Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են գյումրեցիները թաղ առ թաղ` հարևաններով, արտագաղթում Ֆրանսիա. (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 20:09

Այսօր Aravot.am-ը ֆրանսերենի ճանաչված մասնագետ, Գյումրու  ֆրանսիական թեքում ունեցող հայտնի դպրոցներից մեկի` թիվ  10–րդի նախկին տնօրեն Մարտին Փաշայանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ֆրանսիան այդպես ձգում գյումրեցիներին, որ թաղ առ թաղ տեղափոխվում են բնակության եվրոպական այս երկիր: Նշենք, որ օրինակ` Գյումրու կենտրոնական Տեքստիլագործների թաղամասի բնակչության մեծ մասը հիմա ապրում է  Ֆրանսիայում, հարևանները հերթով տանում են մնացածներին:

IMG_3058

Ի պատասխան մեր հարցի` պարոն Փաշայանը հաստատեց, որ գյումրեցիների թիվը Ֆրանսիայում իրոք մեծ է, իսկ պատճառը, ըստ նրա, այն է, որ Գյումրին ֆրանսախոսների քաղաք է եղել, շատերը ազատ տիրապետում են այս լեզվին և ոտք դնելով Ֆրանսիա` անմիջապես աշխատանքի են տեղավորվում: «Գյումրին միշտ ֆրանսախոսների քաղաք է եղել, հատկապես 1946 թվականից հետո, երբ բազմաթիվ ֆրանսահայեր կամ ինչպես ասում էին` նորեկներ, ախպարներ հաստատվեցին Գյումրիում: 60-ական թվականներին Գյումրու դպրոցներում ֆրանսերեն էին դասավանդում Ֆրանսիայից եկած հայերր` շատ հայտնի մասնագետներ, նրանց շնորհիվ շատերի լեզուն բացվեց… Դա էլ շատ օգնեց Ֆրանսիայում դրսևորվելու:

Ես ինքս 36 անգամ եղել եմ Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեցարիայում, ֆրանսախոս տարբեր երկրներում, բայց երբեք չեմ ցանկացել գնալ Հայաստանից: Մենք հասուն ենք, չենք գնում, իսկ 20-25 տարեկան երիտասարդին էս պայմաններում պահելը դաժանություն է… Եթե մեր զավակները այստեղ, չեմ ասում գերազանց, Եվրոպայի նման պայմաններ, այլ մինիմում  պայմաններ ունենան աշխատանքային և կենցաղի, շատ քչերը կգնան Ֆրանսիա: Իսկ այնտեղ դրսևորվելը հեշտ է, եթե դու ֆրանսախոս տնտեսագետ ես, բժիշկ ես, անմիջապես աշխատանք կգտնես : Ես քաղաքականության մեջ չկամ, բայց շատ դեմ եմ Հայաստանի դատարկվելուն, այս մասին մտածել է պետք»

Մեր այն հարցին էլ, թե մտավորականնե՞րն են հիմնականում Գյումրիից , մեկնում ու հաստատվում Ֆրանսիայում , մեր զրուցակիցն ասաց. «Նաև միջին խավը, ով ծանոթ գտնում, գնում է…»:

Մարտին Փաշայանի ասելով, Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում հիմնավորված հայերը մեծ պաշտոններ են զբաղեցնում բոլոր բնագավառներում, իսկ Ֆրանսիայի պառլամենտը բոլոր ժամանակներում հայ պատգամավորներ է ունեցել: «Մեր շատ խելացի, տարբեր մասնագիտությունների, տարբեր բնագավառների մարդիկ, էստեղ տեղ չգտնելով, հեռանում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում դրսերում , դա հայկական մի հիվանդություն է: Թարիվերդիևին Երևանի կոնսերվատորիայից վռնդեցին, դարձավ ռուսական մեծություն»:

Ի դեպ, Մարտին Փաշայանի տեղեկացնելով, 1993 թվականից սկսած Ֆրանսիայի հայտնի համալսարաններում սովորում են 50 –ից ավելի գյումրեցիներ, որոնց, մեծ մասը, ցավոք հիմնավորվել են հենց այնտեղ:

Մանրամասները`տեսանյութում

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Այդ ով?պետք է գա ու Գյումրիում լավ պայմաններ ստեղծի,որ գյումրեցիները չարտագաղթեն:Ինչու? մեզ միշտ թվում է,թե դրսից մեկը պարտավոր է գալ և մեր տանը կարգուկանոն ստեղծի,որ մենք առոք-փառոք ապրենք:Եթե խելոք եք դուք ստեղծեք այդ պայմանները:Օրինակ,Գյումրին տեքստիլագործների քաղաք էր,և եթե մեկ-երկու ֆաբրիկա գործարկվի,գյումրեցիներն իրենց իսկ արտադրած ապրանքները գնեն և օգտագործեն,այլ ոչ թե թուրքականը,կամաց-կամաց արտադրությունը կաշխուժանա,աշխատատեղեր կստեղծվեն:Թե չե,մի կողմից դժգոհում եք,որ անօթևանների համար բնակարաններ չեն կառուցում,մյուս կողմից,բնակարանը ստանում,վաճառում եք ու արտագաղթում:Որն է? տրամաբանությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031