Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարազատ քաղաքում զբոսաշրջիկ լինելն արտասովոր զգացողություն էր». ռեժիսոր

Հուլիս 16,2014 21:15

«Մենք հաճախ ենք կարդում այնպիսի պարզ ճշմարտություններ, ինչպես, օրինակ, «կյանքը հիասքանչ է», «կյանքն ակնթարթ է, որը պետք է գնահատել», «ապրիր ներկայով և ոչ թե վաղվա օրվա մասին մտածելով» և այլն, և այլն: Մենք այդ ամենը կարդում ենք տարբեր գրքերում, ամսագրերում, համացանցում, բայց կարդում ու անցնում ենք: Եվ ես որոշեցի իմ «Աստղ» ֆիլմով ցույց տալ, որ կյանքը այսօրն է և ոչ թե վաղը: Սա ֆիլմ է կյանքի մասին»,- ասում է մոսկվաբնակ հայ կինոռեժիսոր Աննա Մելիքյանը, որի «Աստղ» ֆիլմը նույնպես ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

17 տարեկանում Երևանից Մոսկվա տեղափոխված և այնտեղ մշտական բնակություն հաստատած Ա. Մելիքյանը հիմա ավելի հաճախակի է լինում հայրենիքում: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մոտ 15 տարվա բացակայությունից հետո առաջին անգամ Հայաստան վերադառնալիս շատ տարօրինակ և ոչ այնքան հաճելի զգացողություններ է ունեցել. «Երբ առաջին անգամ էի մասնակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, Հայաստան եկա ռուսական պատվիրակության հետ, և ինձ տեղավորեցին հյուրանոցում՝ որպես հյուր, զբոսաշրջիկ, շատ արտասովոր զգացողություն էր:

Տարօրինակ էր հարազատ քաղաքում զբոսաշրջիկ լինելը»,- ասաց Ա. Մելիքյանը՝ նկատելով, որ շատ է կապված Հայաստանին, և այդ կապվածությունն զգացվում է նաև իր ֆիլմերում. «Երբ կարճամետրաժ ֆիլմեր էի պատրաստում, իմ ուսուցիչ Սերգեյ Սոլովյովն ասում էր՝ դե ինչ, տեսնում ենք հերթական հայկական ֆիլմը… Սկզբում ես նեղանում էի՝ ինչպե՞ս թե հայկական, չէ՞ որ ռուս դերասաններ են, լեզուն ռուսերենն է, նկարահանման վայրը Մոսկվան է և այլն: Ես այն ժամանակ չէի հասկանում, թե նա ինչու էր իմ ֆիլմերն հայկական համարում, բայց հիմա հասկանում եմ: Այո´, դրանք հայկական ֆիլմեր են, որովհետև իմ ֆիլմերը ես եմ, իսկ ես հայ եմ»:

Ռեժիսորն ասում է, որ ֆիլմ նկարահանելիս ֆիլմի գաղափարի մասին առանձնապես չի մտածում. «Պարզապես ներկայացնում եմ այն, ինչ ծնվում է գլխումս, իսկ հիմնական ասելիքն հետո է գալիս՝ ընթացքում»,- ասաց նա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031