Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունը բլեֆների կոնգլոմերատ է ստեղծել, եւ այդ փուչիկները հերթով պայթում են»

Հուլիս 17,2014 14:50

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրի ղեկավար Հայկակ Արշամյանի հետ

Սկիզբը

– Իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը՝ բնակչության խորը ապատիան, արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ բազմաթիվ խնդիրները եւ այլն, մեղմ ասած, նախանձելի չէ: Տեսնո՞ւմ եք որեւէ գործնական, ոչ տեսական ուղի՝ դրանից դուրս գալու համար:

– Միգուցե հնարավոր լուծում կարող է լինել բոլոր այն քաղաքական եւ քաղաքացիական ուժերի, անհատների, որոնք մտածում են հայոց պետականության պահպանության մասին, համախմբումը՝ մեկ միասնական հարթակով: Կարծում եմ, որ դա հնարավոր է ձեւավորել, որովհետեւ վստահ եմ, որ թե՛ հասարակության, թե՛ ընդդիմության, թե՛ նույնիսկ իշխանությունների մեջ կան մարդիկ, անհատներ եւ ուժեր, որոնք երկրի նման վիճակն անընդունելի են համարում:

– Որեւէ սպասելիք ունե՞ք աշնանը քառյակի կողմից նախատեսված «հուժկու» հանրահավաքից:

– Ճիշտն ասած, ինձ համար տարօրինակ էր, որ երբ երկրում ներքին եւ արտաքին մարտահրավերների առումով իրավիճակն այնպիսին է, որ օր եւ ժամ առաջ պետք է որոշակի գործողություններ ծավալել, արագ արձագանքել, հանկարծ Հայաստանի քաղաքական չորս ուժերը որոշում են դա թողնել սեպտեմբերին: Ես դա կապում եմ սեպտեմբերի 21-ի հետ, առնվազն ՀԱԿ-ը ամեն տարի այդ օրը անում է հանրահավաք, ու այս տարի կլինի հերթականներից մեկը: Տարվա մեջ մեկ-երկու հուժկու հանրահավաք է լինում, մարդիկ ոգեւորված գնում են, որոշակի քայլերի եւ ծրագրերի են սպասում, սակայն կուտակված էներգիայի հողանցում է լինում, եւ հիասթափված վերադառնում են տուն: Ես չեմ ասում, որ հենց հիմա վեր կենան, քայլեր անեն կամ սկսեն աջուձախ ջարդել, ամենօրյա միտինգներ անել… բայց մարդիկ ծրագրեր չեն տեսնում, տեսնում են զուտ քննադատություն եւ ուրիշ ոչինչ: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում տեսել ենք հետեւյալը՝ այս իշխանությունը շատ վատն է, եթե մենք գանք, ավելի լավը կլինենք, բայց թե ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ եւ այլն՝ պարզ չի: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ քառյակի մեջ գտնվող որոշ ուժեր ընդամենը Ռուսաստանին ամեն անգամ մեսիջ են ուղարկում՝ եթե մենք գանք, ձեզ ավելի լավ կծառայենք: Ժողովուրդը այս 20-25 տարվա մեջ բավականին իմաստացել է եւ տեսնում է, որ այսօրվա դաշտում եղած հիմնական խաղացողները իշխանությունը վերցնելու եւ լուրջ փոփոխություններ անելու պատրաստակամություն չունեն:

– Ռուսաստանից կտրվելու որեւէ հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ես կտրվելու խնդիր չեմ տեսնում, տեսնում եմ ՌԴ հետ արժանապատվորեն բանակցելու եւ բարիդրացիական հարաբերություններ ունենալու խնդիր, որը մենք տարեցտարի կորցրինք՝ սկսած «Գույք պարտքի դիմաց» ծրագրից, որն ի վերջո բերեց Հայաստանի այսպիսի սարսափելի կախմանը Ռուսաստանից: Ուզում եմ մի դիտարկում ներկայացնել. խոսքս արհեստական արեւմտամոլության եւ ռուսամոլության մասին է: Մարդկանց մեջ արհեստականորեն բորբոքում են որեւէ երկրի կամ ժողովրդի նկատմամբ հավատ կամ ատելություն: Նման մաքսիմալիստական վերաբերմունքը որեւէ երկրի կամ ժողովրդի հանդեպ ընդունելի չէ ինձ համար: Հիմա արեւմտամետություն կոչվածը ինչ-որ ձեւով մարել է Հայաստանում, եւ բոլորը հանկարծ դարձել են Ռուսաստանի եւ Պուտինի ջատագովներ, պնդում են, որ մեր փրկությունը ՌԴ հետ լինելն է միայն: Առաջարկում եմ, որ հետեւեն Արեւելյան Ուկրաինայի վերջին դեպքերին, թե ինչպես Ռուսաստանը դավաճանեց այն մարդկանց, ում գործուղել էր Արեւելյան Ուկրաինա՝ անջատողական տրամադրություններ զարգացնելու համար: Եվ նույնը լինելու է Հայաստանում: Զուգահեռներ անցկացրեք Մաքսային միության հարցով ՌԴ սկզբնական կոչերին եւ քաղաքականությանը եւ տեսեք, թե հիմա, երբ արդեն լրիվ հանձնվել է Հայաստանը եւ ասում է, որ պատրաստ է, նույնիսկ գերարագ տեմպերով է պատրաստվել դրան, հանկարծ սկսեց անընդհատ ձգձգվել այդ պրոցեսը: Որովհետեւ Ռուսաստանը այլ նպատակներ ուներ՝ Արեւելյան գործընկերության քաղաքականության փչացումն ու Ասոցացման համաձայնագրի ստորագրման խափանումը, նաեւ՝ ՀՀ իշխանություններին իր ազդեցության ոլորտ բերելը: Բոլոր խնդիրները նա մեծ հաջողությամբ լուծեց, իսկ հիմա Հայաստանի մուտքը Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միություն արդեն իր համար կարեւոր չէ, դրանք արդեն երկրորդական խնդիրներ են, որովհետեւ Ուկրաինայի դեպքերը ամբողջությամբ տապալեցին մինչեւ այդ Ռուսաստանի նախանշած գլոբալ պլանը:
Մի նկատառում էլ եմ ուզում անել: Իր վերջին այցերի ընթացքում Սերժ Սարգսյանը բոլոր եվրոպական երկրներում, նախորդ շաբաթ էլ՝ լատինաամերիկյան երկրներում տարօրինակ առաջարկներ է անում՝ առաջարկում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ որպես կամուրջ Մաքսային միության եւ իրենց միջեւ: Հայաստանը այդ գործընթացները դեռ չի ավարտել, այդ միության անդամ չէ, եւ նման առաջարկները առնվազն զավեշտալի են: Այդ բոլոր երկրներն արդեն իսկ ունեն երկկողմ հարաբերություններ Մաքսային միության երեք երկրների հետ, ինչո՞ւ պետք է նրանց հետաքրքրի միջնորդավորված կապը, այն էլ Հայաստանի միջոցով: Հայաստանի արտաքին քաղաքականության մեխը Քոչարյանի ժամանակներից դարձել էր Ցեղասպանության ճանաչումը, եւ մեր ողջ արտաքին քաղաքականությունը հիմնված էր դրա վրա: Հիմա այդ անկյունաքարը կարծես մոռացվել է, եւ մի նոր անկյունաքար են փորձում կերտել, որը իսկական փուչիկ է՝ Մաքսային միության եւ աշխարհի մյուս երկրների միջեւ կապող օղակ լինելը: Սա ՀՀ իշխանությունների հերթական բլեֆների շարքից է: Վերջին մի քանի տարում բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, արտաքին, ռազմական, մեր իշխանությունները բլեֆների կոնգլոմերատ են ստեղծել, եւ այդ փուչիկները հերթով պայթում են, ու սա հերթականն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031