«Միշտ իր ունեցածով կիսվում էր եղբոր հետ»
«Ռոմանն ամեն ինչի հետ համակերպվում էր, երբեք ոչնչից չէր բողոքում: Չնայած ինքը փոքրն էր, բայց միշտ իր ունեցածով կիսվում էր եղբոր հետ: Շատ հաշտ ու համերաշխ եղբայրներ էին: Ռոմանը շատ լսող ու խելացի երեխա էր»,- այսպիսին է հիշում Գայանեն որդուն:
Ռոման Ղայրամանյանը ծնվել է 1984թ. հուլիսի 19-ին՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում: Ընտանիքի երկրորդ զավակն է:
«Շատ պարզ, աշխույժ, ընկերասեր, անմիջական ու կամեցող տղա էր, – ասում է Գայանեն ու շարունակում, – շատ էր հարգում աղջիկներին, թույլ չէր տալիս, որ որեւէ մեկը նեղացներ նրանց, միշտ պաշտպանում էր»:
Կարդացեք նաև
Ռոմանի հայրը՝ Սարգիս Ղայրամանյանը, պատմում է, որ որդին 8-րդ դասարանից սկսել է աշխատել:
«Ինքը շատ փոքր էր, բայց աշխատում էր, գյուղում կոմբիկեր էր վաճառում. ամբողջ գյուղում իր տարիքի ոչ մի երեխա չէր աշխատում: Ռոմանը շատ աշխատասեր էր. մինչեւ բանակ գնալու նախորդ օրը քարի հանքում էր աշխատում,- ասում է հայրը ու հիշում։– Շատ թասիբով էր. մի անգամ մեր բակից մի խեղճ երեխու վզից ոսկե ցեպը հանել, տարել էին: Ռոմանը, որ իմացավ, շատ բարկացավ, գտավ գողացողին ու ետ բերեց ցեպը, տվեց էդ երեխուն»:
Մայրն ասում է, որ Ռոմանը դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էր վարորդական դասընթացների մասնակցել, սակայն ընտանիքի ֆինանսական սուղ պայմանների պատճառով չկարողացավ ուսումը շարունակել: Հարազատները հիշում են, որ Ռոմանը մեծ ոգեւորությամբ մասնակցում էր ֆուտբոլի խմբակի դասերին:
«Դպրոցում ֆուտբոլի խմբակ կար ու Ռոմանը 6-րդ դասարանից միշտ մասնակցում էր դասերին: Ինքը դարպասապահ էր, լավ էր խաղում, եթե մի օր զլանում էր ու չէր գնում, ընկերները գալիս էին, կանչում, համոզում, տանում էին»,- հիշում է մայրը:
Գայանեն ասում է, որ որդին շատ էր սիրում տոներն ու ամեն անգամ իր ձեռքով բացիկներ էր պատրաստում ու նվիրում:
«Մի տարի Ամանորին շատ նեղն էինք, ունեինք ընդամենը 3 հնդկահավ: Ռոմանն էդ երեք հնդկահավերին տարավ, շուկայում վաճառեց. 30.000 դրամ էր ստացվել, էդ գումարով ամեն ինչ առավ՝ հա՛մ իրան հագնելու, հա՛մ էլ սեղանին դնելու: Կարող ա մեծ տղաս չմտածի էդ մասին, չանհանգստանա, բայց Ռոմանը սիրում էր, որ սեղանը տեղը-տեղին լիներ, ամեն բան պետք ա ունենար, շատ ձգտող էր»,- ասում է մայրը:
Գայանեն հիշում է մի քանի զվարճալի պատմություններ Ռոմանի մանկությունից, որոնք մինչեւ հիմա բոլոր հարազատները հիշում ու ժպիտով պատմում են. «Մի օր փոստատարն էր եկել մեր տուն, Ռոմանը դեռ մանկապարտեզ էր գնում, հանկարծ տեսնեմ՝ վազեվազ եկավ ու ինձ կանչեց՝ մամա՜, թերթալյոնն է եկել, լսել էր, որ ասում էինք «պոչտալիոն»… Մի անգամ էլ Երեւան էինք գնացել, մտել էինք Երիտասարդական մետրո, եկանք գյուղ, չէր կարողանում հիշեր, թե ուր էինք գնացել, ասում էր՝ մտել էինք ջահելություն»:
Ռոմանի եղբոր կինը՝ Ալլան, թեեւ անձամբ ծանոթ չի եղել Ռոմանի հետ, սակայն ասում է, որ գյուղում բոլորը պատմում են, որ շատ աշխույժ, շփվող ու ժպտերես տղա էր Ռոմանը. «Բոլորն էլ ասում են, որ Ռոմանը շատ ջիգյարով էր, ստեղծող, բարեկամասեր, բոլորին կմոտենար, կխոսար, իսկ ամուսինս էդպիսին չի՝ ավելի չխոսկան է, ամաչկոտ: Երեւի, որ Ռոմանը լիներ, երկու եղբայր թեւ ու թիկունք կլինեին իրար ու տունը կվերանորոգեին, էս վիճակին չէր լինի»:
2002-ին Ռոմանն անցնում է ժամկետային զինվորական ծառայության:
Ռոմանի եղբոր դուստրը՝ 5-ամյա Գայանեն, ամեն օր մաքրում է պատից կախված հորեղբոր լուսանկարը: Նրան պատմել են հորեղբոր մասին ու նա փորձում է այդ կերպ վառ պահել նրա հիշատակը, թեեւ ոչինչ չի խոսում նրա մասին:
Ռոման Ղայրամանյանը զոհվել է 2004թ. մարտի 24-ին, ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով: Նա 19 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Լուսանկարում` Ռոմանը՝ եղբոր հետ:
«Առավոտ» օրաթերթ
16.07.2014