Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ «դաշնակաբար»

Հուլիս 17,2014 14:58

«Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը խոստովանում է՝  20-25 տոկոս ստվեր է ունեցել, կողմ է «սպիտակ դաշտում» աշխատելուն, բայց դժգոհ է՝  շահույթը քիչ է, ծախսերը չի փակում:

«Քայլեր արվում են. փաստաթղթերն են ստուգվում, ամեն ինչ արվում է, որպեսզի փաստաթղթաշրջանառությունը լիարժեք լինի, մեքենաներով տեղափոխվող բոլոր ապրանքները փաստաթղթերով համապատասխանեն: Ես տեղյակ եմ, որ հուլիսի մեկից դա ակտիվ կատարվում է ֆինանսների նախարարության կողմից»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով ստվերի դեմ պայքարի՝ կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք. վարչապետը հայտարարել էր, որ հուլիսի մեկից կառավարությունը ստվերի դեմ պայքարի ծրագիր է իրականացնելու: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն էլ հայտարարել էր, որ նախարարությունն առանձնացրել է ռիսկային ոլորտները, կազմվել է տնտեսվարողների երկու ցուցակ. տնտեսվարողներ (1200-1300 ընկերություն), որոնք ընդունել են ստվերի առկայությունը եւ պատրաստակամություն են հայտնել իրականացնել ապրանքաշրջանառության փաստաթղթավորում, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, բարելավել հարկային վճարումները, եւ տնտեսվարողներ, որոնք հայտարարել են, թե ամբողջովին գործում են հարկային դաշտում, «սպիտակ են»: Անուններ, սակայն, չեն հրապարակվել:

Արդյունքների մասին խոսելը Հակոբ Հակոբյանը դեռ վաղ է համարում: Գոնե եռամսյակ պետք է ամփոփվի: Հարցին՝ իսկ ի՞նչ ակնկալել այդ քայլերի արդյունքում, մոտավոր պատկերացումներ ունե՞ք այն մասին, թե ի՞նչ կշահի պետբյուջեն այդ քայլերից, Հակոբ Հակոբյանն ասաց, որ չի ցանկանում գուշակություններով զբաղվել. «Ամիսը կամ եռամսյակը կամփոփվի, օգուտներն ու վնասները կերեւան: Բնականաբար, օգուտ կանի, չափսը կերեւա: Ֆինանսների նախարարությունը կհայտարարի»: Սեփականատեր-պատգամավորին հորդորեցինք բյուջետային մուտքերի մոտավոր հաշվարկ ներկայացնել կոնկրետ բիզնեսների մասով, որոնք ինքն է կառավարում: Թվային տվյալներ Հակոբյանը չուներ: Ասաց՝ հանրապետությունում չի եղել, նոր է վերադարձել, հաշվարկներ չի արել դեռ: «Բայց կոնկրետ գարեջրի հետ կապված՝ ասեմ. 2013 թվականի հուլիսի մեկից գարեջրի եւ որոշ ապրանքատեսակների վրա մարկաներ են փակցվում: Ոչ մի արտադրող իրավունք չունի առանց մարկայի ապրանք վաճառել: Բնականաբար, այստեղ ստվերի մասին խոսելը ճիշտ չէ: Եթե ստվեր լինի, ապրանքն առանց մարկայի պետք է լինի, բայց առանց մարկայի ապրանք, այսօր մեր ժողովուրդը տեսնում է, խանութներում գոյություն չունի: Համենայնդեպս, գարեջրի մասով եմ ասում»,- ասաց Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնական խնդիրն իր համոզմամբ՝ փաստաթղթաշրջանառության հետ է կապված. «Դա լուրջ խնդիր է: Գործարանն այսօր աշխատում է առանց ստվերի, հարյուր տոկոսանոց ցույց է տրվում, բայց շատ տնտեսվարողներ, շատ խանութներ կան, որոնք փաստաթուղթ չեն ուզում կամ շրջանառության հարկով են աշխատում, իրենց փաստաթուղթ պետք չի, չեն մտնում էդ փաստաթղթի տակ, եւ մեր կազմակերպությունը բավականին խնդիրներ է ունենում իրացման հետ կապված: Պահանջարկ կա, բայց մենք իրացման ծավալների խնդիր ենք ունենում, քանի որ դիմացինին այդ փաստաթուղթը պետք չէ: Էդ խնդիրը մենակ մենք չունենք, բոլորն էլ ունեն: Երբ ամիսը կամ եռամսյակը ամփոփվի, ավելի ռեալ կերեւա ամեն ինչ: Կարծում եմ՝ ԱԺ-ում էլ քննարկումներ կլինեն, էնտեղ արդեն ավելի պարզ կխոսենք՝ լավին լավ կասենք, վատին՝ վատ»:

«Առավոտի» հարցին՝ որտեղի՞ց է գոյացել 50 տոկոս ստվերի պաշտոնական թիվը, եթե բոլոր խոշոր կառավարիչները պնդում են, որ միշտ «սպիտակ դաշտում» են աշխատել, մի՞թե բացառապես միջին եւ ներքին օղակներն են ստվերային դաշտում, գործարար-պատգամավորը պատասխանեց. «Չէ, բնականաբար, ստվերը տնտեսվարողների մոտ է, բիզնեսում է: Մեզ մոտ ինչի եմ ասում՝ չկա, որովհետեւ անցած տարվա հուլիսի մեկից հետո եթե ցանկանանք էլ, չենք կարող ստվերում աշխատել: Եղել է 20-25 տոկոս ստվեր: Ես դա երբեք չեմ թաքցրել, ցանկացած շրջանակում էլ ասել եմ: 20-25 տոկոսը ես համարում եմ չափավոր ստվեր: Իսկ չափավոր ստվերը… ծախսեր կան, որոնք դու չես կարողանում անել, որը վնասում է քո տնտեսությանը: Այդ ստվերով կարողանում ես հոգալ: Իսկ հիմա դա չկա: Իհարկե, խնդիրներ ունենք, դժվարանում ենք: Նախկինում հեշտությամբ լուծել ենք որոշ հարցեր, հիմա չենք կարողանում»: Թե ինչ հարցերի մասին է խոսքը՝ Հակոբ Հակոբյանը չմանրամասնեց: Հարցին էլ՝ մի՞թե շահույթը կրճատելով հնարավոր չէ լուծել այդ հարցերը, պատասխանեց. «Շահույթը այսօր մեր երկրում այդքան մեծ չի: Արդեն երկրորդ անգամն է հոսանքը թանկանում, գազի գինը թանկացավ, իսկ արտադրանքի գները շատ չնչին են աճում կամ չեն աճում: Դրա համար պետք չի ասել՝ շահույթն այնքան մեծ է, որ կարող ես ամեն ինչ ծածկել դրանով»: Դիտարկմանը՝ այդ դեպում ինչո՞ւ տնտեսվարողները չըմբոստացան հոսանքի կամայական թանկացման դեմ, Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ խորհրդարանական լսումների ժամանակ ինքը բավական ակտիվորեն հարցեր է բարձրացրել, ու դա այն ամենն էր, ինչ կարող էր անել. «Բայց որոշողը ես չէի»: Ի դեպ, նա միաժամանակ չհամաձայնեց, որ հոսանքի վերջին թանկացումը կամայական էր, եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջնորդվեց «վերեւից իջեցված պատվերով»: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը «բավական լավ մեկնաբանեց» այդ հարցերը. «Եթե իրենք բավական խորությամբ անալիզ արած չլինեին, այդ 3,8 դրամը կարող էր լինել 5,8 կամ 6 դրամ»:

Հարցին՝ իսկ ի՞նչ է պատրաստվում անել ինքն իբրեւ սեփականատեր, ով թեպետ դրական է գնահատում ստվերի դեմ պայքարի կառավարության քայլերը, սակայն փաստում է, որ խնդիրների առջեւ է կանգնած, Հակոբ Հակոբյանն ասաց. «Ի՞նչ ենք անելու: Համագործակցելու ենք պետության հետ, որպեսզի կարողանանք երկիրն այս իրավիճակից հանել»: Նաեւ հավելեց, որ իր համոզմամբ՝ անցումն առավել հեշտ կլիներ, եթե շրջանառության հարկի նվազեցման կիրառումը գործարկվեր նախքան փաստաթղթաշրջանառության կարգավորումը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի մեկից շրջանառության հարկը խանութների համար երեք տոկոսից նվազեցվելու է մեկ տոկոսի, ինչը մեր զրուցակիցը բավական դրական քայլ է համարում:

«Առավոտի» դիտարկմանը՝ կառավարության քայլերն առավել վստահություն չէի՞ն ներշնչի եւ ավելի հավաստի չէի՞ն լինի, եթե մի քանի աղաղակող փաստերի մասով գոնե տույժեր կիրառվեին, այլապես «եղբայրաբար» պայմանավորվել առաջիկայում «մաքուր» աշխատելու մասին մի փոքր լուրջ չէ, սեփականատեր-պատգամավորն ասաց. «Ցանկացած խախտման դեպքում էլ տույժեր կիրառվելու են: Եթե կա խախտում, դրան համապատասխան տույժ էլ կա: Եթե խախտումներ լինեն, կարծում եմ՝ կկիրառվեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031