Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շքամուտք» ֆիլմը 90-ականներից հետո կորսված մարդկային ջերմության մասին է

Հուլիս 16,2014 17:04

Յուրաքանչյուր օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որն սկսում է ապրել շքամուտքի դռներից մեկի հետևում: Այս շքամուտքում արժևորվում են կորցրածն ու գտածը: Աստիճաններով վեր ու վար անող մարդկային ճակատագրեր, որոնք սկսում են 90-ականներին, իսկ հետևանքները ձգվում են մինչև օրս՝ հիմնովին փոխելով մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, մտածողությունն ու նույնիսկ բնավորությունը: Հին շքամուտքը միահյուսում է մարդկային ճակատագրեր, որոնք վերածնվում են նոր ժամանակի մեջ: Հինգ պատմություն՝ ջերմության, կորստի, դավաճանության, պայքարի ու հավատի մասին…

Եթե ընդհանուր գծերով ներկայացնելու լինենք, ապա այսպիսին է Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմը, որը նույնպես ընդգրկված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
«Շքամուտքը» Լ. Սարգսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, և ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շատ բնական է համարում ֆիլմի մասին դրական, բացասական, ինչպես նաև քննադատական կարծիքները, որոնք անհրաժեշտ են սկսնակ ռեժիսորներին:

Ինչ վերաբերում է ֆիլմի ընդգրկած ժամանակաշրջանին՝ 90-ականներից մինչև մեր օրեր, Լ. Սարգսյանն ասաց, որ 90-ականները շատ կարևոր էին մեզ համար, և «Շքամուտք»-ում հատկապես ընդգծված են այն հոգևոր ուժն ու պայքարը, որոնք օգնեցին մարդկանց 90-ականներից գալ-հասնել մեր օրեր:

Ռեժիսորի խոսքով՝ այն առաջին հերթին ֆիլմ է մարդկային ջերմության մասին. «Ես փորձել եմ արժևորել այն ջերմությունը, որը կար 90-ականներին, և որը կորցրինք մենք ժամանակի ընթացքում,- ասում է Լ. Սարգսյանը,- հուսով եմ, որ ֆիլմում հաջողվել է տալ այդ ջերմությունը, և այսօրվա երիտասարդությանն այն բավականին ասելիք կունենա, որովհետև կյանքի ռիթմը շատ է փոխվել այսօր, և մարդկային տեսակն էլ է փոխվել»:
Լ. Սարգսյանն ասում է, որ փորձել է իրականությանը հնարավորինս մոտ պատմություններ ու կերպարներ ստեղծել: Իսկ հինգ նովելներից բաղկացած ֆիլմի 2-3 նովելն իրական հիմք ունեն:

Ինչպես նշեց ֆիլմի ռեժիսորը, շքամուտքը սիմվոլիկ տարածք է, որը միավորում է տարբեր մարդկանց, բայց այդ մարդիկ միմյանց հետ կապված են ավելի շուտ ժամանակաշրջանով ու հոգեբանությամբ, քան հարևանական կապերով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031