Վաշինգտոն- Երեկ, Միացյալ Նահանգների Վերաքննիչ դատարանը կայացրել է իր որոշումը Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման վերաբերյալ,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
Վերաքննիչ դատարանի զեկույցի 37-րդ էջում մասնավորապես նշված էր, որ «շոշափելի առաջընթաց» է կատարվել Թանգարանի շենքի և գործառնությունների հանձնաժողովի կողմից 2006թ.-ի Ժերար Գաֆեսճյանի հրաժարականից հետո, սակայն դատարանը մերժել է նոր դատական գործընթացի համար բերված փաստարկները, որոնք հիմնված էին 1) նոր վկայության վրա, որ Գաֆեսճյանի աջ ձեռք Ջոն Ուոթերսին խոստացվել էր մի նշանակալից դրամական պարգև, հենց որ Գաֆեսճյանը ստանար իր ունեցվածքները, և 2) որ Առաջին ատյանի դատարանի դատավորը պարտավոր էր բացահայտել այն, որ ինքը Գաֆեսճյանի հետ միասին Ստանիսլավ Լիբենսկու ապակյա արվեստի գործի համատեղ նվիրատվություն էր կատարել Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին և, ըստ այդմ, հրաժարվել գործը վարելուց:
Ի վերջո, Վերաքննիչ դատարանը պահպանել է Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի վճիռը, որով հանձնարարվում էր, որ բոլոր այն կառույցները, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարանի համար, փոխանցվում են Գաֆեսճյան Ընտանիք հիմնադրամին:
«Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, հուսով ենք, որ Գաֆեսճյանի ժառանգները կպահեն իրենց խոստումը, որ Գաֆեսճյանն արել էր դատարաններում, այն է` օգտագործել այս ունեցվածքը թանգարան կառուցելու համար»,- հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի (AGMM) նախագահ Հրայր Հովնանյանը:
Կարդացեք նաև
Սրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության թանգարանը և հուշահամալիրը (AGMM) և Գաֆեսճյան Ընտանիք հիմնադրամը լուծել են Նյու Ջերսիի գործով դատավարությունը, որով հանգուցյալ Ագնես Ղազանչյանի կալվածքից մոտավորապես 450 հազար ԱՄՆ դոլարը կտրամադրվի Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի կառուցմանը: Բացի այդ, նախկինում Վաշինգտոնի Գերագույն դատարանում Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի լուծարման` Ժերար Գաֆեսճյանի կողմից ներկայացված հայցը անցած ամիս մերժվել է ի օգուտ Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի:
Ամերիկայի Հայկական Համագումարի մամուլի հաղորդագրություն