Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես նույնիսկ մեկ օրով «չեմ բացակայել» պատերազմից». Ջիվան Ավետիսյանը՝ «Թևանիկի» ստեղծման շարժառիթների մասին

Հուլիս 16,2014 18:44

«Սա ֆիլմ է, որը դատապարտում է պատերազմը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: «Թեկուզ դու պատերազմի դաշտում կամ առաջին գծում չես, բայց տեսնում ես, թե «օդում կախված պատերազմն» ինչպես է անդրադառնում ճակատագրիդ վրա, ինչպես է խեղում մանկությունդ:

Պատերազմի ժամանակ հայրս և եղբայրս եղել են առաջին գծում, իսկ մայրս, քույրս ու ես՝ նկուղում: Իմ մանկությունն անցել է նկուղային գորշ գույների մեջ: Մայրս մոմի լույսի տակ գիրք էր կարդում ինձ համար, որպեսզի ես չապրեմ այն, ինչ շրջապատում էր մեզ: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահել ֆիլմով պատմել արցախյան ազատամարտի մասին, որովհետև նույնիսկ մեկ օրով «չեմ բացակայել» պատերազմից»…

Ջ. Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը ևս ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

tevanik

Երեք մասից բաղկացած ֆիլմի առաջին մասում ներկայացված է ներդաշնակ մի ընտանիք, որն ստեղծված իրավիճակում ստիպված է բաժանվել, և մանուկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը: Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է… Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ, մեկ օրում՝ խաղաղությունից պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի վերջին՝ երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում…

Սա է ֆիլմի ընդհանուր սյուժեն:

Թվում է՝ առանցքում պատերազմն է, բայց Ջ. Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ պատերազմն ու մյուս իրադարձությունները ֆիլմում որպես ֆոն են ծառայել. «Առանցքում մարդն է: Եվ շեշտը դրված է մարդկային ճակատագրի վրա, մարդ որն ապրում է կյանքի, մահվան, սիրո, բաժանման եզրագծում»,- ասաց ռեժիսորը և նկատեց, որ ֆիլմում արծարծված շատ խնդիրներ մինչև օրս էլ արդիական են, թեև ավելի, քան քսան տարի է անցել:

Ջ. Ավետիսյանն ասաց նաև, որ հնարավոր ամեն բան արել է, որպեսզի ֆիլմը «հասանելի» լինի բոլորին. «Ուզում եմ, որ ոչ միայն հայը, այլև օտարը հասկանա, թե ինչու ես ու ինձ նման հազարավոր մարդիկ ունենք գորշ մանկություն և ինչու ենք մինչև օրս կրում պատերազմի հետքերը,- ասում է ռեժիսորը,- որովհետև, անկախ նրանից, ես Փարիզում եմ արթնանում թե Երևանում, միևնույն է, ես արթնանում եմ այն ամենով, ինչ զգացել ու տեսել եմ պատերազմի տարիներին»:

Ջ. Ավետիսյանը նպատակ ունի Ղարաբաղի մասին էլի ֆիլմեր նկարահանել. «Այնպես չէ, որ ես ղարաբաղցի եմ, դրա համար էլ ուզում եմ՝ Ղարաբաղի մասին ֆիլմեր շատ լինեն,- ասում է ռեժիսորը,- ես, պարզապես, ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե մենք ինչ ենք ապրել: Ինձ համար շատ կարևոր է ստեղծել «ազնիվ» կինո, իսկ «ազնիվ» կինոն ուզում եմ, որ լինի Ղարաբաղի մասին»:

Ջ. Ավետիսյանը պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել՝ «Վերջին բնակիչը» խորագրով, որը դարձյալ արցախյան շարժման մասին է, բայց «Թևանիկի» հետ կապ չունի:

Ռեժիսորը վստահեցնում է, որ արցախյան պատերազմի հետ կապված հարյուրավոր պատմություններ կան, որոնք արժանի են ֆիլմ դառնալու, բայց, նրա դիտարկմամբ, շատ քչերն են Ղարաբաղի մասին ֆիլմեր նկարահանում:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031