Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ ինչ-որ տեղ ես գնում, պիտի հիշես, որ վերադառնալիս արտասահմանում ես հայտնվելու». Օթար Իոսելիանի

Հուլիս 17,2014 18:48

Վրաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր, կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին 80 տարեկան է:

Եվ ի պատիվ ռեժիսորի՝ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնն իր «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կցուցադրի նրա «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» և «Խաժամուժ» ֆիլմերը:

«Կինոն ինձ համար երկրորդական բան է, մի քանի անհրաժեշտ բաներից մեկը: Բայց, ցավոք, ես այլ բան չեմ կարողանում անել»,- ասում է Օ. Իոսելիանին:

Նա Երևանում է, և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչպես է որոշել թողնել երաժշտությունն ու մաթեմատիկան և լրջորեն զբաղվել ռեժիսուրայով. «Շատ էի ուզում երաժիշտ դառնալ (դաշնամուր և ջութակ էի նվագում), բայց չդարձա, որովհետև հերթական անգամ, երբ սենյակումս նստած նվագում էի, հանկարծ հորեղբայրս դուռը բացեց, նայեց ինձ ու ասաց. «Այդպես էլ ողջ կյանքումդ ուրիշների տեսքտե՞րը պիտի կարդաս»: Դա ինձ այնպես վհատեցրեց, բայց և միանգամից մտածեցի՝ իսկապես, որ նրանք գրել են, իսկ ես կարդում եմ, դա ինչի՞ է պետք: Այդ մտածմունքը գուցեև նրանից էր, որ ես հասկանում էի՝ Ռիխտեր չեմ դառնա:

Հետո որոշեցի դառնալ մաթեմատիկոս, ընդունվեցի Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Բայց մի օր ռազմական հանձնաժողով եկավ մեր համալսարան, որպեսզի ընտրի լավագույն ուսանողներին: Ես գիտեի, որ նրանք ուզում ենք զենքեր ու ռումբեր պատրաստել: Եվ ես թողեցի մաթեմատիկան, որովհետև հասկացա, որ նրանք ուզում են ինձ հետ անել նույնը, ինչ Սախարովի հետ արեցին:

Հետո ուզում էի ճարտարապետություն սովորել, բայց, ի վերջո, ընտրեցի ռեժիսուրան:

Սակայն այն ժամանակ ֆիլմ նկարահանելն այդքան հեշտ գործ չէր: Բայց ես փորձեցի: Նկարեցի «Ապրիլը»՝ արգելեցին, նկարեցի «Չուգունը»՝ արգելեցին, նկարեցի «Տերևաթափը»՝ արգելեցին, նկարեցի «Ապրում էր մի երգող կեռնեխը»՝ արգելեցին, ու այսպես շարունակ, բայց ես, միևնույն է, նկարում էի»:

Խոսելով Հայաստանի մասին՝ ռեժիսորն ասաց, որ երկար տարիներ չի եղել այստեղ և հսկայական փոփոխություններ է նկատում. «Կներեք, բայց Երևանը պարզապես այլանդակվել է: Եվ շատ տխուր է այսպիսի Երևան տեսնելը:

Հավանաբար, մարդիկ էլ են փոխվել,- ասում է Օ. Իոսելիանին:- Այն ժամանակ մարդիկ շատրվանների մոտ նստելու սովորություն ունեին: Հիշում եմ՝ մի անգամ նստած էի շատրվանների մոտ և կոնյակ էի խմում: Ինձնից քիչ հեռու հայեր էին նստած: Հանկարծ նրանցից մեկն ասաց. «Ինչո՞ւ ես մենակ նստել, մենք էլ ենք խմում, արի մեզ մոտ նստիր»: Այսպիսին էին մարդիկ այն ժամանակ, ողջ քաղաքն էր այդպիսին, ու քաղաքն էլ քաղաք էր, տներն էլ տուն էին, հարուստ մարդիկ չկային…»:

Նա ցավով նկատեց, որ Վրաստանն էլ է շատ փոխվել. «Թբիլիսին առաջ հայկական քաղաք էր: Հայերն այստեղ շատ-շատ էին, և շփումը շատ էր նրանց հետ: Սակայն եկավ ժամանակ, երբ հայերը հեռացան: Նրանք գնացին, մտավորականությունը գնաց: Քաղաքը դատարկվեց, մնացինք մի քանի հոգի,- ասում է ռեժիսորը:- Քայլում էինք փողոցում, և ոչ ոք մեզ չէր ճանաչում, չկար մեկը, որին բարևեինք, կամ որը մեզ բարևեր: Դրա համար էլ, երբ ինչ-որ տեղ ես գնում, պիտի հիշես, որ վերադառնալիս արտասահմանում ես հայտնվելու: Դա իսկապես այդպես է: Երբ դու միշտ նույն տեղում ես ապրում, չես նկատում, թե ինչպես են շատ բաներ փոխվում: Իսկ ահա ես երկար ժամանակ Բաթումում չէի եղել, և երբ անցյալ տարի գնացի այնտեղ, սարսափեցի. ի՜նչ էին արել այդ անճաշակ ճարտարապետները: Բաթումից ցանկացել էին Լաս Վեգաս ստանալ: Ահավոր էր»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031