«Օրինաց երկրի» ընդդիմադիրացումը անթույլատրելի համարողները բերում են մի փաստարկ, որի հետ դժվար է չհամաձայնել։ Նրանք ասում են, որ ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններում քլնգել է Սերժ Սարգսյանին, ապա կոալիցիա կազմել նրա հետ։ Ճիշտ են ասում, բայց ՀՅԴ-ն էլ է 2008 թվականի նախագահական ընտրություններում քլնգել Սերժ Սարգսյանին, ապա նրա հետ կոալիցիա կազմել։ Էդ ի՞նչ սկզբունքով ենք որոշում, որ ՀՅԴ-ին կարելի է, ՕԵԿ-ին ոչ։ Սրան ի պատասխան ասում են, որ ՀՅԴ-ն հետո դուրս է եկել կոալիցիայից։ Է հա, հիմա էլ ՕԵԿ-ն է դուրս եկել, ինչպես ՀՅԴ-ն, ինչպես ԲՀԿ-ն. եթե այն երկուսի ընդդիմադիրացումը, կոալիցիայի մաս լինելը, ապա եւ դուրս գալն ընդունելի է, ինչո՞ւ ՕԵԿ-ինը ընդունելի չէ։
Ասում են ՕԵԿ-ը 2013 թվականի նախագահական ընտրություններին պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը. է հա, իսկ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ի՞նչ են արել։ ՕԵԿ-ը գոնե անկեղծ պաշտպանել է, իսկ մյուս կուսակցությունները ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցել եւ, ըստ էության, ոչ մի քայլ չեն արել, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ին վերատիրանալու շանսից զրկվի։ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանել է 2008 թվականի նախագահական ընտրություններում ու Մարտի 1-ից հետո էլ կոալիցիա է կազմել նրա հետ։
Ասում են, որ Արթուր Բաղդասարյանը ուղիղ եւ անձնական քաղաքական պատասխանատվություն է կրում 2008 թվականի Մարտի 1-ի սպանդի համար, ու ճիշտ են ասում։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն կրում այդ անձնական քաղաքական պատասխանատվությունը։
Ասում են, ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանն է ստեղծել որպես կուսակցություն դեռեւս 90-ականների կեսերին։ Է ճիշտ են ասում, բայց ԲՀԿ-ն էլ Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել, ու եթե ասում են ԲՀԿ-ն դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակից, ինչո՞ւ ՕԵԿ-ը չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի ազդեցության տակից։ Կամ եթե վստահ պնդում ենք (ու ճիշտ ենք անում), որ ՕԵԿ-ը դուրս չի եկել ու չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի ազդեցության տակից, եկեք գոնե վստահ չպնդենք, որ ԲՀԿ-ն դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակից։ Եթե Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարում է, որ ինքը ընդդիմադիր չէ ու չի կարող լինել, որ ինքը քաղաքական գործիչ չէ, եթե մտածում ենք, որ ահա այսպիսի գործիչը կարող է դուրս պրծնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճիրաններից… Արթուր Բաղդասարյանը չորրորդ դասարանից քաղաքականության մեջ է, ԱԺ նախագահ է եղել, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր է։ Եթե նա չի կարող Սերժ Սարգսյանի քաղաքական ճիրաններից դուրս պրծնել, ուրեմն ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը՝ առավել եւս։
Կարդացեք նաև
Ասում են՝ եթե Արթուր Բաղդասարյանը ընդդիմադիր է, ինչո՞ւ են նրան հեռուստատեսություն ունենալու հնարավորություն տվել։ Ճիշտ են ասում։ Բայց չգիտես ինչու՝ այդ նույն փաստարկների մասին չեն հիշում ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մասին խոսելիս, որոնք երկուսն էլ վաղուց արդեն վայելում են հեռուստատեսություն ունենալու հաճույքը։
ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին խոսելիս ասում էին, որ դե հա, էդ ամեն ինչը ճիշտ է, բայց շուխուր չենք անում, որովհետեւ իշխանության մոնոլիտն ենք փլուզում։ Հիմա էդ մոնոլիտից մի կտոր էլ է պոկվել ի դեմս ՕԵԿ-ի, փոխանակ տոնեն այդ իրադարձությունը, ասում են ՕԵԿ-ը ական է ընդդիմադիր դաշտում։ Ճիշտ են ասում է, հարցը դա չէ։ Բա ԲՀԿ-ի դեպքում ինչո՞ւ չեն նկատում, որ նրա ձեռքով ինչ-որ մարդիկ ոչնչացնում են ընդդիմադիր դաշտը, եւ նույնիսկ ընդդիմություն տերմինը հանել են շրջանառությունից, անունը դրել են ոչ իշխանական։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում