Հունիսի 23-ին, երբ ոստիկանները բավականին կոպտորեն ճնշեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիներին, նրանցից ոմանք հաղորդում ներկայացրեցին՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: Հարուցվեց քրեական գործ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գործով արդեն իսկ տուժող է ճանաչվել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը, ում այսօր հրավիրել էին Հատուկ քննչական վարչություն (ՀՔԾ): «Առավոտի» հետ զրույցում Անին պատմեց, որ այսօր ՀՔԾ-ում քննիչը պաշտոնապես տեղեկացրեց, որ նա տուժող է ճանաչվել: Ըստ լրագրողի՝ այս գործով տուժողների թիվը 17-ն է, դրանք այն քաղաքացիներն են, ովքեր ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ հաղորդում էին ներկայացրել ոստիկանության Երեւանի վարչություն հենց դեպքի օրը՝ հունիսի 23-ին, ոմանք էլ՝ դեպքից հետո: Եղել են նաեւ մարդիկ, ովքեր հաղորդում չեն ներկայացրել, սակայն դիմել էին բուժօգնություն ստանալու, եւ նրանք էլ են ներգրավվել որպես տուժող:
Անին ասաց, որ տեղյակ չէ, թե քանի հոգի է արդեն հարցաքննվել, սակայն գիտի, որ այժմ ընթանում է հարցաքննությունների փուլը: Այսօր նա ՀՔԾ էր գնացել օպերատոր Սարգիս Գեւորգյանի հետ, որը նույնպես տուժող է ճանաչվել նույն գործով, ՀՔԾ-ում տեսել է ակցիայի մասնակից եւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված եւս մի երիտասարդի:
Անիին հարցաքննել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վահագն Մուրադյանը, որն այսօր լրագրողին տեղեկացրել է, որ երկու քրեական գործերը, որ հարուցվել էին, միացվել են եւ կքննվեն մեկ վարույթով:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ երկու քրեական գործ էր հարուցվել հունիսի 23-ի դեպքերի առիթով: Մեկը հարուցվել էր Անի եւ Սարգիս Գեւորգյանների հաղորդման հիման վրա, մյուսը՝ մնացած քաղաքացիների: Անիի եւ Սարգիսի հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 2-րդ մասով եւ 164 հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) 3-րդ մասով: Իսկ մյուս քաղաքացիների հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ միայն Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա:
«Չորրորդ իշխանության» լրագրողը նկատեց, որ այս անգամ շատ արագ իրեն ճանաչեցին տուժող՝ ի տարբերություն փետրվարի, երբ ոստիկան Վարդան Գեւորգյանը փորձել էր խլել Անիի տեսախցիկը, իսկ հետո էլ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը հենց բաժնում հարվածել էր լրագրողին . «Այդ դեպքի հետ կապված գործ հարուցվեց, չորս ամիս քննություն ընթացավ, բայց այդպես էլ այդ չորս ամիսների ընթացքում ինձ տուժող չճանաչեցին, այնինչ կային տեսագրություն եւ ցուցմունքներ… Եվ այդ ամեն ինչից հետո այդ գործը ուղղակի կարճվեց»:
Կարդացեք նաև
Չնայած Անին կարծում է, որ այս փուլում հնարավոր չէ տրամաբանություն գտնել նախաքննական մարմնի գործողությունների մեջ, եւ մտածում է, որ ՀՔԾ-ում գործը կընթանա այնպես, ինչպես վերեւից կհրահանգեն, այդուհանդերձ արձանագրում է փաստը, որ շատ արագ տուժող է ճանաչվել, եւ շեշտում, որ պատրաստվում է օրենքի ընձեռած բոլոր միջոցներով պայքարել՝ հանցագործություն կատարած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար. «Եվ շատ կցանկանայի, որ մյուս բոլոր քաղաքացիներն էլ, որ տուժել են ոստիկանների բռնություններից, նույնպես առաջնորդվեն այդ սկզբունքով: Բռնություն կատարած ոստիկանները պետք է անպատիժ չմնան»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարը՝ Սահակ Մուրադյանի