«Ցեղասպանությունից անցել է 100 տարի: Թվում է, թե երկար ժամանակ է անցել եւ կարծես թե թուրքերը եւ հայերը պետք է փոխված լինեին: Սակայն, ցավոք սրտի, այդպես չէ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը, խոսելով այն մասին, թե ինչ հոգեբանական տրամադրվածություն ունի հայ եւ թուրք ժողովուրդը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:
Տիկին Նալչաջյանը հոգեբանական տեսանկյունից ներկայացրեց, որ 1915 թվականին թուրքերի կատարած ցեղասպանությունը համեմատում է հանցագործի կատարած գործողության հետ եւ ասում, որ կան երկու տեսակի հանցագործներ. «Մեկը, որ հանցագործությունը կատարելուց հետո խղճի խայթ է զգում, մյուսը, որ ասում է՝ «Արել եմ, լավ եմ արել»:
Տիկին Նալչաջյանը իր աշխատանքային փորձի ընթացքում հանդիպել է նաեւ թուրք երիտասարդների, որոնք ափսոսում են, որ մինչեւ վերջ չեն բնաջնջել հայերին: Հոգեբանի խոսքով` մտածել, որ թուրքերը փոխվել են եւ այլ մոտեցում են ցուցաբերելու հայերի նկատմամբ` ուղղակի մոլորություն է:
Ազգագրագետ Հարություն Մարությանը իր խոսքում նշեց, որ 1965 թվականի ապրիլյան գործությունները ցույց տվեցին, որ ցեղասպանության հիշողությունը հայ ազգի մոտ կենդանի է եւ իրենից որոշակի գործոն է ներկայացնում, որի վրա հնարավոր չէ աչք փակել: Ազգագրագետը ներկայացրեց, որ մինչ 1965 թվականը ցեղասպանության մասին խոսողները կամ գնդակահարվում, կամ աքսորվում էին:
Կարդացեք նաև
Պրն Մարությանը նշեց, որ 1965 թվականից հետո կարելի էր խոսել ցեղասպանության մասին, որի դեպքում հայերի մոտ պահպանվում էր զոհի կերպարը. «Զոհ, որին իհարկե կործանումից փրկեց սովետական իշխանությունը»: Ազգագրագետը վստահ է, որ հայերի մոտ զոհի կարծրատիպը հաղթահարվել է Արցախյան հերոսամարտից հետո, որովհետեւ շարժման տարիներին հենց ցեղասպանության հիշողությունը եկավ առաջին պլան եւ դարձավ դրա շարժիչ ուժը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ