Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում հարկավոր է կալանավորների մասին ֆիլմ նկարահանել»

Հուլիս 16,2014 17:39

Այսօր «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսորներ Ռոբերտո Էռնանդեսի և Ջեֆրի Սմիթի «Ենթադրյալ մեղավորը» ֆիլմի դիտումն ու հանրային քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին արտասահմանյան կինոգետներ Ադամ Միխնիկը և Ռիչարդ Պենյան, լրագրող Զարուհի Մեջլումյանը, փորձագետ Ավետիք Իշխանյանը և այլք:

«Ենթադրյալ մեղավորը» մեքսիկացի երիտասարդի կյանքի իրական պատմությունն է, որին անհիմն մեղադրում են մարդասպանության մեջ ու դատապարտում քսան տարվա ազատազրկման: Ի վերջո, համառ ջանքերի շնորհիվ երիտասարդը կարողանում է վերականգնել արդարությունն ու ազատ արձակվել:

Կինոգետ, կինոքննադատ Ռիչարդ Պենյան նշեց, որ մեքսիկացի տղայի օրինակով ֆիլմի ռեժիսորները բարձրաձայնել են կարևոր թեմա, որն արդիական է ոչ միայն Մեքսիկայում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ այսօր բանտերում շատերը անարդարացիորեն են կալանավորված, և հենց այդ պատճառով է ֆիլմը լայն տարածում գտել:

Հարցին, թե արդյոք Հայաստանում էլ է հնարավոր նմանատիպ փաստավավերագրական ֆիլմ նկարահանել, փորձագետ Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Հայաստանում ուղղակի հարկավոր է կալանավորների մասին ֆիլմ նկարահանել:Այստեղ ներկայացված ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես մի խումբ երիտասարդներ համառության շնորհիվ կարողանում են հասնել լավ արդյունքի, մինչդեռ նման համառությունը պակասում է մեզ՝ հայերիս: Առաջ գնալու համար բավական շատ ռեսուրսներ են պետք. Հայաստանում համեմատաբար պաշտպանված են այն մարդիկ, որոնք քիչ թե շատ ֆինանսապես ապահովված են ու կարող են լավ փաստաբանի դիմել: Իսկ նման հնարավորություն չունեցող հարյուրավոր անձինք այդպես էլ կարող են արդարության չհասնել: Շատերը կասեն, որ այստեղ անհնար է բարձրաձայնել անարդարացիորեն կալանավորվածների թեման.մեզ կլռեցնեն, թույլ չեն տա արխիվային փաստաթղթերը հրապարակել: Իսկ ես կարծում եմ, որ առանց փորձելու պետք չէ հանձնվել: Մենք արդեն իսկ Զարուհի Մեջլումյանի հետ միասին որոշակի քայլեր ձեռնարկում ենք. բարձրաձայնում ենք կալանավորների խնդիրները, հետաքննություն ենք վարում ու արխիվային փաստաթղթեր վերանայում»:

Զարուհի Մեջլումյանն էլ հավելեց. «Դատապարտյալների իրավունքներով սկսել եմ զբաղվել ցմահ դատապարտյալների Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի երկրորդ փախուստից հետո: Այս միջադեպը ստիպեց լրագրողական հետաքննություն սկսել, արխիվային փաստաթղթերը ուսումնասիրել, ինչի արդյունքում ես իրար հակասող շատ տեղեկությունների հանդիպեցի: Հիմա էլ տարբեր կալանավորների դեպքերով եմ զբաղվում: Իմ՝ «Տասնմեկ ճակատագիր.լսեք մեր ձայնը» անունը կրող ֆիլմաշարում վերջին ամիսներին դատարանական արխիվներում կատարված իմ լրագրողական հետաքննություններն են, որտեղ տեսնում ենք, թե ինչպես է դատարանը, համոզված չլինելով մարդու մեղավորության մեջ, անարդարացիորեն նրան մահապատժի ու ազատազրկման դատապարտել: Նման ֆիլմերն իսկապես կարող են ազդել մարդու կյանքի վրա և ճակատագիր փոխել»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031