Ադրբեջանի հետ հարաբերությունների առաջնահերթությունը
ՀԱՊԿ-ի անդամ գործընկեր Հայաստանի նկատմամբ
Եվրասիական միությունում եւ Մաքսային միությունում Ղարաբաղի հիմնախնդրի թեմայի շոշափումն արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է: Սակայն պակաս կարեւոր չէ մեկ այլ կառույցի` Հայաստանի հանդեպ պարտավորությունների հարցը:
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որը ժամանակ առ ժամանակ անդամ երկրների անվտանգության հարցերում աջակցության ծրագրերի մասին է բարձրաձայնում, սակայն քար լռություն է պահպանում հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի լարվածության առիթով, երբ կոնկրետ հայկական գյուղերն են գնդակոծվում ադրբեջանական կողմից: Հետաքրքրականն այն է, որ այս տարվա ապրիլի 3-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հանդիպման մասնակիցները Հայաստանի նախաձեռնությամբ համատեղ հայտարարություն ընդունեցին Սիրիայում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները խորը մտահոգություն էին հայտնել եւ խստորեն դատապարտել էին «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը։
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին, կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
2013թ. մայիսի 27-ին Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն էին ընդունել, որում անդրադարձել էին նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. «ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:
Կարդացեք նաև
Անցյալ տարի սեպտեմբերին աշխատանքային այցով Սոչիում գտնվող Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ ունեցած ելույթում քննադատեց ՀԱՊԿ անդամ որոշ երկրների՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների համար։ «Մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը եւ ինքնորոշմանը եւ տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաեւ համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում եւ ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել էր Սերժ Սարգսյանը: «Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ: Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»,- հավելել էր Ս. Սարգսյանը։
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը որեւէ հայտարարություն չի տարածում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմաններում արձանագրված լարվածության ֆոնին: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել: ՀԱՊԿ-ի կողմից «խորհրդավոր» լռությունը Լեռնային Ղարաբաղի հարցում միանգամայն հասկանալի է:
ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ երկրներ են, իսկ այդ կազմակերպությունը ԼՂ հարցում ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում։ Բացի այդ, Ղազախստանն ու Ղրղըզստանը նաեւ Թուրքալեզու պետությունների միության անդամ են, ու այս երկրների իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Դե, իսկ ոչ մահմեդական մյուս երկու երկրները՝ Ռուսաստանն ու Բելառուսը, Ադրբեջանին պարբերաբար զենք են վաճառում։
Օրերս ադրբեջանական կայքերը տեղեկացրին, որ բելառուսական Tetraedr ընկերությունը, որը մասնագիտացած է հեռանկարային ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծման եւ ՀՕՊ-ի միջոցների արդիականացման մեջ, արդեն իսկ Ադրբեջանին հատկացրել է «Ստիլետ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու մարտկոց: Այս տեղեկությունը հայտնել էր ընկերության ներկայացուցիչ Իգոր Նովիկը: «Ստիլետ» ԶՀՀ-ն արդեն իսկ գտնվում է Ադրբեջանի սպառազինությունում, որի հետ Tetraedr-ը համագործակցում է ավելի քան 10 տարի: Նովիկը հավելել էր, որ այդ երկու մարտկոցի մատակարարումից հետո ներկայումս իրենք աշխատում են Ադրբեջանի համար ավելի խոշոր պատվեր կատարելու վրա: «Ստիլետ» համալիրն օգտագործում է «երկիր-օդ» դասի T382 տիպի հրթիռներ, որոնք ունակ են խոցել 250-10.000 մետր բարձրության վրա ընկած օդային թիրախները: «Ստիլետը» ունակ է ռադիոէլեկտրոնային միջոցներով միաժամանակ հայտնաբերել 48 օդային թիրախի եւ դրանց հետեւել 28 կիլոմետր հեռավորությունից: Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի` միայն 2012-ին Բելառուսը Ադրբեջանին է վաճառել 62 միավոր Տ72 տեսակի տանկ եւ 1 հատ Սու 25 ռազմական օդանավ։
Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ակնհայտորեն միայն բիզնես շահով չի պայմանավորված: Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում բարդությունների ի հայտ գալը փաստեց, որ այս երկրները միասնական դիրքորոշում ունեն, հետեւաբար նրանք ցուցաբերում են նաեւ քաղաքական նպատակներ` ի ցույց դնելով Ադրբեջանի հետ հարաբերությունների առաջնահերթությունը ՀԱՊԿ-ի անդամ գործընկեր Հայաստանի նկատմամբ: Ցավալին այն է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար նույնպես գերակա են ոչ թե Հայաստանի, այլ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ու Ադրբեջանի շահերը:
Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին հրապարակել այն մասին, թե Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենիթ հրթիռներ մատակարարել: Այս առիթով բավական ուշագրավ էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի գնահատականները: Նա նախ նկատել էր, թե տեղեկություն չունի, որ Ֆրանսիան սպառազինություն է վաճառում Ադրբեջանին կամ տարածաշրջանի որեւէ երկրի, ապա հավելել էր, թե անհավանական է նման տեղեկությունը, քանի որ Ֆրանսիան հարգում է ստանձնած պարտավորությունը՝ զենք չվաճառել հակամարտող կողմերին. «Նման բան լինել չի կարող, որովհետեւ, կարծում եմ, ինքնին պարզ իրողություն է, որ Ֆրանսիան, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երկիր, չի կարող չհարգել կամ չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կամ հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից, եւ որոնք հետեւյալն են՝ ձեռնպահ մնալ կամ կտրականապես մերժել այն գաղափարը՝ զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չի հետեւում նման կոնվենցիային եւ զենք է վաճառում հակամարտող կողմերին, Ռենոն դիվանագիտական պատասխան էր տվել. «Իմ իրավասության մեջ չի մտնում մեկնաբանել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունները։ Ինքներդ շատ լավ գիտեք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ այդպիսի ստրատեգիական գործընկերության համատեքստում իրենք ունեն բոլոր միջոցները եւ գործիքները յուրաքանչյուր անգամ իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնելու, քննարկելու եւ զարգացնելու համար»,- նշել էր նա։
Անրի Ռենոյի հայտարարությունը իրականում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների առնչությամբ բավական թափանցիկ ակնարկ էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկի` Ռուսաստանի, որպես հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդի, քաղաքականությունը իսկապես անհասկանալի է: Թե եվրասիական, թե ՀԱՊԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատներում ստացվում է, որ հենց Ռուսաստանն է ամենաանկանխատեսելին` խաղաղության հաստատման եւ հակամարտող կողմերին խաղաղության մոտեցնելու ճանապարհին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2014
Հայաստանը դուրս պիտի գա ՀԱՊԿ-ից ու ռուսական բազան դուրս պիտի վռնդի Հայաստանից: Սա՛ է Հայաստանի (և Արցախի) երկարաժամկե՛տ անվտանգության հասնելու ուղին:
ՀԱՊԿ-ը ձևական մի կառույց է,որը Հայաստանին թույլ չի տալիս ԻՍԿԱԿԱՆ գործընկերներ ունենալ: Դա ԲԼԵՖ է,որ մոտ 5000 ռուսական զինվոր իբր թե կարող է «Հայաստանին պաշտպանել ‘թուրքից’»:
Սերժիկ բռնակալ, լավ էլ զենք բռնել գիտես, գնա երկիրդ պահիր, եթե ունես, ինձ վրա հույս մի դիր, դու իմ և համայն մարդկության թիվ մեկ թշնամին ես:Ինչքան ես ինձ պատանդ պահելու, անձնագիրս տվեք, ինձ գերի մի պահեք, ֆաշիզմի մուտանտներ:
Ֆաշիզմն իմ հույսի*ն է:Ես ֆաշիզմի թշնամին եմ:Այլ խնդիր է, որ սա իմ հողն է, այդ ֆաշիզմն իմը չէ: