ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար: Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորություններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից երկրորդ հերթափոխում հանգստանում է 35 երեխա:
Հյուրերն այցելել են նաև «Արի տուն» ճամբար, որտեղ հանգստանում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտանիքներում «Արի տուն» ծրագրով հյուրընկալված 16 սփյուռքահայ երիտասարդներ:
Կիսվելով երևանյան հյուրընկալ ընտանիքների մասին իրենց տպավորություններով՝ վերջիններս նշել են, որ նրանց շնորհիվ ամրացել է կապը հայրենիքի հետ և վստահեցրել, որ ավելի հաճախ կգան հայրենիք ու արդեն իսկ շատ սիրելի դարձած Երևան:
Հանդիպման ավարտին սփյուռքահայ երիտասարդները հուշանվերներ են ստացել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն