Հատված նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի հետ հարցազրույցից:
– Այլախոհները մարդիկ էին, ովքեր խորհրդային ամենադաժան ռեպրեսիաների պայմաններում պայքարում էին հանուն Հայաստանի անկախության։ Ինչո՞ւ ստացվեց այնպես, որ երբ անկախության համար պայքարելու ավելի բարենպաստ պայմաններ էին ստեղծվել, այլախոհները մղվեցին հետին պլան, ի տարբերություն սոցիալիստական ճամբարի այլ երկրների, որտեղ հենց այլախոհները ղեկավարեցին անկախության համար պայքարը։
– Սա բնական զարգացում է։ 1988թ. հետո երկրում նոր իրավիճակ ստեղծվեց, և պետք է ի հայտ գային ու ի հայտ եկան նոր՝ ժամանակի ոգուն ավելի հարազատ մարդիկ։ Կրկնեմ, որ 1988-90-ականներին այլախոհները դեռ հետին պլան մղված չէին։ Ավելի ուշ՝ 90-ականների կեսերից հետո դա տեղի ունեցավ։ Սա պետք չէ ցավագին ընդունել։ Նոր ժամանակը նոր մարդ ու նոր մտածողություն էր պահանջում։ Նույնը, չնչին բացառություններով, կրկնվել է խորհրդային և արևելաեվրոպական այլ երկրներում։ Օրինակ՝ 90-ականների սկզբին Էստոնիայի կառավարությունում այլախոհներ կային։ Անգամ երկրի ներքին գործերի նախարարն էր հայտնի կին այլախոհ։ Բայց փոխվեցին ժամանակները, և նրանք ետ մղվեցին։ Շատ տեղերում իշխանության եկան նախկին ճարպիկ կոմսոմոլները՝ արդեն նոր կարգախոսներով։ Այս ճարպիկները չգալ չէին կարող։ Նույնը կատարվեց նաև Լեհաստանում ու Չեխիայում։ Այնտեղ այլախոհները նախագահներ դարձան, բայց այսօր իշխանության մեջ այլախոհներ էլ չեք գտնի, իսկ նախկին կուսակցական ու կոմսոմոլական գործիչներ՝ ինչքան ասես։
– Այս օրերին ընթանում է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատավարությունը։ Հարությունյանը հետապնդվել և դատապարտվել է ԽՍՀՄ տարիներին և հետապնդվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։ Նա հայտարարում է, որ իրեն շարունակում է հետապնդել սովետական կամ ռուսական ԿԳԲ-ն։ Ի՞նչ կասեք նախկինում և ներկայումս Շանթին ներկայացված մեղադրանքների նմանության մասին։ Ի՞նչ
կասեք ԽՍՀՄ-ի և ՀՀ քաղաքական համակարգի, իրավապահ և պատժիչ համակարգերի նմանության մասին։
– Ցավոք, Անկախ Հայաստանը չկարողացավ դառնալ երկիր, որտեղ քաղբանտարկյալներ չկան։ Մեր այս կարճատև պատմության ընթացքում միշտ էլ քաղբանտարկյալներ ունեցել ենք։ Շանթը և նրա ընկերները նույնպես քաղբանտարկյալներ են։ Տարբերություն չկա, թե ո՞ր երկրում է քաղբանտարկյալը՝ Անկախ Հայաստանո՞ւմ, թե՞ ԽՍՀՄ-ում։ Քաղբանտարկյալին բանտարկելու, նրա վրա գործ սարքելու և՛ դրդապատճառները, և՛ մեթոդները նույնն են մնում։ Այս առումով Շանթի հայտարարությունները տեղին են ու արդարացված։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում