Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալն ասաց, որ Խաչիկյանն է հանձնարարել կենսաթոշակառուների գումարների տակ ստորագրել (Ֆոտոշարք)

Հուլիս 17,2014 14:15

Սամվել Էլբակյանը թերեւս 12 ամբաստանյալներից միակն է, որ աշխատում է սոցիալական ծառայության պետ Շենգավիթ վարչական շրջանում եւ միաժամանակ մեղադրվում է «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» քրեական գործով: Այսօր նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց:

Նա ասաց, որ Վազգեն Խաչիկյանի հանձնարարությամբ է կենսաթոշակառուների դեպոնենտային ցուցակները կազմվել, ապա ուղարկվել սոցիալական ծառայության վճարային ծառայություն, այնտեղից ցուցակները նորից հետ են ուղարկվել եւ ասել են, թե պետք է ստորագրվի կենսաթոշակառուների փոխարեն: Ըստ ամբաստանյալի, ինքը որեւէ գումար չի ստացել, իսկ Շենգավիթ համայնքի համապատասխան ստորաբաժանումում էլ չեն եղել դիմումներ:

PrevPhoto
NextPhoto

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ ինքը զայրացել է, պատռել ցուցակները: Նախաքննության ժամանակ Սամվել Էլբակյանը նաեւ հայտնել էր, որ խոսքը մոտ 20 անձնավորության մասին է: Նա դատարանում նաեւ հայտնեց, որ ինքը մեկ անգամ է կարողացել տեսնել Վազգեն Խաչիկյանին, որն էլ իրեն ուղարկել էր ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի մոտ: Աշոտ Աբրահամյանն էլ նրան հայտնել էր, որ պետք է հավաքվի 20 մլն դրամից ավելի գումար, մինչդեռ ցուցակները կազմվել էին 14 մլն դրամի չափով: Ամբաստանյալը հարցերին պատասխանում էր ագրեսիվ, դժգոհելով եւ տարօրինակ բան. հաճախ էր շուռ գալիս իր ետեւում նստած միակ կին ամբաստանյալ, իր նախկին աշխատակից, օպերատոր Հրանուշ Դանիելյանի եւ աշխատակից Համլետ Մարտիրոսյանի կողմը՝ որոշ հարցեր ճշտելու համար: Երբ դատավորը հարցրեց, թե դուք լսեցիք ձեր նախկին երկու աշխատակիցների ցուցմունքները. արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը, Ս. Էլբակյանը պատասխանեց՝ ուշադիր չեմ եղել:

Նա հատկապես հունից դուրս եկավ այն ժամանակ, երբ Հրանուշ Դանիելյանի եւ Համլետ Մարտիրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հարցրեց՝ ինչո՞ւ են ձեր նախկին աշխատակիցները մեղադրվում եւ որ, եթե պատռել էիք ցուցակները, ապա ինչո՞ւ եք ասել, թե հանձնարարականներ եք տվել նրանց: Ի դեպ, այդ գումարները պետք է տրամադրվեր Վերահսկիչ պալատին՝ իբրեւ ստուգումների հետ կապված: Սակայն պարզվեց, որ Վերահսկիչ պալատը ստուգումների ժամանակ 2010թ. մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ստուգումներ է անցկացրել, սակայն որեւէ բան չի հայտնաբերվել: Հրապարակվեցին Սամվել Էլբակյանի առերես հարցաքննության արձանագրությունները: Նա վկայի կարգավիճակով առերեսվել էր ամբաստանյալներ Հովհաննես Գրիգորյանի (տեղեկատվական վարչության պետ) եւ Վիգեն Գալստյանի հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031