Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով:
Aravot.am-ը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է դատարանն արդար վճիռ կայացրել՝ ազատամարտիկի նկատմամբ: Նա պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության դատարանն արդար վճիռ կայացնել: Վերջին 15 տարում նման բան եղե՞լ է: Կարային 16 տարի տային: Շնորհակալ պիտի լինենք: Կեցցե մեր արդար դատարանը: Լավա 15 տարի չեն տվել: Տո գնդակահարության հոդված լիներ, կդնեին մեր լրիվ ազատամարտիկներին կգնդակահարեին՝ կպրծնեին»:
Ինչ վերաբերում է մեղադրանքին՝ խարդախությանը, ըստ Սասուն Միքայելյանի՝ «Եթե խարդախություն եղել է, 3-4 տարի առաջ է եղել, 5 տարի: Մի քիչ ըմբոստացավ, միանգամից խարդախության հոդվածով դատվա՞վ: Նո՞ր էին հայտնաբերել: Ծիծաղելի չի, է՜: Ցավալի է, ողբալի է, նողկալի է, զզվո՜ւմ եմ: Չգիտեմ ինչ բառեր օգտագործեմ էս տականքների համար: Ո՞նց կարելի է մեր հաղթանակած ժողովրդին էս օրը գցել, ազատամարտիկներին՝ առավել եւս: Հատուցում են, էլի, իրենց ավանդի համար, մատուցած ծառայությունների համար»:
Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ ադրբեջանցի դիվերսանտները, որոնց մասին վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ են ստացվում, իրականում նոր չեն ներթափանցել Հայաստան. «Արտագաղթ է, էս իրավիճակը երկրի, չգիտեմ ինչ են ուզում: Ուզում են հանձնեն երեւի: Չգիտեմ, ուրիշ ի՞նչ են ուզում: 15 տարի ա՝ դիվերսիոն գրուպան ստեղ ա մտել՝ Հայաստան: Ավելի քան 15 տարի առաջ են մտել: Իսկ էսօր 1-2 որսորդ են մտել սահման, չգիտեմ ինչեր են խոսում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ազատամարտիկներով չե՞ք ուզում միավորվել եւ պայքարի նոր ձեւ մշակել անարդարությունների դեմ՝ Սասուն Միքայելյանը հոգոց հանեց. «Ուզում ենք: Ժամանակը ցույց կտա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ