Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Մեր գրասենյակ այցելությունը պետք է դատարկ ձեռքերով լինի»

Հուլիս 17,2014 13:29

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ՝ 146 չափորոշիչներով եւ վարկանիշային աղյուսակ կազմել, թե որ պետական մարմինների տեղեկատվությունն է ավելի մատչելի ստանալ:
Այսօր «Հայացք» ակումբում այս մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել են 44 պետական մարմինների կայքերը:

Ուսումնասիրության արդյունքները նախնական են: Պետական մարմինները կարող են համագործակցել կոմիտեի հետ եւ շտկեն իրենց սխալները՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ «Բավականին տխուր է այն փաստը, որ նախարարությունների եւ գերատեսչությունների խմբում ընդամենը 10 մարմին է, որոնց ցուցանիշներն անցյալ տարվա համեմատ բարելավվել են: Անցյալ տարի մենք համագործակցեցինք պետական մարմինների հետ եւ բավականին բարձր ցուցանիշների հասավ, նրանք լրացրեցին այն բացը: Այս տարի այդ բարձր ցուցանիշներից շատերն իջել են, եւ դա մտահոգիչ է: Նույնը կարելի է ասել մարզպետարանների կայքերի մասին: Միայն մի կայքը՝ Արագածոտնի մարզպետարանի կայքն է բարելավել իր ցուցանիշը»:

Պարոն Մելիքյանը նաեւ ասաց, որ պետական մարմինների կայքերում հաճախ ամբողջական չեն կամ բացակայում են այնպիսի կարեւոր տվյալներ, ինչպիսիք են պետբյուջեից հատկացված գումարների տարեկան ծախսերը, թափուր պաշտոնների ցանկը չի լինում. «Շատերը կամ սահմանափակվում են միայն թափուր տեղի ցանկը հրապարակելով, բայց չեն տեղադրում մրցույթի անցկացման պայմանները, բողոքարկման պայմանները եւ այլ մանրամասներ:

Ինչ վերաբերում է վարկանիշային աղյուսակին, նախարարություններից առաջին տեղում է տարածքային կառավարման նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը 3-րդ տեղում է, արդարադատության նախարարությունը՝ 5-րդ տեղում: Տասնյակը փակում է ԿԳ նախարարությունը, որն անցյալ տարվա համեմատ զիջել է իր տեղը:

Նախարարություններից վերջին տեղում է բնապահպանության նախարարությունը, ինչի համար պարոն Մելիքյանն ափսոսանք հայտնեց. «Սա ցավալի է, որովհետեւ բնապահպանության նախարարությունը հանրային նշանակության բազմաթիվ տեղեկություններ ունի»:

Աղյուսակում վերջին տեղերում են նաեւ մշակույթի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի եւ քաղաքաշինության նախարարությունները:

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ բազմաթիվ պետական մարմինների ղեկավարներ, նախարարներ, նրանց տեղակալները ոչ միայն ուշադրություն են դարձնում այս մոնիտորինգին, այլեւ կայքի պատասխանատուներին հորդորում են հետեւել արդյունքներին, նախատում են նրանց եւ խրախուսում՝ կախված արդյունքներից:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նախարարները չե՞ն փորձել ծանոթների միջոցով կամ գումար առաջարկելով՝ իրենց տեղն աղյուսակում առաջ գցել՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Մեր իմիջն այնպիսին է, որ ոչ մեկն այդպիսի ռիսկ չի անի: Նույնիսկ սուրճի եւ թեյի առաջարկները չենք ընդունում, ինքս եմ հրաժարվում: Լինում են դեպքեր, երբ նախարարության ներկայացուցչները գալիս են գրասենյակ՝ որոշ կոնսուլտացիաներ ստանալու համար: Ես խիստ նախազգուշացրել եմ, որ մեր գրասենյակ այցելությունը դատարկ ձեռքերով լինի»:

Հարցին՝ նեղացողներ չե՞ն լինում՝ նա պատասխանեց՝ լինում են, բայց նեղանալու բան չկա՝ կամ այդ ինֆորմացիան կա, կամ չկա, թերի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031