ՀՀ կրթության ոլորտում մի քանի բուհ կա, որ մեկ դարին հասնող տարիքով, առաքելությամբ անփոխարինելի դեր է կատարել երկրի տնտեսության համար: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 85 տարի այդ շարքի առջեւից ընթացողներից է: Մեր երկրում բարձրագույն կրթության հիմքերը դնելու առաջին իսկ պահից, միշտ, բոլոր ժամանակներում, երկրի ղեկավարները կարեւորել են ագրարային ոլորտը, աջակցել են գիտության-կրթության այս բացառիկ, այլընտրանքը չունեցող կաճառի ամրացմանն ու զորացմանը: Այս բուհում միշտ էլ շատ լավ գիտակցել են, որ մեր երկրի տնտեսության անկյունաքարի համար են կադրեր պատրաստում: Այդպես է նաեւ հիմա:
Դեռ այն ժամանակ բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը տագնապում էին. ինչպես կարող է ապակուսակցական, չքաղաքականացված կրթօջախի հարեւանությամբ, իսկ ավելի ճիշտ` տարածքում, կուսակցության նստավայր կառուցվել: Արվե՛ց: Ավելին, հիմնվեցին բուհի անմիջական հարեւանությամբ գործելու տեսակետից, անհամատեղելի «հիմնարկություններ». շենքի ներսում տարիներ շարունակ ռեստորան էր գործում, մինչ օրս աշխատում է ցածրակարգ սննդի «բուրավետ» կետը, կան բանկային և այլ գործառնական գրասենյակներ, վաճառատուն…եւ այս ամենը` բուհի տարածքում: Հիմա էլ նոր «միտք են հղացել»` արդեն տարածք գրավելու մասնաշենքերի միջև գտնվող մասում: Բիզնես – նպատակը ստույգ է՝ ընդլայնում, ոչ ավելին, դարձյալ վարձակալության տալու շնորհիվ եկամուտների մեծացման «լուսավոր», գայթակղիչ հեռանկարով:
Նախնական պայմանավորվածությամբ ՕԵԿ «գրասենյակի» նախագիծը պետք է համաձայնեցվեր համալսարանի հետ, ինչը չարվեց, որի արդյունքում 4 հարկի փոխարեն կառուցվեց 8+, որով խախտվեց ոչ միայն ՀԱԱՀ երկու մասնաշենքի, այլեւ Աբովյան փողոցի ճարտարապետական ներդաշնակությունը: Մի կողմ թողնենք, թե ի՞նչ նպատակով էր կառուցվում և այժմ ի՞նչ նպատակների է ծառայում և վերջապես ո՞ւմ է պատկանում շենքը:
Այդ ահռելի շինության ներսում մի՞թե «դահլիճի» համար տեղ չգտնվեց, որ, ցանկանում են նոր տարածք զավթել:
ՕԵ կուսակցության անունը անթերի է. երկիրը օրենքով է կայուն ու զարգացող, եւ օրինապահ պետք է լինենք բոլորս, նաև ՕԵԿ-ականները, այլընտրանք չկա՛: Մենք լիազորված ենք ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության անունից հայտարարելու. վրդովմունք ու զայրույթ` հերթական ոտնձգության դեմ: Այլեւս երբեք, ոչ մի դեպքում, թույլ չենք տալու, որ մի թիզ անգամ վերցվի համալսարանից:
Կարդացեք նաև
Համալսարանի կոլեկտիվի անունից
Աղավարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ
պրոֆեսոր, բարձրագույն մաթեմատիկայի եւ
տեսական մեխանիկայի
ամբիոնի վարիչ
Գերասիմ ԴԱՎԹՅԱՆ
պրոֆեսոր, ԳԷ կազմակերպման
ամբիոնի վարիչ
Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆ
պրոֆեսոր, հիդրոմելիորացիայի
ամբիոնի վարիչ