Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարությունը դատի է տվել էլիտար սերմացուից տուժած գյուղացիներին. վերջիններս ցույց են անում (Տեսանյութ)

Հուլիս 17,2014 15:02

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա էին անում, պահանջելով` վերանայել գյուղնախարարության կողմից իրենցից բռնագանձվող գումարները:

2011 թվականին գյուղացիներին նախարարությունը ցորենի էլիտար սերմացու է տրամադրել, պայմանով` բերքը ստանալուց հետո գումարը վերադարձնել: Սակայն, բազմաթիվ գյուղացիներ էլիտար սերմացուից, կարելի է ասել` տուժել են, եւ բերք չեն ստացել:
Այս մասին հանրապետության տարբեր մարզերի գյուղացիները մշտապես ահազանգել են, սակայն գյուղատնտեսության նախարարությունը դատարանի միջոցով գյուղացիներից պահանջում է գումարների վերադարձ:

Aravot.am-ի հետ զրույցում, այսօր, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից Գեղարքունիքի մարզի բնակիչ Նորիկ Հովհաննիսյանը պատմեց, որ նախարարությունից ստացած էլիտար սերմացուից անգամ ծիլ չի ստացել, իսկ Շիրակի մարզի իր ընկերոջից վերցրած 50 կիլոգրամ տեղական ցորենի սերմացուից 850 կիլոգրամ բերք է ստացել:

Գյուղացու խոսքերով` «Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ասում է` մեր տվածը տեղայնացված չէր. է’ գյուղացին քո համար փորձադաշտ չէ: Միայն Վարդենիսում 76 մարդ տուժել է, բերք չի ստացել: Ցորենի էլիտար սերմ չէ, էլիտար աղբ դուրս եկավ, տեղական էն վերջին սորտի սերմն էլ ծիլ տալիս է: Լավ, մեկը ծույլ եղավ չկարողացավ մշակել, մեկը սխալ արեց, բա ամբողջ հանրապետությունում սենց բան կլինե՞ր, Սիսիանում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արմավիրում, ամեն տեղ կա խնդիրը»:


Aravot.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի բնակիչ Հակոբ Վարդանյանն էլ ասաց, որ կառավարության տրամադրած էլիտար սերմացուից բերք չստանալու պատճառով տնից է զրկվել, վաճառել է բնակարանը, որպեսզի վերցրած 5 միլիոն դրամ վարկը մարի:

 

Գյուղացիների ներկայացմամբ` գյուղատնտեսության նախարարությունը պնդում է` ֆորսմաժորային իրավիճակ չի եղել, գումարը գյուղացիները պետք է վերադարձնեն: Մեզ հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները կարծիք հայտնեցին, որ դատարանը հօգուտ նախարարության է վճիռ կայացնելու:

«Կառավարություն խիղճ ունեցի, մի հատ ուսումնասիրի, ստուգի` տես ինչ վիճակում ենք»:

Ինչպես վստահեցրին մեզ հետ զրուցած գյուղացիները, նրանցից պահանջվող գումարները 1 միլիոնից էլ անցնում են, մեկը պարտք է` 2 միլիոն 200 հազար դրամ, մյուսը` 1 միլիոն մի քանի հարյուր հազար, ու այդպես ամբողջ հանրապետությունում նման գյուղացիների թիվը 100-ից անցնում է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031