Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատներս տնկում ենք դեպի Ստրասբուրգ, թե գնացեք Ձեր իրավունքները պաշտպանեք, դա ճանապարհ չէ» (Տեսանյութ)

Հուլիս 17,2014 17:02

Այսօր Շիրակի մարզպետարանում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեցին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Իսկ այն ունկնդրելու համար մարզպետարան էին հրավիրվել քաղաքապետեր, գյուղապետեր, հիվանդանոցների տնօրեններ, փրկարարներ և այլն:

Գագիկ Հարությունյանի ելույթը ծավալուն էր, ավելի շատ դասախոսություն էր հիշեցնում, սակայն լսելի էր`արտերկրյա փորձից բավական շատ տեղեկատվություն պարունակող:
Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը գեղարվեստորեն էր ներկայացնում` երբեմն համեմատություն անցկացնելով բժշկության հետ: «Երեկ առավոտյան, երբ ես պատահաբար փորձեցի մինչև աշխատանքի գնալը լուրերը լսել, «Արմնյուս» հեռուստաալիքով մի գեղեցկատես աղջիկ ներկայացնում էր առողջապահության վերաբերյալ ինչ-որ ռեպորտաժ. իր հաղորդումը սկսեց հետաքրքիր մի այսպիսի ձևակերպմամբ` իմաստ չունի բողոքել առողջությունից, եթե արդեն այն կորցրել ես… իմաստուն խոսքեր են, եթե առողջությունը արդեն կորցրել ես, հետո դրանից բողոքելը իմաստազրկվում է, և ցանկացած օրգանիզմ առաջին հերթին պահանջում է նախ չհիվանդացնել, այսինքն` կանխարգելիչ այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի օրգանիզմը չհիվանդանա: Եթե այդուհանդերձ դա չի հաջողվում, ապա խելամիտ մոտեցումն այն է, որ խելամիտ փուլում բացահայտվեն օրգանիզմի ֆունկցիոնալ խաթարումները, այնուհետև մասնագիտորեն գնահատվի, թե ինչ է տեղի ունեցել, այնուհետև պրոֆեսիոնալ ձևով վերականգնվի խաթարվածը կամ օրգանիզմի կենսունակությունը կամ ֆունկցիոնալ հավասարակշռությունը: Եթե սրահում կան բժիշկներ, չեմ կարծում, որ նրանք կառարկեն, թե խելամիտ մոտեցումը սա է: Հասարակությունը նույնպես կենդանի օրգանիզմ է, և հասարակությունը նույնպես շատ հաճախ ոչ միայն հիվանդանում է, որը կոչվում է սոցիալական տարաբնույթ հիվանդություններ, այլ նույնիսկ հայտնվում է մետաստազների ճիրանում»:

Gagik_Harutyunyan-2

Այնուհետ Գագիկ Հարությունյանն ասաց` աշխարհում տեղի ունեցող մի շարք սոցիալական երևույթներ, օրինակ` գունավոր հեղափոխությունները 2 տարի առաջ միջազգային մի շատ կարևոր խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցում էին եվրոպական 40 երկրների սահմանադրական դատարանների նախագահները, ստիպել են իրեն հարց բարձրացնել` ինչո՞վ են պայմանավորված, որո՞նք են դրանց պատճառները:

Նրա գաղափարը հետաքրքրություն է առաջացրել գործընկերների մոտ, իրեն առաջարկել են մշակել կոնցեպցիա` այդ հետազոտությունը կատարելու: 23 միջազգային խոշոր սահմանադրագետներ համաձայնել են համատեղ աշխատանք կատարել և եկել են հետևյալ եզրակացության. «Սոցիալական կոնֆլիկտների առանցքում այսօր մասնագիտական գնահատմամբ սահմանադրականության դեֆիցիտն է, որը ունի ծագման տարբեր պատճառներ, բայց առաջացնում է հասարակական զարգացումներում այնպիսի խեղաթյուրումներ, որոնք դրսևորվում են տարաբնույթ ձևով` կոռուպցիա, տարաբնույթ հնչակարծության դրսևորումներ, իշխանության ընդհուպ իրավունքների բացարձակեցում և նրա սանձազերծված դրսևորումներ, սոցիալական բևեռացվածության խորացում, քաղաքական-տնտեսական-վարչական ներուժի սերտաճում, այսինքն, պրոցեսներ սոցիալական, որոնք իրենց բնույթով հասարակական օրգանիզմի համար ոչ միայն հիվանդություն են, այլ նաև վերածվում են մետաստազների: Սրանք պետք է ժամանակին հնարավորին լինի ախտորոշել և խելամիտ ձևով ախտահարել»:

Ըստ բանախոսի, որպեսզի հասարակական զարգացումներին կայուն դինամիզմ հաղորդվի, պետք է սահմանադրական համակարգերում տեղի ունենան սահմանադրական դինամիկ զարգացումներ: «Հայաստանի Հանրապետությունում դժբախտաբար ժամանակին մենք դինամիկ զարգացումների բոլոր հնարավորությունները փակել ենք` 95 թվականի Սահմանադրությամբ, մեզ մոտ չկա այսօր Սահմանադրության պաշտպանական մեկնաբանման ինստիտուտ, չկա սահմանադրական օրենքի ինստիտուտ, չկա սահմանադրական լիազորությունների, առկա վեճերի լուծման ինստիտուտ, երբ այս խնդիրները ծագում են, սրանք տեղափոխվում են այն կուտակող բացասական էներգիայի դաշտ, մնում է միակ ճանապարհը փոփոխել»:

Գագիկ Հարությունյանը, մեջբերելով նախկին Խորհրդային միության երկրների փորձը` նշեց, որ ընդամենը 4 երկիր` Վրաստանը, Ուկրաինան, Ղրղըզստանը և Հայաստանն էին, որոնք սահմանադրորեն պահպանեցին նախագահի ընտրական համակարգը և փորձեցին կիսանախագահական կառավարման համակարգի պարագայում ապահովել որոշ ժողովրդավարական զարգացումներ: «Այս 4-ից 3-ում տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն`Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղըզստանում, գունավոր հեղափոխության արդյունքում ձևավորվեցին նոր իշխանություններ, այս 3 երկրները գունավոր հեղափոխության արդյունքում որոշակիորեն անցում կատարեցին կառավարման խորհրդարանական համակարգին: Հայաստանը շարունակեց մնալ սահմանադրական նոր կարգի շրջանակներում, չնայած մեզ նույնպես չհաջողվեց պետական զարգացումները տանել այն ճանապարհով, որ հայը հայի արյուն չթափի, տեղի ունեցավ մարտի 1-ը և դա նույնպես սոցիալական որոշակի կուտակված կոնֆլիկտների տարաբնույթ դրսևորում է, բայց մենք չպետք է մոռանանք նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, որը դարձյալ ահաբեկչական ակտ էր, բայց կուտակված որոշակի խտացումների դրսևորում»:

Ըստ Գագիկ Հարությունյանի, Սահմանադրությունը պետք է ունենա ներուժ ` բացահայտել, գնահատել ու հաղթահարել սոցիալական կոնֆլիկտների կուտակումները, այն պիտի դառնա մարդակենտրոն Սահմանադրություն, ոչ թե իշխանակենտրոն: «Ցավոք այսօր Հայաստանում իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն և հաճախ դա հասնում է կամայականության և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող ցանկացած ինստիտուտ, այդ թվում Սահմանադրական դատարան, մեզ համար ամեն օր պարզ է դառնում, թե որքանով են իրավունքները գործող, այսպես կոչված չակերտավոր, անմիջականորեն գործող և մարդկանց իրենց իսկ իրավունքների պաշտպանության համար ավելի շատ ոչ թե փորձում ենք մեր պետական ինստիտուտները վերափոխել, այլ մատներս տնկում ենք, դեպի Ստրասբուրգ, թե գնացեք , Ձեր իրավունքները պաշտպանեք, դա ճանապարհ չէ, և դա պետք է լիներ միայն ծայրահեղ մոտեցումը»:

Ըստ Գագիկ Հարությունյանի, այս իրավիճակը գլխավոր սկզբունքային լուծում է պահանջում, իշխանությունը պետք է սահմանափակված լինի իրավունքով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031