Քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը դեռեւս 2010-ից տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամ է, անկեղծորեն ու ինքնաքննադատաբար ներկայացրեց այս դաշտի իրողությունները:
Հարցին ի պատասխան, թե արդյոք այսօր արդյունավե՞տ են գործում նորաստեղծ նախաձեռնությունները, նկատեց. «Շատ բան կախված է նրանից, թե ովքե՞ր են անդամները: Եթե նույն անձինք են ներգրավված տարբեր նախաձեռնություններում, ուրեմն նույնն է դառնում բոլորի ռազմավարությունը, սկսում են մեկը մյուսին կրկնել ու սպառել իրենց, ինչն էլ հանգեցնում է նրան, որ հասարակության լայն զանգվածներ սկսում են ձանձրանալ»:
Իսկ մեթոդների անարդյունավետությունից էլ տուժում է գործը, նպատակը: Խաչատրյանը նկատեց, թե այսօր այլեւս անարդյունավետ է, օրինակ, ճանապարհներ փակելու մեթոդը, այն իրեն սպառել է, չի աշխատում: Քաղաքացիական սեկտորի էժանագին քայլերը հանգեցնում են ամբողջ հասարակության վստահության կորստին:
Իրավաբանը համոզված է՝ քաղաքացիական նախաձեռնությունները կարող են հաջողել, եթե կարեւորեն գաղափարական պայքարը. «Նման պայքարով իշխանությանը հասցնում ես ասելիքդ՝ քաղաքացիական սեկտորի հետ պետք է շփվել ինչպես հավասարը հավասարի: Միայն գաղափարական պայքար ծավալելով կարող ես ասել՝ պարոն իշխանավոր, դու ստանձնել ես այդ պաշտոնը, ուրեմն բարի եղիր ինձ հետ խոսել ինչպես հավասարը հավասարի»:
Քաղակտիվիստն անիմաստ է համարում այսպիսի մոտեցումը՝ իշխանություն, դու ոչ լեգիտիմ ես, ու ես քեզ հետ չեմ համագործակցում. «Սա անարդյունավետ բոյկոտ է, ինչպես մյուս էմոցիոնալ քայլերը՝ փողոց դուրս գալը, անհնազանդություն հրահրելը: Հակառակը, մենք պետք է այսպես մտածենք՝ վճարում ենք հարկերը, մեր վճարով բյուջե է ձեւավորվում, մեր վճարումների հաշվին պաշտոնյաները աշխատավարձ են ստանում, ուրեմն մենք պետք է պարտադրենք նրանց աշխատել, ծառայել երկրին»:
Կարդացեք նաև
Հետեւությունը մեկն է, նոր ձեւավորվող քաղաքացիական հասարակությունը որպեսզի ի նպաստ երկրի գործի, պետք է փոխի շեշտադրումներն ու կարեւորի ամենակարեւորը՝ ես, դու, մենք այս երկրի տերն ենք, ուրեմն մենք պետք է աշխատեցնենք իշխանությանը՝ աշխատելով նրա հետ:
Հակառակ դեպքում քաղաքացիական խմբերը կվերածվեն «անհատ ձեռներեցների ակումբների», ինչն ամենեւին չի բխում երկրի, պետության շահերից:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում