Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր խնդիրները կատարում է

Հուլիս 17,2014 14:39

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային: Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը: Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաև Ներքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը և հետքերի հետևից գնալով՝ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին: Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաև հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված և, համագործակցելով Պաշտպանության բանակի ստորաբաժանումների և նաև իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում: Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաև բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել:
Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է: Այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն:
Այնուհետև, հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Ավելացվում են զինծառայողների պարգևավճարները
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքների փոփոխությունից: Մասնավորապես, դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակը վերանվանվել է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում: Որոշմամբ 2014թ. մայիսի 1-ից 5 հազար դրամով բարձրացվել են առանձին զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին երկրորդ կենսաթոշակի փոխարեն տրվող, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարների չափերը, սահմանվել է մահացած զինծառայողի ընտանիքի անդամին դրամական օգնություն նշանակելու տեղեկանքի նոր ձև: Որոշմամբ ձեռնարկված միջոցները հանրագումարի է բերել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Փաստորեն կան զինվորական կենսաթոշակառուների առանձին կատեգորիաներ, ում չեն վերաբերելու 2014թ. հուլիսի 1-ից կատարված բարձրացումները, և մենք այս որոշումով 10-50 տոկոսով բարձրացնում ենք շուրջ 12 հազար 300 հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարի չափը: Զոհված զինծառայողների ընտանիքի շուրջ 1250 անդամների զինվորական կենսաթոշակի փոխարեն տրվող պարգևավճարի չափը ավելացվում է 20 տոկոսով և զոհված զինծառայողի ընտանիքի շուրջ 6500 անդամներ հնարավորություն են ստանում էապես բարելավել իրենց սոցիալական պաշտպանվածության մակարդակը՝ իրենց երկրորդ կենսաթոշակի փոխարեն ընտրելով պարգևավճար ստանալու տարբերակը, որի գումարը կաճի մոտ 50 տոկոսով»:

Եվս երեք որոշմամբ կառավարությունն ապահովել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը և 2014թ. հուլիսի 1-ից զինծառայողների կենսաթոշակների հաշվարկումը նոր կարգով:

ՀՀ կառավարությունը հաստատել է խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագիրը: 2006 թվականից այն իրականացվում է Լոռու մարզում և նպաստել է, որպեսզի ընտանիք վերադառնա մարզի հաստատություններում խնամվող շուրջ 1000 երեխայից մոտ 300-ը: Այժմ ծրագիրը մեկնարկում է Շիրակի մարզում, որտեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է երկրում: Երեխաների խնամք ու դաստիարակություն իրականացնող շուրջօրյա հաստատությունները 7-ն են, որտեղ կա 560 երեխա: Միջոցառումը թելադրված է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխմամբ և նպատակ ունի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպել ընտանիքներում:

Աջակցություն են ստանում բնական աղետից տուժած տնտեսությունները
ՀՀ կառավարությունն հաստատել է Շիրակի մարզում 2014թ. հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, Լոռու մարզում՝ 2014թ. մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակները, լրացումներ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներում: Կարկտահարությունից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնք: Տուժած համայնքներում կան հողօգտագործողներ, որոնք 2013թ. մարզպետարանից ստացել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 2014թ. բերքահավաքից հետո ստացած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 1:2 հարաբերակցությամբ 80 դրամ (160 դրամ) վերադարձնելու պայմանով: Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասը, որի հետևանքով հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ, որոշվել է նշված գումարների վերադարձը հետաձգել և դրա քննարկմանն անդրադառնալ 2015թ. հուլիս ամսին: 2014թ. ներկայացվել է ավելի քան 1200 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի պահանջարկ, որի դիմաց վերադարձման ենթակա գումարների հարցը նույնպես քննարկվելու է 2015թ. հուլիս ամսին: Նշելով, որ ինքն անձամբ է ականատես եղել բնական աղետի պատճառած ավերածությանը, կառավարության ղեկավարը կասկած է հայտնել, թե գյուղացիներն իրենց պարտքը կարող են եկող տարի վերադարձնել և հանձնարարել է պատկան մարմինների ղեկավարներին ևս մեկ անգամ քննարկել հարցը ՀՀ փոխվարչապետի հետ և կոնկրետ որոշում կայացնել: Վարչապետը գյուղացիներին աջակցելու առաջարկով դիմել է նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը լուծել է Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքին հացահատիկահավաք կոմբայն տրամադրելու և Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն և Արտենի համայնքներում հակակարկտային կայաններ տեղադրելու հարցերը:
Կկանխվի արտեզյան ջրերի աղտոտումը
ՀՀ ստորերկրյա ջրային պաշարի ավելի քան 50 տոկոսը կենտրոնացած է Արարատյան արտեզյան ավազանում: Ստորերկրյա ջրերն օգտագործելու նպատակով տասնյակ տարիների ընթացքում փորվել են բազմաթիվ հորատանցքեր, որոնց զգալի մասն ապօրինի է և օգտագործվում է պոմպերի օգնությամբ: Չօգտագործվող ջրի բացասական մակարդակով հորատանցքերը լցվում են տարատեսակ պինդ և հեղուկ թափոններով և աղտոտում ջրատար ապարները և ջրերը: Այսօր ջրերի աղտոտումն ավելի մեծ վտանգ է, քան դրանց սպառումը: 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել է 19 և կոնսերվացվել 26 հորատանցք: Կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխմամբ և կատարմամբ կնվազեցվեն ստորերկրյա ջրի պաշարի աղտոտման օջախները, աննպատակ կորուստը: 2014թ. երրորդ եռամսյակում նախատեսվում է լուծարել կամ կոնսերվացնել շուրջ 40 ինքնաշատրվանող կամ բացասական մակարդակով հորատանցք: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր ապօրինի հորերը փակվեն և բնապահպանության նախարարին հանձնարարել է տարեվերջին հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով նորոգված և վերականգնված Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն համայնքների ոռոգման համակարգերի ջրհան կայանին մոտեցնող ջրանցքը, գլխամասային հանգույցը և Այգեհովիտ գյուղի վերակառուցված ջրհան կայանն ու նոր կառուցված ճնշումային խողովակաշարը կառավարության որոշմամբ ամրացվել են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին և հանձնվել «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը: Մեկ այլ որոշմամբ ջրտնտպետկոմի աշխատակազմին են ամրացվել «Սոլակ» չգործող պոմպակայանի շենք-շինությունները, սարքավորումները և ձևավոր մասերը. որոշման ընդունումը հնարավորություն կտա նշված գույքը նպատակային օգտագործել և լուծել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 20 հա հողատարածքի ոռոգման խնդիրը:
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և 2014 թվականի ջրառը 170 մլն-ի փոխարեն սահմանել 245 մլն խորանարդ մետր:

Գործում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին
ՀՀ կառավարությունը «Ալյանս» ԱՏԳ «ՌԱՕ Մարս» տարածքում երեք տարի ժամկետով դեղագործական գործունեության իրականացման համար շահագործողի թույլտվություն է տրամադրել «Ֆարմատեք» ՓԲԸ-ին: Մինչ այդ «Ալյանս» ԱՏԳ-ում արդեն կար երկու շահագործող: Ակնկալվում է, որ նրանց գործունեությունը հնարավորություն կընձեռի ներդրումներ ներգրավել, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Իր նիստում կառավարությունը որոշել է «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով, ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դատական վարույթի ընթացքում և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարմանն առնչվող գործերով. որոշումը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նորոգման առաջնահերթության ցանկին, ընդունել ի գիտություն, որ Համաշխարհային բանկի և այլ դոնոր կազմակերպությունների հետ բանակցելիս անհրաժեշտ է առաջնորդվել այդ ցանկով:
Կազատվեն պետական տուրքի վճարումից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմիններն ազատել պետտուրքի վճարումից: Այժմ պետտուրքից ազատված են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, կենսաթոշակային զբաղվածության հիմնադրամը և դատական իշխանության մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, նոտարները և այլ կազմակերպություններ:
Նիստում հավանություն է ստացել «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի նպատակը համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար պաշտոնի անձնագրով նախատեսված չափանիշների պահպանումն է և 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում համայնքային ծառայության մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման միատեսակ ընթացակարգերի սահմանումը:
Գործադիրը քննարկել է «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Քանի որ շրջանառության մեջ են գտնվում ՀՀ արդարադատության նախարարության մշակած մի շարք օրինագծեր, որոնցով առաջարկվում է հանրային իրավական դրամական պահանջներով օրենքի պահանջների խախտմամբ պայմանավորված տույժ կամ տուգանք սահմանող անբողոքարկելի վարչական ակտերի կատարման դատական կարգ սահմանել այն դեպքում, երբ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է 500 հազար դրամը, ինչպես նաև այն, որ նույն խնդրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, կառավարությունը օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ձեռնպահ մնալ փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից հետո:

Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը կառավարության եզրակացության համաձայն համապատասխանում է աուդիտի ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Սակայն նախագծով առաջարկվող աուդիտորի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջի սահմանումը ներառում է բազմաթիվ ռիսկեր, ուստի առաջարկվում է լրամշակել նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016թթ. ծրագիրը: Նախատեսված միջոցառումները կապահովեն ապաստանի տրամադրման և միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրության համապատասխանությունը Եվրամիության օրենսդրությանն ու լավագույն ինստիտուցիոնալ կառուցվածքներին, կաջակցեն օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձին և հայրենիքում նրանց հետագա վերաինտեգրմանը, կկանխարգելեն Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիան, կկանոնակարգեն Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների զբաղվածությանը վերաբերող օրենսդրությունը, կկատարելագործեն ՀՀ սահմանային կառավարմանն ու ապաստանի տրամադրմանն առնչվող օրենսդրությունը, ինչպես նաև կապահովեն Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը:

 

Այլ որոշումներ
«Շախմատը կրթական համակարգում» գիտաժողովը կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 15.4 մլն դրամ:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը Սիրիայի Արաբական Հանրապետության հայ քաղաքացիներին ևս մեկ տարով հնարավորություն է տվել վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու:

Կառավարությունն իր որոշմամբ հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Դավիթ Մուրադյանի ընտրության արդյունքը: Վարչապետը կառավարության անունից շնորհավորել է նորընտիր ռեկտորին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031