«Մեզ դա դուր է գալիս, դուր չի գալիս, բայց մենք զոհ ենք: Կարո՞ղ է պատահի մենք դահիճն ենք եղել»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով այն մասին, թե ցեղասպանության տարելիցի 100 ամյակի շեմին ի՞նչ հոգեբանական տրամադրվածություն ունի հայ եւ թուրք ժողովուրդը, նշեց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, արդյոք եթե մյուս տարի Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, հոգեբանական տեսանկյունից կշարունակի՞ հայը կրկին մնալ զոհի կերպարի մեջ, ասաց, որ այդ դեպքում իրավիճակը չի փոխվի: Իսկ ճանաչման մասին էլ խոսելիս, կարծիք հայտնեց, որ կասկածում է, որ մյուս տարի Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Տիկին Նալչաջյանն ասաց, որ նման դեպքում կարող է առանձնացնել «համազգային սգո ապրում» երեւույթը:
Տիկին Նալչաջյանը մեզ ասաց, որ սուգը հաղթահարելուն շատ է օգնում ճանաչումը. «Պատկերացրեք, ինչ սոսկալի վիճակ կլինի մարդու մոտ, եթե միայն նա լինի եւ իր հանգուցյալը»: Հոգեբանը այս օրինակը հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին է նմանեցնում. «Մենք շատ ենք ուրախանում, երբ լսում ենք, որ ինչ որ երկիր ճանաչեց ցեղասպանությունը: Իհարկե, սա նաեւ քաղաքական որոշում է, բայց այնուամենայնիվ մենք մեզ հոգեբանորեն թեթեւացած ենք զգում»:
Ազգագրագետ Հարություն Մարությանն էլ մեր հարցին ի պատասխան՝ հիշեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլ ամսին իր ցավակցական հայտարարությունն էր արել, որից հետո շատերն ընկալել էին, որ հնարավոր է` ճանաչում լինի Թուրքիայի կողմից. «Իմ խորին համոզմամբ, մյուս տարի էլ նման մի բան կլինի` այսինքն կիսատ-պռատ ճանաչում, որի դեպքում կրկին աշխարհում կստեղծվի այնպիսի տպավորություն, որ Թուրքերը սգում են, նույնիսկ ներողություն են խնդրում: Դա չէ հարցի լուծումը, հարցը ունի իրավական բազմաթիվ կողմեր, որի մասին ասվում է, սակայն չի նախապատրաստվում»:
Կարդացեք նաև
Ազգագրագետը իրական ճանաչում է համարում Հոլոքոստի ճանաչումը, երբ պետությունը ընդունեց, որ նման բան է արել, որ մեղավոր է եւ պարտավորվում է որոշակի ժամանակահատվածում փոխհատուցման ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Սա է իրական ճանաչումը, մի բան, որ խորին համոզմամբ չի լինի, քանի որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ դրան» :
Մանրամասն ` տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ