Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով ներկայացրեց Քարվաճառի իրավիճակը: Նախարարը նշեց, որ առաջին գծում միշտ լարվածություն է ստեղծվում դեռեւս 1994թ. զինադադարից հետո՝ Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով: Վերջին տարիներին, ըստ նախարարի, լարվածություն կա նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում՝ Տավուշի մարզում: Եվ միաժամանակ տեղեկություններ են եղել Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման փորձերի մասին: Վերջերս Քարվաճառում դիվերսանտների ներթափանցման վերաբերյալ էլ պարոն Օհանյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից միջոցներ են ձեռնարկվել հնարավոր ներթափանցածներին հայտնաբերելու ուղղությամբ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հետքեր էին հայտնաբերել եւ համագործակցել Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ստորաբաժանումների հետ եւ դիվերսիոն խմբի մեկ անդամին հայտնաբերել են: Այնուհետեւ, ըստ նախարարի, նաեւ միջոցներ են ձեռնարկվել՝ հավելյալ անցակետեր են տեղադրվել, ստորաբաժանումներ են ուղարկվել այդ տարածք: Պաշտպանության նախարարի ներկայացմամբ՝ իրավապահների հետ համագործակցելով բացահայտվել են դիվերսիոն խմբի բոլոր անդամները:
Պաշտպանության նախարարի խոսքերով՝ Քարվաճառի բնակչության շրջանում մտավախություն կար, քանի որ, նախնական տեղեկություններով, քարվաճառցի պատանու սպանության մեջ կասկածվում է այդ դիվերսիոն խմբի անդամներից մեկը, որը վերջում է հայտնաբերվել: Այսօր տարածաշրջանի բնակչության հետ ՊՆ-ն համապատասխան գործողություններ է տանում, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ բանակն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարում է, դիվերսիոն խմբի բոլոր անդամները հայտնաբերված են: Ըստ նախարարի՝ առաջին գծում հավելյալ միջոցառումներ կիրականացվեն, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ