Այսօր` հուլիսի 16-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, հայկական բանակի պահեստազորի փոխգնդապետ Վահե Մեսրոպյանի «60 հոդված 60 ամյակին» գրքի շնորհանդեսը: Վահե Մեսրոպյանը հայտարարեց, որ գրքում, բացի 60 հոդվածից, կան նաեւ թարգմանություններ՝ արված ռուսերենից եւ անգլերենից, հայտարարություններ եւ իր 2 պատանեկան հուշերը. «Հոդվածներ սկսեցի գրել, երբ մեկնեցի Ամերիկա: 2008 թվականից բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց Հայաստանի Հանրապետությունում, սփյուռքում կատարվող ցանկացած իրադարձության համար չէի կարող անտարբեր լինել»:
Նա նշեց, որ 60 հոդվածները բաժանել է որպես լրատվություն, որ կատարվում է հեռուստատեսությամբ` առաջին բաժնում քաղաքական թեմաներն են, հետո`
համայնքային թեմաներ, լրագրողական հակադարձումներ, հետաքրքրական թեմաներ, իսկ վերջում` սպորտային հոդվածներ.
«Առաջին հոդվածը, որ ես գրել եմ, կոչվում է «Civilicide»: Երբ որ ես ներկայացրեցի, խմբագրությունում էլ հետաքրքրվեցին այդ բառով եւ հայտնաբերեցին, որ ոչ մի անգլերեն բառարանում այդ բառը գոյություն չունի: «Civilicide» ես անվանել եմ հանցագործություն քաղաքակրթության դեմ»:
«Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը համարում է, որ Վահե Մեսրոպյանը ԱՄՆ-ից է տեղեկատվական պատերազմի մեջ մտնում Ադրբեջանի հետ: Նա համարում է, որ դա մեկ այլ կարեւոր ռազմաճակատ է, եւ պարոն Մեսրոպյանը հրաշալի է իրականացնում դա, իսկ գիրքը դրա ապացույցն է: Անդրադառնալով գրքի առաջին հոդվածին` «Civilicide»-ին, պարոն Կարապետյանը նկատեց, որ Վահե Մեսրոպյանը, անգլերենին լավ չտիրապետելով, ստեղծել է նոր բառ.
«Կապված է հայկական թերթերի հետ, թերթերում հրապարակում է իր նյութերը եւ դրա պակասը չի զգում: Իսկ հիմա էլ եկել է Հայաստան ներկայացնելու այս 6 տարիների ընթացքում իր արածը, եւ ինքը կարող է հպարտանալ` 60-ամյակին 60 հոդվածով: Հրաշալի գիրք է, խորհուրդ կտայի ավելի լավ ծանոթանալ, կարդալ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ