Կապանում վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է օգոստոսի 1-ից հացի գինը թանկանա, ինչն էլ հարուցել է մարզկենտրոնի բնակիչների դժգոհությունը: «Ոնց չմտահոգվես, իբրեւ էս վերջին թանկացումները քիչ էին, մի հատ էլ հացն են ուզում թանկացնեն, ի՞նչ անուն տաս սրան …», – վրդովված տոնով ասաց կապանցի տիկին Անժելան:
«Բարեշեն» արտադրական կոպերատիվի նախագահ Սոս Թումանյանից ճշտեցինք, թե արդյոք շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, իրենց արտադրամասը ե՞ւս նախատեսում է հացի գինը թանկացնել: Զրուցակիցս նշեց, որ դեռեւս նման որոշում չի կայացվել, Կապանի հացաթխման արտադրամասի տնօրերններն հանդիպել են եւ այդ հարցը քննարկել: «Այս պահին հացի գնի թանկացում չենք նախատեսում, դեռ նման որոշում չենք կայացրել, առաջիկայում կրկին ժողով կլինի, կմասնակցենք ու վերջնական պարզ կլինի արդեն ամեն ինչ», – նշեց Սոս Թումանյանը:
«Զանգեզուր հասկ» ՍՊԸ պատասխանատու Արամ Գրիգորյանն էլ պարզաբանեց, որ հացի գնի հնարավոր թանկացումը պայմանավորված է գազի, էլեկտրաէներգիայի, աղի, ալյուրի եւ այլ անհրաժեշտ ապրանքների թանկացմամբ:
«Հացի գնի թանկացման մասին հստակ որոշում չենք կայացրել, հացարտադրողներով ընդամենը հանդիպել ենք, մտքեր փոխանակել: Աղից սկսած ամեն ինչ թանկացել է, մեկ պարկ ալյուրը 3 դոլարով թանկացել է. անցած տարվա սկզբին եղել է 11 հազար 800 դրամ, այս տարի դարձել է 13 հազար դրամ: Գազը, էլեկտրաէներգիան թանկացել է, ամեն ինչ կախված է այդ թանկացումներից, աշխատողների աշխատավարձերն էլ պետք է բարձրացնենք: Ես ինքս էլ բնակիչ եմ, բացի այն որ հացարտադրող եմ, ուղղակի այնպիսի իրավիճակ է, որ ուրիշ տարբերակ չկա: Այնպես չէ, որ այսօր որոշեցինք պետք է անենք, մենք էլ ենք հասկանում, որ ժողովրդի համար ծանր է», -նշեց Արամ Գրիգորյանը:
Հացի գնի հնարավոր թանկացմանն անդրադարձել եւ իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում անընդունելի համարելով նման որոշումը:
Կարդացեք նաև
«Ի գիտություն Կապանի հացաթխման արտադրամասերի սեփականատերերին տեղեկացնում եմ, որ եթե իրականությանը համապատասխանեն օգոստոսի 1-ից հացի գները բարձրացնելու լուրերը, ապա մարզային իշխանության պատասխանը չի ուշանալու: Ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում այդ քայլը անընդունելի եմ համարում եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ դրան մի քանի օրվա ընթացքում կհաջորդի նոր հացաթխման արտադրամասի գործարկումը` բոլոր հետեւանքներով», – տեղեկացրեց Սյունիքի մարզպետը:
Նշենք, որ այսօր խանութներում վաճառվող 600-800 գրամ կշռով հացը կապանցիները գնում են 240 դրամով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Սրա հիմքայի՛ն պատճառն այն է,որ Հայաստանը իր ազգային անվտանգություն համարվող էներգետիկ դաշտի ողջ հսկողությունը հանձնել է «բարեկամ» Ռուսաստանին,որը Հայաստանի դեմ իրականացնում է էներգետիկ քաղաքական շանտաժ: Հայաստանի հանդեպ Ռուսաստանի թիվ մեկ նպատակը թույլ ու հայաթափված Հայաստան ստեղծելն է,որ հայը մնա ռուսից հավերժ կախված:
Դե արի ու աշխարհին բացատրիր որ՝ Հայաստանը սահմանակից է աշխարհում ամենաշատ գազ ունեցող Իրանին ու ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ (իբր թե «ավելի էժան») գազ է ներկրում Ռուսաստանից:
Իսկ ինչ վերաբերում է Կապանին. ես չեմ հասկանում, թե Կապանում ինչ տնտեսական համակարգ է գործում: Անկեղծ չեմ հասկանում:
Կոնկրետ այս հարցում՝ դա ճիշտ քայլ է, որ մարզպետը/մարզպետարանը սպառնում է միջամտել: Ընդհանրապես՝ մարզպետը շատ ու շատ հաճախ պիտի սպառնա միջամտել՝ ամենատարբեր հարցերով: