Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Կենտրոնական հավաքակայանում խոսելով զորակոչի ընթացքի մասին՝ նշեց, որ տարեցտարի վիճակը փորձում են բարելավել: «Լուրջ աշխատանք ենք իրականացնում զորակոչի նախապատրաստական աշխատանքի առումով, նաեւ որոշում ենք լավագույն զինկոմիսարիատները, նաեւ օղակները, որոնք մասնակից են այդ ամենին: Ցուցումներ ենք տալիս, որ թերությունները վերացվեն: Վերջին տարիների ընթացքում եւ կցագրման, եւ բուժզննման աշխատանքներն ավելի բարձր հիմքերի վրա են դրվել: Կցանկանայինք, որ ծնողները լուրջ ուշադրություն դարձնեին իրենց զավակների առողջությանը՝ նախազորակոչային տարիքում, այսինքն՝ 16-18 տարեկանն ընկած շրջանում: Լինում են դեպքեր, որ նորակոչիկների մոտ հիվանդություններ են հայտնաբերվում կենտրոնական բժշկական հանձնաժողովում, մինչդեռ երկու տարիները ծնողները պետք է լիարժեք օգտագործեն, դիմեն զինկոմիսարիատներին, համապատասխան բուժհիմնարկներին»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքները էապես փոխվել են, վերջին տարիներին ընդգրկվել են լավագույն բժիշկ մասնագետները, ռազմական ոստիկանության օպերատիվ աշխատողները, վերահսկիչ վարչության ներկայացուցիչները:
Նախարարը չթաքցրեց, որ կան նաեւ թերություններ եւ ոլորտը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Վերջին մի քանի օրվա ընթացքում մարդիկ են ձերբակալվել՝ ե՛ւ զինկոմիսարիատներից, ե՛ւ բժշկական համակարգերից, որոնք փորձել են անօրեն առողջական եզրակացություններ կամ տարկետումներ տալ: Հիմա իրավապահ մարմինները զբաղվում են նրանցով, այդ մարդիկ լիարժեք պատասխան են տալու: Հայտնաբերել ենք նաեւ նախկինում երեք տարի տարկետում ստացած շուրջ 61 նորակոչիկների, որոնք կրկին ոչ նորմալ, անօրեն տարկետումներ են եղել…Այն, ինչ կատարվել է զորակոչի վիճակը բարելավելու ուղղությամբ, իսկապես շրջադարձային է, բայց միեւնույն ժամանակ, ոլորտը կոռուպցիոն ռիսկերով լի է: Կան պաշտոնատար անձինք, որոնք դեռ փորձում են «հին» մեթոդներով գործել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ