Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբանի կարծիքով՝ մինչեւ երեխա ունենալը պետք է որոշել՝ ցանկանո՞ւմ եք նրա հետ շփվել

Հուլիս 17,2014 14:13

Չկա հատուկ սահմանում, թե ծնողներն օրվա ընթացքում քանի ժամ պետք է անցկացնեն իրենց երեխաների հետ: «Առավոտի» հերթական հարցումները

24-ամյա Լիանան միշտ սրտատրոփ սպասում է աշխատանքային ժամի ավարտին, որպեսզի րոպե շուտ հասնի ու գրկի իր փոքրիկին: «Եթե ինձ մնար, նրա կողքից երբեք չէի հեռանա, շատ խեղճ են նրա աչքերը, երբ ինձ է սպասում»,- ասում է նա: Իսկ 25-ամյա Մերին նշում է. «Ամբողջ օրն աշխատում եմ, շատ ուշ եմ տուն վերադառնում: Երեխայիս տեսնում եմ օրական ընդամենը 4 ժամ, բայց առնվազն մեկ ժամ խաղում եւ զբոսնում եմ նրա հետ»:

Փաստորեն, հայտնի չէ, թե ծնողներն օրվա ընթացքում քանի ժամ պետք է անցկացնեն իրենց փոքրիկների հետ:

Սակայն հոգեբանները պնդում են՝ ծնող-զավակ առողջ փոխհարաբերությունները երեխայի կայուն զարգացման հիմքն են: Կարեւորը ոչ թե ժամերի քանակն է, այլ որակը: «Հնարավոր է, որ ամբողջ օրը ծնողները լինեն իրենց երեխաների կողքին, բայց իրականում երեխայի հետ շփում տեղի չունենա»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Նրա կարծիքով. «Որքան փոքր է երեխան, այնքան պետք է մեծ լինի ծնողների հետ անցկացրած ժամանակը: Բայց հաճախ փոքրիկի հետ շփումը փոխարինվում է խնամքով, որը սահմանափակվում է ընդամենը ֆիզիկական պահանջների բավարարմամբ (երեխային հագցնում են, կերակրում եւ այլն)»:

Շատ ծնողներ պատճառաբանում են, թե իրենք գերծանրաբեռնված են աշխատում եւ նույնիսկ ցանկության դեպքում ի վիճակի չեն մի փոքր երկար ժամանակ հատկացնել իրենց երեխաներին:

Մեր այս դիտարկմանը 28-ամյա Սոնան ասում է. «Ինքս երեխայիս համար եմ աշխատում, որ նա ոչ մի բանի պահանջ չունենա, բայց հավատացեք, լինում են օրեր, երբ տուն վերադառնալիս միայն մտածում եմ քնելու մասին»:

«Եթե ծնողը պատճառաբանում է, թե չի հասցնում շփվել երեխայի հետ, որովհետեւ պայմաններն են մեղավոր, ինքը հոգնած է, պետությունը պետություն չի եւ այլն, մենք որեւէ բան փոխել չենք կարող: Ծնողն ինքը պետք է պատասխանատվության զգացում ունենա, որ անկախ իր ծանրաբեռնվածությունից, ժամանակ հատկացնի իր փոքրիկին»,- նշում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Իմ այն դիտարկմանն էլ, որ հաճախ հայրերն են ձեռնպահ մնում իրենց ժամանակն անցկացնել փոքրիկների հետ՝ նրանց դաստիարակության հարցը թողնելով միայն կանանց ուսերին, հոգեբանը պատասխանում է. «Հայկական կարծրատիպ է՝ տղամարդն իր զգացմունքներն արտահայտելու առումով պետք է ավելի զուսպ լինի: Սա գենդերային անհավասարության դրսեւորում է: Տղամարդկանց դաստիարակում են մի փոքր ավելի սառը (սա բոլորին չի վերաբերում): Եթե երիտասարդն իր երեխայի հետ սկսի թավալ գալ գորգի վրա, կգտնվի մոտ 10 հոգի, ովքեր կնախատեն՝ «էս ի՞նչ ես անում, հո դու լակո՞տ չես»: Տարիների ընթացքում իմաստություն ձեռք բերելով՝ տղամարդիկ հասկանում են, որ իզուր են զսպել իրենց զգացմունքները եւ արդեն սկսում են ավելի ազատ արտահայտվել»:

Ըստ հոգեբանի՝ տղամարդու դաստիարակության պակասից երեխայի մոտ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ. ինքնագնահատականի անկում, անինքնավստահություն, իսկ ամենից առաջ կտուժի նրա բնականոն զարգացումը: «Հայրը դադարում է կատարել իր գործառույթը, նույնն է, թե ամուսնալուծված լինեին»,- ասում է Անուշ Ալեքսանյանը:
Հոգեբանը գտնում է նաեւ, որ մինչ երեխա ունենալը պետք է մտածել ոչ թե որպես ծնող կայանալու մասին, քանի որ այդպես է ուզում միջավայրը, այլ այն՝ արդյո՞ք այդպես են ուզում իրենք. «Ծնող դառնալու ցանկությունն իր մեջ պարունակում է որոշ ցանկություններ, օրինակ՝ ինչ-որ մեկի նկատմամբ խնամք եւ հոգատարություն տածելու փափագ՝ թեկուզ հոգնածության գնով: Նրանք պետք է նաեւ հասկանան՝ արդյո՞ք ցանկություն ունեն շփվել իրենց փոքրիկի հետ»:

Երեխայի հետ շփումը պետք է երկուստեք հաճելի եւ հետաքրքիր լինի: Ծնողը, ըստ հոգեբանի, ինքը պետք է ցանկություն եւ պահանջ ունենա շփվել իր փոքրիկի հետ: Եթե կա ցանկություն, կա նաեւ հնարավորություն: Ժամանցը ճիշտ կազմակերպելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս հետեւել սեփական նախասիրություններին: «Թյուր է այն կարծիքը, որ երեխաներին դուր են գալիս միայն մանկական վայրերը: Իրականում երեխաներին հետաքրքիր է այնտեղ, որտեղ հետաքրքիր է նրանց ծնողներին: Ծնողն իր երեխայի հետ կարող է գնալ համերգների եւ միասին վայելել հաճելի ժամանց: Նրանք կարող են գնալ նաեւ ձկնորսության, գեղեցկության սրահ եւ այլն»,- եզրափակում է Անուշ Ալեքսանյանը:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031