Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներն ուզում են իրենց տները «հանձնեն» Ալեքսանյանին

Հուլիս 17,2014 14:30

Մալաթիա համայնքի Շրջանային փողոցի բնակիչները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի արեւով են երդվում, բնակիչներն իրենց «փրկությունը» նրա հետ են կապում: Բանն այն է, որ երբ մոտ 2 տարի առաջ պատգամավորը սկսեց «Մալաթիա» բուժկենտրոնի վերանորոգումն ու նոր մասնաշենքի կառուցումը, սկսեցին լուրեր շրջանառվել, որ Ալեքսանյանն ուզում է ձեռք բերել հիվանդանոցին հարող Շրջանային փողոցի մի հատված, որտեղ բնակելի տներ են: Բնակիչները լսել են՝ այդ փողոցի մի մասը շուտով իրացման գոտի է հայտարարվելու, ու այն ձեռք է բերելու Սամվել Ալեքսանյանը՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Մոտ 2 տարի է, ինչ բնակիչներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են իրենց տարածքը «հանձնելու» Ալեքսանյանին: Այս գործարքը ձեռնտու է մի շարք բնակիչների, քանի որ նրանց տները հիմնականում շատ հին են, կիսախարխուլ, մի քանի ընտանիքներով ապրում են մի փոքրիկ տան մեջ: Իսկ եթե պատգամավորը գնի տարածքն ու սեփականատերերին փոխհատուցում տա, ապա նրանք հույս ունեն, որ կկարողանան նոր բնակարաններ ձեռք բերել: Այս փողոցի բնակիչներն իրենց տները չեն վերանորոգում, կարծում են՝ ուր որ է՝ օտարվելու է տարածքը, այն ընտանիքներում էլ, որտեղ 2-3 եղբայրներ են ապրում՝ ընտանիքներով, չեն առանձնանում, որովհետեւ կարծում են՝ եթե առանձնանան հայրական օջախից, Ալեքսանյանի փոխհատուցումից իրենց բաժին չի հասնի:

Malatia_bujkentron-6

Մալաթիայի Շրջանային փողոցի այս տները բնակիչներն ուզում են Սամվել Ալեքսանյանին վաճառել:

Malatia_bujkentron-5 Malatia_bujkentron-3

«Աստված տա, սիրուն տղեն՝ Ալեքսանյանը, շուտ առնի էս տարածքը, բարեգործություն արած կլինի մեզ համար, հավաբներում ենք ապրում, ամաչում ենք մարդ հրավիրենք տուն, էնքան անհարմար տներ են: Համարյա սաղի տները պատը պատին կպած ա, իրար շալակի հելած, հարեւանի էրեխու լացը, կնգա ճղճղոցը, հարեւանի մարդու քֆուր-քյաֆարը՝ սաղ լսում ենք»,- «Առավոտին» պատմեցին բնակիչները: Որ տարածքը իրացման գոտի է լինելու, բնակիչների հույսը թարմացրել են վերջերս Երեւանի քաղաքապետարանից բնակիչներին կատարվող հեռախոսազանգերը: «Զանգել են, ներկայացել քաղաքապետարանից ու հարցուփորձ արել, թե քանի մետր է տան տարածքը: Ես, օրինակ, ասեցի՝ 600 մետր, մեկ էլ էդ զանգողն ասեց՝ հա, տենց էլ գիտեի, ում զանգում ենք, բոլորն ասում են՝ 600 մետր: Բայց թե ինչի համար են հետաքրքրվում, տենց էլ չպատասխանեցին»,-ասաց բնակիչներից մեկը:

Մինչ բնակիչները «ոտքները կախ են գցում» ու խուսափում են վերանորոգել իրենց տները, Երեւանի քաղաքապետարանում Շրջանային փողոցը իրացման գոտի հայտարարելու մասին որեւէ խոսակցություն չի ընթանում: «Առավոտին» քաղաքապետարանից վստահեցրին, որ ներկայումս նշված փողոցի օտարման մասին քննարկումներ չկան:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031