Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 17 միլիոն դրամ հատկացնել «Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերoթիկի» եւ «Նորքի տուն-ինտերնատի»տանիքի վերակառուցման աշխատանքների իրականացման համար:
Այս մասին տեղեկանում ենք հուլիսի 17-ի կառավարության նիստի օրակարգից: Վաղը կառավարության հաստատմանը կներկայացվի այս առաջարկը:
Հատկացվող գումարից, ինչպես նշված է կառավարության կայքէջում, 6 միլիոն 639 հազար դրամը ծախսվելու է «Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերoթիկի» մարզադահլիճի եւ հանդիսությունների սրահի տանիքի վերակառուցման նպատակով: Իսկ 10 միլիոն 489 հազար դրամը` «Նորքի տուն-ինտերնատի» ճաշարանի, մարզադահլիճի եւ հանդիսությունների սրահի տանիքի վերակառուցման համար:
Գումար ստանալու անհրաժեշտությունը սոցապ նախարարությունը հիմնավորում է հետեւյալ հանգամանքով.«Գիշերօթիկ հաստատությունում շուրջօրյա խնամք են ստանում շուրջ 70 երեխաներ, իսկ Տուն ինտերնատում խնամվում են շուրջ 230 տարեց: Ուժգին քամու հետեւանքով վնասված տանիքներից շարունակական անձրեւների հետեւանքով խոնավանում են մասնաշենքերը, խաթարվում է շահառուների բնականոն խնամքը: Անհրաժեշտություն է առաջացել շուտափույթ վերակառուցել նշված 2 հաստատությունների մասնաշենքերի տանիքները»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ