
Ըստ Լևանի, լավ ֆիլմ ստանալու համար պետք է հետաքրքիր թեմա ու խնդիր գտնել. « Մեր երկրները՝ Վրաստանն ու Հայաստանը լի են բազմապիսի խնդիրներով, որոնք առաջացել են խորհրդային կարգերի փլուզումից հետո: Իմ ֆիլմերում ես շատ եմ անդրադարձել հետսովետական իրեն «կորցրած» սերնդին. ֆիլմերիցս մեկը թմրամոլի մասին է, որտեղ էլի երկրի անկանոն վիճակն եմ ցույց տվել, մյուսը Ամերիկայում բնակվող վրացիների մասին է, որը նկարել եմ ուսանողական տարիներին…Թեմաները շատ են: Պետք է միայն հասկանալ, որ մեծ խնդրի մասին է կարելի մեծ ֆիլմ նկարել, փոքր խնդիրների համար ավելի համապատասխան են կարճամետրաժ ֆիլմերը, պետք չէ փոքր խնդիրը դարձնել մեծ ֆիլմ»:
Aravot.am-ը ցանկացավ տեղեկանալ, ինչպիսի՞ ֆիլմերի կարիք ունի այսօր կինոսերն ըստ ռեժիսորի, ո՞ր թեմաներին է «կարոտ մնացել» ֆիլմարտադրությունը:
Լևան Կոգուաշվիլին պատասխանեց, որ տարբեր փառատոնների մասնակցելու և ֆիլմարտադրությանն ակտիվ հետևելու օգնությամբ հասկացել է, որ աշխարհը սկսել է «մռայլ» ֆիլմեր նկարահանել. չկա լավատեսություն ու լուծում: Ռեժիսորն ամենևին չի ցանկանում էկրանին վարդագույն ակնոցի միջով նկարահանված ֆիլմ տեսնել, բայց նշում է, որ առանց այդ ակնոցի էլ աշխարհը շատ լավ ու դրական կողմեր ունի, պետք է դրանով սնել հանդիսատեսին, այլ ոչ թե մատուցել միայն վատը, տխուրն ու անհույսը:
Վաղը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Լևան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր» ֆիլմի դիտումը, որը ռեժիսորը նկարահանել է 2010 թվականին: Ֆիլմի դիտմանը ներկա է լինելու նաև հեղինակը:
«Փողոցային օրեր» ֆիլմի թրեյլերը՝
Սյունե ՍԵՎԱԴԱ