Aravot.am-ը «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ Դուք է՞լ եք Զարուհի Փոստանջյանի նման գտնում, որ քառյակը գոյություն չունի, դա փոքր համագործակցություն է, որն արդյունավետ չի գործում եւ չի սպասարկում հայ ժողովրդի քաղաքական շահը: Տիկին Բախշյանը պատասխանեց. «Դա խորհրդարանական ուժերի համագործակցություն է, որն ընդամենը 12 հարց է բարձրացրել եւ այդ տեսակետից նորմալ է: Բայց Րաֆֆիի ասած՝ մենք 120 եւ 1200 հարց ունենք: 4 ուժեր են, իրար հետ համաձայնության են գնում, 12 կետ է տակը մնում»:
Մեր հարցին՝ «Ժառանգությունում» քառյակի հետ համագործակցության հարցում կարծիքները կիսվում են, Ձեր կարծիքը ո՞ր կողմում է: Զարուհի Փոստանջյանը հստակ արտահայտվեց, որ հույսեր չի կապում քառյակի հետ, Դուք հույսեր կապո՞ւմ եք: Տիկին Բախշյանը պատասխանեց. «Առանձին հարցերի ուղղությամբ՝ գուցե: Չնայած թեկուզ կուտակայինի հարցում «Ժառանգությունը» համագործակցեց, բայց արդյունքում ի՞նչ ունեցանք՝ բառերը փոխեցին եւ էլի նույնն ընդունեցին: Ամեն համագործակցություն լավ է, եթե արդյունք է տալիս: Առայժմ ես էլ չեմ տեսնում այդ արդյունքը: Բայց դրանից չի հետեւում, որ չպիտի համագործակցեն, կարող է մի բան ստացվի, ի՞նչ իմանանք»:
Մեր հարցին՝ Դուք նախընտրական քարոզարշավների ժամանակ, հենց ավագանու նախընտրական քարոզարշավներին բազմիցս նշել եք, որ ԲՀԿ-ն ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, որ Քոչարյանն է հիմնադիրը, դա հիմա չի՞ խոչընդոտում, որ նույն տանիքի տակ «Ժառանգությունը» մտնի ԲՀԿ-ի հետ: Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Անձնապես ես ամբողջ էությամբ դրա դեմ եմ: Երբ ես արտահայտվում եմ, ինձ ասում են, որ ոչ, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի քառյակի հետ: Այդ 12 կետի հետ կարող է կապ չունի, ես չեմ պնդում, բայց գիտենք մեր երկրում ինչպես են լինում քաղաքական գործընթացները: Որքան էլ ինձ ասեն, որ չէ, Քոչարյանը կապ չունի քառյակի հետ, ես իմ հոգու անկյունում այդ վախն ունեմ: Աստված մի արասցե, եթե հաստատվի կամ նոր ինչ-որ բան լինի, այդ իմ վախը կդառնա շատ-շատ մեծ ագրեսիա»:
Մենք ճշտեցինք՝ ում դեմ ագրեսիան կլինի՝ տիկին Բախշյանը հստակեցրեց. «Այդ վախը, որ կա իմ մեծ, Աստված ոչ անի, որ ինչ-որ ձեւով դա հաստատվի: Եթե հաստատվի, կերեւա, թե իմ ագրեսիան ում դեմ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Տիկին Բախշյան, խնայեք Ձեր նյարդերը, Ձեր սիրելի Սերժ Սարգսյանը նման բան թույլ չի տա…