Գյումրու տարբեր մտավորականների` բանկերի կառավարիչների, սեյսմոլոգների, ակտիվ հասարակական գործիչների ջանքերով ստեղծված «Ռոտար»-ի ակումբը, որը գործում է 15 տարի, աննախադեպ ծրագիր է սկսել Գյումրիում: Ֆրանսախոս երիտասարդների մտահորիզոնը ընդլայնելու, Հայաստանի մասին գիտելիքները խորացնելու, ինչպես նաև եվրոպական արժեքներին առավել խորությամբ ծանոթացնելու, նրանց լեզուն ճկուն դարձնելու նպատակով «Ռոտար»-ի ակումբը 3 շաբաթ է` բացել է այսպես ասած ամառային դպրոց: Այստեղ մոտ 20 ֆրանսախոս երիտասարդներին հյուրընկալվում են հետաքրքիր ու հայտնի դեմքեր, օրինակ` այսօր նրանց մոտ էր ճանաչված թարգմանիչ Սամվել Գասպարյանը, որը իր հետ բերել էր ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն իր նոր բառարանը: Նրանք էլ իրենց հերթին մեկնում են արշավների, այցելում թանգարաններ:
Ծրագրի պատասխանատու Մարտին Փաշայանի ասելով, իրենք այս միջոցով գյումրեցի երիտասարդների համար պատուհան են բացում դեպի Եվրոպա , իհարկե` ի շահ Հայաստանի: Իսկ «Ռոտար»-ի ակումբի հիմնադիրներից մեկը` Լյովա Գասպարյանը, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ակումբը ոչ քաղաքական է , ոչ կուսակցական, այլ Գյումրու տարբեր մասնագիտությունների լավագույն ներկայացուցիչներ հավաքվելով փորձում են գործել ի շահ քաղաքի:
«Գյումրիում մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, այս ծրագիրը արտասովոր է նրանով, որ դրսից ոչ մի օգնություն չկա, ֆինանսավորում չկա, Գյումրու ակումբի մեր ընկերների ու ֆրանսիական մեկ-երկու կազմակերպության օգնությամբ կարողացանք իրականացնել այս հարթակը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Գասպարյանը:
Ի դեպ, ակումբի մի մասում հայկական հարթակն է` Հայաստանի դրոշը, քարտեզը, տեղեկատվություն մեր երկրի մասին, իսկ մյուս մասում` ֆրանսիական է, այս երկու անկյունները միմյանցից բաժանում է Շառլ Ազնավուրի մեծ դիմանկարը:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ