Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համայնքներում առկա ջրի խնդրին լուծում կտրվի

Հուլիս 16,2014 19:40

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են խմելու և ոռոգման ջրի, խոտի մթերման, հողօգտագործողների պարտավորությունների մարման և 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Ոռոգման ակտիվ ժամանակահատվածում հանրապետության շատ համայնքներում խմելու և ոռոգման ջրի խնդիր կա, ինչը, առկա հիմնախնդիրների հետ միասին, պայմանավորված է նաև տեղումների նվազմամբ: Տեղումների նման քչություն երկար տարիների ընթացքում Արցախում չի արձանագրվել, ըստ վարչապետի ունեցած տեղեկությունների` տեղումներ չեն սպասվում նաև առաջիկայում: Արա Հարությունյանի գնահատմամբ` ստեղծվել է արտակարգ  իրավիճակ, ինչը հաղթահարելու համար  պետք է միջոցներ ձեռնարկել:

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել համայնքներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հանրապետության 56 համայնքներում խաթարված է կենտրոնացված ջրամատակարարումը: Ըստ շրջվարչակազմերի ղեկավարների` չնայած բնակչությունը ապահովված է խմելու ջրի նվազագույն պաշարներով, այնուամենայնիվ, խնդիրը հրատապ լուծում է պահանջում:  Առանձին համայնքներում վիճակն առավել վատթար է, որոնց մասով  կմշակվեն առանձին նախագծեր, կստուգվեն և անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն պոմպակայաններ, կուսումնասիրվեն տեղանքները` արտեզյան ջրհորներ փորելու համար:

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ` «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ կողմից կնախաձեռնվեն համապատասխան միջոցառումներ, որպեսզի ջրի խնդիր ունեցող բնակավայրերի բնակիչներին` շնչին օրական մոտ 100-120լ ջուր մատակարարվի: Մնացած համայնքներում ջրի հետ կապված խնդիրները կլուծվեն շրջվարչակազմերի և համայնքապետերի միջոցներով և առաջարկվող տարբերակներով:

Վարչապետը հանձնարարել է համայնքներում ավարտել հաշվիչների տեղադրման գործընթացը, միաժամանակ երկու սակագին   սահմանել` որոշված ծավալից ավելի շատ ջուր օգտագործելու դեպքում նվազեցնելով սակագինը: Երկու սակագնի ներդրմամբ հնարավոր կլինի վերահսկել և կառավարել առկա  ջրային պաշարները:

Խորհրդակցությանը քննարկվել է նաև ոռոգման ջրի բաշխման հարցը: Հանձնարարվել է ոռոգման ջուրն ուղղել  հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաների, պտղատու այգիների  և ծխախոտի  պլանտացիաների մշակմանը: Ջրի կորուստներից խուսափելու համար առաջարկվել է հետագայում ոռոգման ենթակա տարածքների համար սահմանել համապատասխան չափորոշիչներ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև անասնակերի մթերման աշխատանքների ընթացքը: Շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցել են հավաքագրված պաշարների, ինչպես նաև ակնկալվող պակասորդի վերաբերյալ: Ըստ զեկուցումների՝ տեղական պաշարները հիմնականում բավարարելու են առկա պահանջարկը, իսկ պակասորդի առկայության պարագայում, վարչապետի հանձնարարականի համաձայն, գյուղացիներին ցուցաբերվելու է համարժեք աջակցություն:

Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է բերքահավաքի արդյունքները: Նրա խոսքով՝ առայսօր հնձվել է շուրջ 45 հազար հեկտար ցորենի դաշտ, իսկ միջին ցուցանիշները գոհացուցիչ չեն: Ըստ կառավարության ղեկավարի՝ ընթացիկ տարին աննախադեպ անբարենպաստ է եղել հացահատիկային մշակաբույսերի համար, և երաշտը նշանակալիորեն ազդել է բերքահավաքի արդյունքների վրա: Անդրադառնալով շուկայում գործող ցորենի գնին՝ վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը» 1 կգ ցորենը մթերելու է 150 դրամով` կանխելու համար ցորենի գնի անկումը:

Ա. Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամկետում տվյալներ և առաջարկություններ ներկայացնել հաջորդ տարվա գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: Նրա խոսքով՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա անբարենպաստ եղանակը՝ գործադիրն զգալի աջակցություն ու արտոնություններ է տրամադրելու հողամշակներին: Այդ աջակցությունը կարող է լինել թե՛ վարկերի մարման ժամկետների հետաձգման, թե՛ համապատասխան հարկերից ազատելու, թե՛ սերմացուի և այլ նյութական միջոցների տեսքով:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031