«Ոչ մի խոչընդոտ ոստիկանության կողմից չեղավ»,- այսօր` հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նախօրեին մեկնարկած իրազեկման ավտոերթն ամփոփեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը:
Նա նշեց, որ ժողովուրդը պատշաճ իրազեկվեց նախաձեռնության գործունեությունից եւ հետագա ծրագրերից, քանի որ առաջին անգամ իրենք թռուցիկներ եւ տարբերանշաններ էին բաժանում.
«Մեքենաները գնալով շատացան: Մարդիկ, միանշանակ, հետաքրքրվում էին, մեզնից պահանջում էին թռուցիկները, տարբերանշանները, մեր իրավաբանների կոնտակտները: Այսօր ժամը աշխատանքային էր, մենք կանխատեսում էինք, որ մասնակիցները քիչ էին լինելու, բայց դա ոչ մի բան չի նշանակում, քանի որ մարդիկ աշխատանքի մեջ են, բայց հոգով մեզ հետ են»:
Նա հայտարարեց, որ հաջորդ` յոթերորդ երթը տեղի է ունենալու օգոստոս ամսվա սկզբին՝ Կոտայք եւ Գեղարքունիք մարզերում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության իրազեկման ավտոերթն ուներ «Չենք վճարում կարգախոսը»: Ավտոերթը մեկնարկեց Նոր Նորքի վեցերորդ զանգվածում, այնուհետեւ շարժվեց դեպի Քանաքեռ -Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա -Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ: Այն ավարտվեց Էրեբունի վարչական շրջանում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ